Արցախյան պատերազմի լեգենդար հրամանատարներից մեկը՝ Սասուն Միքայելյանը, մտադիր է ազատամարտիկների նոր միություն ստեղծել՝ հենվելով նաև ամիսներ շարունակ ընդվզող զինակիցների բազայի վրա ու հետապնդելով իշխանափոխության խնդիր։
Քաղաքականապես ակտիվ ազատամարտիկներն, անշուշտ, կարող են զբաղվել քաղաքականությամբ, սակայն դա պետք է անեն կուսակցությունների, քաղաքական խմբերի միջոցով։ Օրինակ, ողջունելի է, որ նույն Սասունը, Նիկոլ Փաշինյանի ու մյուսների հետ, հանդես եկավ քաղաքական–քաղաքացիական նախաձեռնությամբ։
Պետք են նաև միություններ, որոնք միավորում են ազատամարտիկներին։ Այդ միությունները, սակայն, պետք է հետապնդեն հասարակական խնդիրներ, սոցիալական հարցեր, իշխանության գործունեությունը վերահսկելով՝ չդնեն իշխանության ձևավորման, փոփոխության խնդիր։ Մի խոսքով՝ ազատամարտիկների միությունները չպետք է խառնվեն քաղաքականությանը, որովհետև, այդ դեպքում՝ քաղաքականության մասնակից է դառնում ոչ թե մարտական ուղի անցած, բայց այսօր հստակ քաղաքական ասելիք ունեցող քաղաքացին, այլ՝ «հրացանավոր մարդը»։
Դա նենգափոխում է քաղաքականությունն, արժեզրկում ազատամարտիկների միավորումը։
Լավ կլիներ, որ ԵԿՄ–ն տարիների ընթացքում՝ իրեն «չծանրաբեռներ» «քաղաքական քաշով»։
Այդ դեպքում՝ միությունն ավելի համախմբված կլիներ ու ավելի արդյունավետ կծառայեր իր կանոնադրական խնդիրներին։
Այսօր ազատամարտիկներից շատերն ունեն սոցիալ–քաղաքացիական խնդիրներ, որոնց Սասունն, անշուշտ, տեղյակ է։
Եթե նա իր զինակիցներին փորձում է միավորել՝ այդ խնդիրները լուծելու համար, կհաջողի։
Եթե միավորվելու են «Սերժի՛կ, հեռացիր» օրակարգով, շատ շուտով դառնալու են Սերժի հակառակորդների կամ՝ հենց նույն Սերի սպասարկուն։
2008-ի նախագահական ընտրություններում՝ Երկրապահի էլիտան, հրապարակավ կամ ծպտյալ, հանրապետության գործող նախագահի դեմ էր։ Այսօր նույն այդ էլիտայի շատ ներկայացուցիչներ խորհրդարանում են՝ Սարգսյանի ցուցակով, բացահայտ կամ անուղղակի աջակցությամբ։
Անկեղծորեն չէի ուզենա, որ Սասունն անցնի այս ճանապարհով…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել