Հարգելի գործընկերներ,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից կցանկանայի մի կարճ դիտարկում անել ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ժխտման քրեականացման օրենքների վերաբերյալ: 
Այս հարցը կրկին քննարկման առարկա դարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013 դեկտեմբերի 17-ի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով հակասական որոշման արդյունքում և շատ մտահոգիչ է ոչ միայն հայերի, այլ կարծում եմ Եվրոպայի համար և անգամ նրա սահմաններից դուրս:
Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի բացատրական հուշագրում մարդկության դեմ հանցագործությունները սահմանվում են որպես «հատկապես զարհուրելի հանցագործություններ, քանի որ նպատակ են հետապնդում ոտնահարել և նվաստացնել մարդկային արժանապատվությունը» : 
Իմ խորին համոզմամբ հարկ է սահմանել ժխտման համար պատիժ նախատեսող հատուկ իրավական կարգավորումներ, քանի որ այդ հանցագործությունները ուղղված են ամբողջ մարդկության և դրա հիմնարար արժեքների դեմ:
Դրանք անասելի տանջանքներ են պատճառում զոհերին, անձանց, ովքեր փրկվել են, և նրանց ժառանգներին: Այդ հանցագործությունների ժխտումը կազմակերպված է հանցագործների կողմից և մաս է կազմում ոչնչացման նախագծի: Հետևաբար, մերժումը ոտնահարում է ինչպես մահացած, այնպես էլ կենդանի մարդկանց արժանապատվությունը: Բարոյական հանդիմանանքը համարժեք պատասխան չէ այն մարդկանց համար, ովքեր չարաշահում են խոսքի ազատությունը, որպես հիմնարար իրավունք և օգտագործում այն իրենց ամոթալի սուտը տարածելու և ատելություն սերմանելու նպատակով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշման համաձայն քաղաքական կարծիքը ենթակա չէ խոսքի ազատության սահմանափակումներին: Դատարանն այսպիսով մի կողմ դրեց իր իսկ դատական պրակտիկայում հաստատված գիտական հիմնավորվածության պահանջը՝ որպես մարդու իրավունքները ոտնահարող ցանկացած հայտարարության հիմք (պայման) :
Ինչպես կարող է Թուրքիայի քաղաքացի Փերինչեքը արդարացվել, երբ նա բազմիցս հայտարարել է, որ անգամ եթե իրեն ներկայացվեն գիտական ապացույցներ, նա կշարունակի ժխտել ցեղասպանությունը: Եվ որ ավելի վատ է, նա արդարացրել է ցեղասպանության հիմնական կազմակերպիչ Թալեաթ փաշային: 
Հարգելի գործընկերներ, ժամանակն է, որ Վեհաժողովը քննարկում կազմակերպի և սահմանի այնպիսի իրավական նորմեր, որոնք կնախատեսեն ազատ արտահայտման իրավունքի իրացման սահմանները՝ հաշվի առնելով միջազգային հանցագործությունների բացառիկությունը, նպատակ ունենալով կանխարգելել ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ժխտումը, ադպիսով նպաստելով ապագայում նման վայրագությունների կանխարգելմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել