nikoՍոցիալական ցանցերում տեղեկություններ են հրապարակվել ՀՀ Զինված ուժերում իմ չծառայելու վերաբերյալ: Փորձ է արվել տպավորություն ստեղծել, թե ինչ-որ զարտուղի ճանապարհներով խուսափել եմ բանակից: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել:

90-ականների սկզբին օրենք էր գործում, որ եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են բանակում, երրորդը ազատվում է զինվորական ծառայությունից. երկու ավագ եղբայրներս ծառայել էին բանակում (միջնեկ եղբայրս, ի դեպ, պատերազմի ժամանակ նաև հրետանավոր է եղել հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի հատվածում), և ուրեմն օրենքը կիրառվել էր իմ նկատմամբ:

Բացի դա, ԵՊՀ ուսանող էի, և օգտվում էի նաև ուսանողի տարկետման իրավունքից: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ 1992 թվականից (դեռ նախազորակոչային տարիքից) զբաղվել եմ ակտիվ լրագրական գործունեությամբ, այդ թվում լուսաբանելով սահմանամերձ շրջաններում, իշխանության միջանցքներում և ընդհանրապես Հայաստանում տիրող իրավիճակը: Իմ լրագրական գործունեությունը հասկանալիորեն դուր չէր գալիս իշխանություններին: Եվ ահա, ինձ Երևանի պետական համալսարանից ապօրինի կերպով հեռացնելը և որպես պատիժ՝ ապօրինի բանակ զորակոչելը դարձել էր որոշ բարձրաստիճան պաշտոնյաների նպատակ:

Դեռևս ԵՊՀ ուսանող եղած ժամանակ զինվորական օպերատիվ խմբեր էին այցելում «Լրագիր օր» օրաթերթի խմբագրություն, ինձ հենց խմբագրությունից բերման ենթարկելու համար՝ ի պատասխան իշխանությանը վերաբերվող իմ հրապարակումների: 1995-ի վերջին ինձ ապօրինի հեռացրին համալսարանից, ապա և  ջանքեր էին գործադրվում՝ «Զինապարտության մասին» օրենքով ինձ տրված իրավունքը շրջանցելու կամ չեղյալ անելու նպատակով: Սրա համար նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների մեկ-երկու գիշերային խմբեր են այցելել իմ ծննդավայր՝ Իջևան, իմ անձնական գործերում օրենքի խախտումներ գտնելու, ապա և՝ կազմակերպելու համար: Այս ապօրինությանը դիմակայելը սկզբունքի հարց էր, և իշխանությունները ստիպված եղան ճանաչել լրագրող լինելու և Քաղաքացիական ճակատում ծառայելու իմ իրավունքը:

Լրագրողական գրեթե 20-ամյա իմ ծառայության ամենօրյա արդյունքները ՀՀ քաղաքացիների աչքի առաջ է: Դա եղել է ծառայություն՝ հանուն արդարության, օրինականության, ազատության, ժողովրդավարության: Ի դեպ, ևս մեկ տարի 11 ամիս  Հայաստանի Հանրապետությանը «ծառայել եմ» ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում, և այդ ծառայությանը մեկնել եմ որպես կամավոր:)

Ինչ վերաբերվում է ընթացիկ ժամանակներին, հարկ եմ համարում ընդգծել. ինչպես հայտնի է, Քաղաքացիական պայմանագրի անդամ եմ, որին միացած յուրաքանչյուր ոք հռչակել է իր հետևյալ պարտավորությունը.

4. բ) Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական հարձակման պարագայում, ըստ անհրաժեշտության, զինվորագրվել Հայրենիքի պաշտպանության գործին, ինչը նշանակում է՝ որպես կամավոր մեկնել ռազմական գործողությունների գոտի կամ զբաղված լինել գործունեության այնպիսի տեսակով, որն ուղղակիորեն ծառայում է Հայաստանի ռազմական հաջողության ապահովմանը:

Ներկայումս էլ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, նրա ժողովրդին ու պետականությանը: Օգտվելով առիթից, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Հայ ժողովրդին, Հայոց բանակի օրվա առիթով:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել