Սահմանում ծառայության ժամանակ ես ու իմ ընկեր Երեմը որսացինք մի վայրի բադ և որոշեցինք երեկոյան ընկերներով այդ բադը վայելենք: Ինչքան ավելի էինք մոտենում զորամասին, այնքան ավելի էին շատանում բադը մեր հետ համատեղ ճաշակելու ցանկություն հայտնած մեր զինվոր ընկերները: Խոհանոցում բադը տապակելու ժամանակ արդեն ամբողջ ուղեկալը տեղյակ էր բադի մասին և պատրաստվում էր համտեսելու: Վերջին ակորդը դրեց հրամանատարը, ով ուշ երեկոյան մեզ խոհանոցում տեսնելով մի փոքր ջղայնացավ, հետո ասեց առանց ինձ հանկարծ բադին ձեռք չտաք: Ստեղծվեց մի իրադրություն, որտեղ բադը մեն-մենակ էր մնացել 30-40 զինվորական տղամարդկանց դեմ հանդիման, այն հաստատ քչություն էր անելու: Իրավիճակը չէր փրկում նույնիսկ մեծ քանակությամբ կարտոֆիլը, որի միակ առաքելությունը բադի մսի քչությունը կոմպենսացիա անելն էր: Երեմի բազմանշակ ժպիտից հասկացա, որ ելքը գտել է: Մի փոքր խորհրդակցելուց հետո տղաներից մեկը չոր հացի փշրանքը ձեռքին ջու-ջու-ջու… կանչելով մտավ հրամանատարի հավանոց: Մի ժամից մեր բադի և հրամանատարի 4 հավերի տապական պատրաստ էր: 
Սեղան չնստեցինք մինչև կամանդիրը չեկավ: 
-Էս վայրի բադի միսը, ոնց որ տնական հավի միս լինի, շատ համով ա,-ասում էր հրամանատարը՝ հերթական կտորը անուշ անելով:
-Կեր, կամանդիր.. անուշ լինի, հալալ մալի նման կեր,- ասում էր Երեմը:
Մենք, ծիծաղներս հազիվ զսպելով, փառահեղ ընթրիք արեցինք: Ինձ միայն մի հարց էր տանջում, որի պատասխանը իմացա տարիներ անց՝ ախր բոլորը տեսնում էին, որ մեր որսած մի բադի 10 բդերը ու ոչ մեկի մոտ հարց չէր առաջանում, թե ինչպես կարող էր մի բադը այդքան շատ ոտքեր ունենար: Հետագայում շատ պատահական իմացա, որ կամադիրի կինը տեսել էր տղերքին իրենց հավանոցը մաքրազարդելուց, ասել էր ամուսնուն ու խնդրել էր, որ ոչ մի քայլ չանի զինվորի հանդեպ: Կամանդիրը գիտեր էդ մասին, բայց մինչև վերջ հարամ չարեց մեր զինվորական կատակը, ու մեզ հետ հավասար կերավ իր իսկ հավերը:
Այս լուսանկարում մենք ենք, ընթրիքի վերջում բոլորով վայելում ենք մեկ շիշ կոնյակը, որը պահել էինք հատուկ առիթի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել