Լիանա Ամիրխանյան, 
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:
 
Անգամ զարգացած հասարակությունները բախվում են մի ամենակուլ խնդրի` արժեքային ճգնաժամի: Հոգևոր մշակույթին փոխարինելու է գալիս նյութականը, այն որ կոչված է բավարարելու միայն մարդկային հիմնական բնազդները: Նման իրավիճակներում հասարակության առավել պնդաճակատ ներկայացուցիչները կարողանում են գտնել իրենց տեղը: Նրանց միակ ու կարևոր նպատակն է շարունակել սեփական տեսակը, մնալ ջրի երեսի վրա:

Մարդկության մեծամասնությունը միաձայն ուզում է ամեն ինչին տիրանալ և լինել «ամենա-ամենա»-ն ` առավել բոլորից, սակայն ոչինչ անգամ չի անում դրան հասնելու համար: Չեմ ժխտում, նյութականն էլ իր հերթին է կարևոր, սակայն ո՞ւմ է պետք նյութականը, եթե դիմացինդ քեզ կեղծ է վերաբերվում: Ո՞ւմ են պետք փողերը, տները, շքեղ հագուստները, եթե ներքինումդ ոչինչ չկա… Շատ անգամ, երբ մենք դուրս ենք գալիս մեր հնարավորությունների շրջանակից, բոլորը սկսում են քննադատել մեզ, չգնահատել մեր կարողությունները: Դրանից հետո թեթևամիտ ենք դառնում և անպատասխանատու…. Սակայն թեթևամտությամբ չես կարող գոյատևել: Կյանքի իմաստը հասկանալ մեզ չի տրված, քանզի այն անիմանալի է, մեզ մի բան է հայտնի. մենք նետված ենք այս աշխարհ, որպեսզի կատարելագործվենք: Մեզ տրված են հնարավորություններ, որոնք օգտագործելով մենք պետք է գոյատևենք, քանի դեռ մեր ուժերը կբավականացնեն: Պետք է բացահայտել կյանքի գերագույն իմաստը, նշանակությունը և երբեք չպետք է մոռանանք դա… Պետք է սովորենք, ճանաչենք, հայտնագործենք, ազատ լինենք… 

Պատկերացրեք… Քանի-քանի կյանք պիտի ապրենք, մինչև կհայտնվի աղոտ ենթադրություն, որ կյանքը չի սահմանափակվում ուտելիքով, պայքարով և հասարակությանը իշխելով: Հազարավո՜ր… Իսկ հետո ևս հարյուր կյանք` մինչև կսկսենք հասկանալ, որ գոյություն ունի կատարելություն կոչվածը, և էլի հարյուրը` մինչև կհամոզվենք, որ կյանքի իմաստը կատարելության հասնելն է և մյուսներին դրա մասին պատմելն է: 

Եթե ոչինչ էլ չանենք այս կյանքում, հաջորդ աշխարհը կթվա նույնը, և ստիպված կլինենք հաղթահարել նույն արգելքները և դժվարությունները` ձեռքերից կախված նույն ծանր, կապարե գնդերով: Պետք է կյանքում գործել արագ… Արագությունը հզորություն է, արագությունը երջանկություն է, արագությունը չխամրած գեղեցկություն է… 

Մեր կյանքում պետք է թռչենք… Որքան բարձր թռչենք, այնքան հեռու կտեսնենք… Պետք է ձգտենք երկնքին` կատարելությանը, իսկ ով չի ուզում, կանգնած կմնա գետնին, կկռվի իր նմանների հետ: 

ՍՈՎՈՐԵԼ, ՁԳՏԵԼ, ԱՊՐԵԼ…. Սա է դարձել իմ կարգախոսը, որը ինձ ուղեկցում է և օգնում ամենուր….

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել