Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումից առանձնապես սպասելիքներ չկային, սակայն ցանկացած նման հանդիպում, որը բանակցությունների շարունակելիություն է ապահովում` մեկ քայլով հեռացնում է կողմերին պատերազմից:

Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև, հասկանալի պատճառներով, ուղիղ շփումների բացակայությունը` նման ֆորմատով հանդիպումները լավ հնարավորություն են` քննարկելու ստեղծված իրավիճակը` փորձելով միջնորդների աջակցությամբ նվազեցնել սահմանագծին առկա լարվածությունը:

Պատահական չէ, որ միջնորդները ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարեցին, որ հաջորդ շաբաթ այցելելու են տարածաշրջան. անկասկած, միջնորդների առաջնային նպատակը բանակցությունների միջոցով իրավիճակի լիցքաթափման հասնելն է:

Ադրբեջանը, անպատասխան թողելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հորդորը` ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել իրավիճակի էսկալացիայի, բանակցային գործընթացը հետ է շպրտել մի այնպիսի կետ, երբ բանակցությունների օրակարգի առաջնային պլանում հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված հարցերն են:

Ճիշտ է` սահմանագծին առկա իրավիճակն այս պահի դրությամբ վերահսկելի է, սակայն հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներն ու սահմանային հատվածներում զորքերի կուտակումները, թույլ չեն տալիս բանակցություններից լուրջ ակնկալիքներ ունենալ:

Ստեղծված իրավիճակում, որպես հրատապ խնդիր, կրկին առաջին պլան է բարձրանում միջնորդների առավել վաղ արված առաջարկները` դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերման և շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ:

Ադրբեջանն ավելի վաղ բազմաթիվ առիթներ ունեցել է` մերժելու այս առաջարկները, քանզի այդ երկրում կարծում են, որ այս առաջարկների կյանքի կոչումը ենթադրում է սահմանագծին կայունության ամրապնդում, ինչն էլ իր հերթին նպաստում է ստատուս­քվոյի ամրապնդմանը:

Ամեն դեպքում, եթե միջնորդ երկրներն իսկապես շահագրգռված են` նվազագույնը կայնունության և հարաբերական խաղաղության պահպանմամբ, ապա պետք է մեծ ջանքեր գործադրեն` թեկուզև մեծ ճնշումների գնով, որպեսզի Ադրբեջանն ընդունի այդ առաջարկները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել