Civilnet.am-ը գրում է.

Հարություն Հարությունյանը իր վերջին սյունակում գրել է Արմեն Հովհաննիսյանի ու Սերգեյ Նիգոյանի տարբերություն մասին։ Հեղինակը փորձել է տարբերություն տեսնել երկու հայորդիների միջև:

Այն տարբերությունները, որոնց վրա ուշադրություն է դարձնում նա, ծայրահեղ էին: Հեղինակը փորձել է Արմենին ներկայացնել որպես դրական կերպար, իսկ Սերգեյին՝ ոչ: Նրա արտահայտած մտքերը նույնիսկ հակասում են իրար: Վերջում նշում է. «Երկուսի տարբերությունը ինքներդ որոշեք. չէ՞ որ ամենայն տեղ մահը մի է…»:

Եթե ամենայն տեղ մահը մի է, ապա Արմենի ու Սերգեյի միջև տարբերություն պետք չէ տեսնել։ Սերգեյն իր ցանկությամբ չի հայտնվել Ուկրաինայում, դա իր ընտրությունը չի եղել։ Իսկ նրա պայքարը եղել է իր ընտրությամբ: Նրա պայքարը եղել է նաև յուր ազգի ազատության համար:

Ո՞վ ասաց, որ Կիևում պայքարող Սերգեյը նաև չի պայքարել Ուկրաինայում գտնվող հայերի համար։ Ուկրաինայում ապրող հայերը ևս հայ ազգի մի մասնիկն են, և նրանց ազատության համար պայքարում զոհվելը ևս քաջություն է: Սերգեյի պայքարը նաև նպատակ է ունեցել թույլ չտալ «Բերկուտին» հասնել այլոց տուն, ու պարզ չէ, թե այդ տանը հայեր կլինեին, թե ոչ։

Մոնթե Մելքոնյանը ոչ իր ընտրությամբ էր ծնվել ԱՄՆ-ում, ինչպես Սերգեյը ոչ իր ընտրությամբ ծնվել էր Ուկրաինայում։ Մոնթեն ընտրեց պաշտպանել Բեյրութի հայկական թաղամասը, իսկ Սերգեյն ընտրեց ազատության դրոշի պաշտպանությունը Մայդանում: Արցախի պայքարը Մոնթեին բերեց Մարտունի: Նա եկավ պաշտպանելու նաև ինձ այն ժամանակ, երբ հաղթանակի հանդեպ հավատը քիչ էր։ Հաստատ Մայդանում ինչ-որ մեկն էլ Սերգեյի կարիքն է ունեցել։ Սերգեյի կյանքը ընդհատվեց Մայդանում: Ոչ ոք չգիտի, թե չընդհատվելու դեպքում Սերգեյի հաջորդ պայքարը որտեղ էր լինելու: Հնարավոր էր, որ այն լիներ այն դիրքում, որտեղ ընդհատվել էր Արմենի կյանքը:

Արմենի ու Սերգեյի միջև ավելի շատ նմանություն կա, քան տարբերություն։ Նրանք երկուսն էլ զոհվել են պայքարում։ Երկուսն էլ հեռացել են ազատության հակառակորդների կողմից։ Երկուսի կյանքի ճակատագիրն էլ սերտորեն կապված է եղել Ադրբեջանի հետ։ Մեկը Ադրբեջանի պատճառով հայտնվել է դիրքերում ազատություն պաշտպանելու համար, իսկ մյուսի ընտանիքն Ադրբեջանի պատճառով մեկնել է Ուկրաինա, որտեղ Սերգեյը ազատություն պաշտպանելու համար հայտնվել է Մայդանում։

Արմենի ու Սերգեյի միջև պետք է նմանություն փնտրել, որովհետև միայն նմանությունը կարող է օգնել մեզ ստեղծել հզոր պետություն։ Հենց այդ հզոր պետությունն է բացառելու պատերազմը, իսկ դա նշանակում է, որ Սերգեյներն այլ երկրներում չեն ծնվի, իսկ դիրքերում գտնվող Արմենների հանդեպ թշնամին ոտնձգություն չի կատարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել