Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացրած «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այսպիսով, սա նշանակում է, որ այն ուսանողները, ովքեր մեկնելու են արտերկիր սովորելու, չեն կարողանա այլևս զինծառայությունը հետաձգել՝ առանց առնվազն 8,5 մլն դրամ գրավի: Աշոտյանի այս նախաձեռնությունը պայմանավորված էր, ըստ վերջինիս նրանով, որ արտերկիր մեկնողների մեծ մասը արական սեռի քաղաքացիներ են, իսկ այդ հանգամանքը նա պայմանավորել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու «լավ հնարավորությամբ»: Ըստ նախարարի՝ նման դեպքերը դառնում են նաև արտագաղթի լուրջ պատճառներ, և հենց սա է, որ հանդիսանում է լուրջ խնդիր պետության համար: Իհարկե, լավ չէ, որ մեր հայրենակիցները խուսափում են իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց և դրա համար օգտագործում են ցանկացած միջոց նպատակին հասնելու համար, սակայն, կարծում եմ, որ Կառավարության ձեռնարկած միջոցառումները ճիշտ չեն, քանի որ դրանք ուղղված չեն բուն խնդիրը լուծելուն: Այլ կերպ ասած, մի կողմից իշխանություններն անում են ամեն ինչ արտագաղթը կանխելու համար, բայց միևնույն ժամանակ չեն անում ամենագլխավորը՝ չեն կարողանում իրականացնել արդյունավետ կառավարում:

Առաջին հերթին սկսենք նրանից, որ նախարարը մտահոգություն էր հայտնել, որ սովորելը դարձել է զինծառայությունից խուսափման միջոց: Բանն այն է, որ սովորելու համար առաջին հերթին մտավոր ներուժ է պետք, այլ ոչ թե միայն ցանկություն և վճռականություն: Հիմնականում միջպետական ծրագրերով մեկնող ուսանողները կարողանում են մեկնել ի շնորհիվ սեփական ունակությունների և մեկնում են այնտեղ բարձրորակ կրթություն ստանալու համար: Երևի մերոնք մեր կրթական համակարգի արշինով ենք չափում այս հարցը և դրա համար էլ գալիս են նման եզրակացությունների: Այսօր առաջին հերթին մենք խնդիր ունենք մեր բուհական համակարգի հետ և պետք է կարողանալ այն այնպես բարեփոխել և կազմակերպել, որ անգրագետ և անարժան մարդիկ չկարողանան ոչ միայն չընդունվել ասպիրանտուրա և ավարտելով խուսափել բանակից, այլև չավարտեն ո՛չ բակալավրիատը, ո՛չ էլ մագիստրատուրան: Այսինքն, պետք է կարգապահություն մտցնել տվյալ հաստատություններում և անկեղծորեն պայքարել կոռուպցիայի դեմ: Սա մտահոգության առաջին մասով:

Ինչ վերաբերում է արտագաղթին, կարծում եմ, որ կառավարությունը ոչ թե պետք է մարդկանց համար ստեղծի այնպիսի պայմաններ, որ նրանք չկարողանան լքել Հայաստանը, ասել է թե, բանտարկեն մեզ մեր իսկ երկրում, այլև պետք է ձեռնարկվեն լուրջ քայլեր, որպեսզի մարդիկ պարզապես չուզենան լքել մեր երկիրը, ասել է, թե լրջորեն զբաղվեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերով: Մենք կարծես սովոր ենք կարճաժամկետ ելքեր փնտրել՝ օրենսդրական տարբեր ակտերի և իշխանական այլ լծակների միջոցով, սակայն ժողովրդի մասին մտածող իշխանությունները պետք է ավելի լայն տեսլական ունենան բնակչության երկարաժամկետ և բնականոն զարգացման ուղղությամբ:

Հուսով եմ, որ կառավարությունը այսուհետ ինչ-որ օրենք առաջարկելու և ընդունելուց առաջ կփորձի հասկանալ, թե որոնք են խորքային պատճառները և կանի ամեն ինչ՝ դրանք հաղթահարելու համար: Ի վերջո, ծածկադմփոց անելով, հարց երբեք չի լուծվել և երբեք չի էլ լուծվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել