Մեծամտությունը մարդկային արատ է: Այն հոգեբանական բարդույթ է, որը սնվում է տգիտությունից և կապ չունի մարդու բացառիկության հետ: Մեծամիտը սկզբում կորցնում է իրականության զգացողությունը, հետո սևեռվում իր թվացյալ մեծության վրա, իսկ վերջում իրեն պատկերացնում ավելի գեղեցիկ, մեծ, ուժեղ, քան իրականում է: Արտահայտվելիս նա վերածվում է պոռոտախոսի: Արհամարհում է իրողությունները և իրականությունից կտրված գնահատականներ տալիս, որոնք ընդունվում են կրթական ցածր մակարդակ ունեցող և ընկճված մարդկանց կողմից: Վերջիններս հասարակության մեջ քիչ չեն: Պոռոտախոսն ազատորեն տվայտվում և տգիտությունը ի ցույց է դնում հատկապես սոցցանցերում: ՎԻՐՏՈՒԱԼ ՊՈՌՈՏԱԽՈՍՆ անդրադառնում է խնդրի, որից ոչինչ չի հասկանում: Նա իրեն լավ է զգում համացանցում, քանի որ չի արժանանում կիրթ և տեղեկացված մարդկանց համարժեք արձագանքին: Այսպիսով, կեղծ տպավորություն է ստեղծվում, որ պոռոտախոսն ու տգետը ճիշտ են, իսկ կրթվածն ու տեղեկացվածը՝ սխալ: Այդ պատճառով պոռոտախոսը կարողանում է ձևավորել որոշակի հասարակական կարծիք: Սա վտանագավոր է, որովհետև իրականությունից կտրված և կեղծ գնահատականներով առաջնորդվող հասարակությունը չի կարող համարժեք արձագանքել հասարակական, առավել ևս՝ քաղաքական օրակարգային խնդիրներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել