եդգառKinoashkharh.am-ը գրում է.

Երբ փորձեցինք պարզել, թե ինչ փուլում է Էդգար Բաղդասարյանի նոր ֆիլմը, ասաց, որ մինչև հիմա ֆիլմի մասին առհասարակ ոչ մի տեղեկություն չէր տալիս: Եվ այժմ էլ չի կարծում, թե շատ կծավալվի: Ամեն դեպքում հարցականներ այսօր էլ շատ կմնան:

- Դեռ ստեղծման փուլում գտնվող ֆիլմի մասին բոլոր հարցականները հազիվ թե հնարավոր լինի պարզել: Այնուամենայնիվ ի՞նչ կասեք ֆիլմի մասին:
- Ինձ համար կարևոր ֆիլմ է և այն փուլում է, երբ կազմավորվում և սկսում է իրեն ցույց տալ: Չնայած ֆիլմի կեսից ավելին նկարահանված է արդեն, բայց նոր է սկսում իրեն ցույց տալ, նոր է ծնվում, ու այս փուլում լավ կլինի, տեղեկություններ տալով, չխանգարենք. թող ծնվի:

- Ծնունդը բարի լինի, բայց անգամ երեխայի ծննդից առաջ նրա մասին շատ բան է հայտնի` ամենաքիչը նախապես որոշված անունը:
- Չեմ կարծում, թե անվանումը փոխելու կարիք կա: Ոնց սցենարը գրել էի 2005-2006 թթ., այնպես էլ հիմա անունը մնում է` «Ներում»: Չեմ սիրում, երբ ֆիլմի անվանումը շատ բան է բացում, հասկանալի դարձնում. ինտրիգ պիտի լինի:

- Եվ ո՞վ, ումի՞ց, ինչի՞ համար է ներում հայցում:
- Երկու բառով ասեմ. մարդ, որը բիզնեսում հաջողակ է, 11 տարի հետո վերադառնում է` ներողություն խնդրելու 11 մարդուց, որոնց կյանքը կոտրել-փշրել է: Ամբողջ ֆիլմը 11 հանդիպում է` կնոջ, սիրուհու, ընկերոջ և այլ մարդկանց հետ: Իր դաժան վարմունքի համար է ներում հայցում: Իմ տեսանկյունից ներում չի ստանում: Ներում է միայն կենսաբանական որդին, այն էլ` անգիտակցաբար: Ամեն դեպքում, էնպես եմ անում, որ հանդիսատեսը համահեղինակ լինի:

- Եվ ուրեմն ինչի՞ մասին է ֆիլմը:
- Ասեմ շատ պարզ. երբ խիղճ չկա, հարկավոր է ֆիլմ նկարել խղճի մասին, իսկ մեզ մոտ խղճի դեֆիցիտ է: Մեր պետությունն է անխիղճ, և ոչ միայն քաղաքական առումով, ինքներս ենք անխիղճ: Իսկ ինձ համար ազատության միակ օրենսդրությունը հենց խիղճն է: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես ենք ապրում: Այ, երբ խիղճը նորից կլինի գերակա, կստեղծենք այլ զվարճալի ֆիլմեր: Ինքս սիրում եմ լավ, ուրախ, բայց մարդ արթնացնող ֆիլմեր:

- Սցենարում կա՞ն կերպարներ, որոնք միայն ձեր մտահղացման արդյունքը չեն և ունեն իրական նախահիմք: Դուք կերպարային և բուն իմաստով դերակատա՞ր եք:
- Վախենամ` բուն իմաստով էլ լինի դերակատարությունս, ինչը տանել չեմ կարող, բայց ստիպված եմ, քանի որ ֆիլմն ունի մի քանի առանձնահատկություններ և բավականին էքսպերիմենտալ է: Էքսպերիմենտը, մի կողմից, վախենալու է, մյուս կողմից էլ` ինչո՞ւ չէ: Չեմ կարծում, թե չունեմ էքսպերիմենտի իրավունք: Բնավորությունս էլ էդպիսին է: Բացի այդ, պատկանում եմ այն ռեժիսորների շարքին, որոնք ֆուտբոլի դաշտի չափ, բայց մակերեսային փորելու փոխարեն գերադասում են փորել, ասենք, 3 սմ, բայց աշխատում են լավ փորել և խորությամբ: Շատերը սցենարը կարդալիս հարցնում են, թե արդյոք ե՞ս եմ հերոսը: Իհարկե չէ, փառք Աստծո, նման բաներ իմ կյանքում չեմ արել, բայց բոլոր կերպարներում` անգամ կանանց, անգամ հոգեկան հիվանդ երեխայի, ինչ-որ չափով կամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել