Եվ այսպես, հունվարի 25-ին սահմանադրական դատարանը որոշում է կայացնելու։ Իրականում, կենսաթոշակային պարտադիր կուտակային այս համակարգը պակաս վտանգավոր չէ, քան պատերազմը, գենոցիդը, երկարամյա երաշտը և այլն։ Հիմա ես չեմ ուզում երկար-բարակ քննարկել այդ «ռեֆորմի» էությունը։ 2 օրից որոշում է կայացվելու, և ուզում եմ սահմանադրական դատարանի հարգարժան անդամների ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որը հետագայում այլևս ուղղել չի լինի։ Ուրախ եմ, որ պատգամավոր դառնալուց հետո այլոց հետ միասին քայլ առ քայլ բարձրացրել եմ այս «ռեֆորմ» կոչվածի էությունը։ Դրանից հետո, մինչ այդ հալած յուղի տեղ ընթացող «ռեֆորմը» սկսել է ճաքեր տալ։ Պարզվել է, որ որևէ հիմնավուրում չկա առ այն, թե այս ինչ «ռեֆորմ» է, որտեղ և ում կողմից է այն երբևէ կիրառվել։ Ռուսաստանի, Էստոնիայի փորձի մասին կառավարության ու իշխանությման ներկայացուցիչների խոսակցությունները հօդս են ցնդել։ Նախ ասացին, ռուսական չէ։ Ապա, երբ գնացինք Էստոնիա և տեսանք էստոնական էլ չէ, ասացին չիլիական է։ Հիմա արդեն ունենք նաև Չիլիի տվյալները. պարզվում է՝ չիլիական էլ չէ։ Այս պահին չեմ ուզում խոսել պարտադիրության, տնօրինման, կուտակման առանձնահատկության, ակտիվների տեղաբաշխման և այլն մասին։ Ուշ է։ Սահմանադրական դատարանի հարգարժան անդամներ, ուզում եմ խոսել 2 բանի մասին՝ ժամկետայնության և փողերը Հայաստանից «օրինականորեն» դուրս հանելու մասին։ Այ սրանք են, որ գործի դրվելուց հետո հնարավոր չի լինելու ուղղել։ Եվ այսպես, այս «ռեֆորմով» նախատեսվում է 45 տարով աշխատողների եկամուտների 5 տոկոսը (և ավելին) հանրապետությունից դուրս հանել։ Ընդհանուր առմամբ, այսօրվա գներով 45 տարում երկրից կհանվի 2.5-3.5 մլրդ դոլար։ Այն 2 ընկերությունները, որոնք իբր թե ընտրված են կառավարիչներ, այդ ընթացքում միլիարդատեր կդառնան։ Սա ազգադավ, կոռումպացված որոշում է։ Նախ, 45 տարվա դեպոզիտներ աշխարհում չկան (ներդրվող համակարգի առավելագույն ծայրակետը 45 տարի է, նվազագույնը 23, միիջնը՝ 34)։ Ստուգեք, եթե գտնեք, ներողություն կխնդրենք։ 45 տարվա ժամանակաշրջանի տնտեսական հորիզոն լինել չի կարող, գնաճի ինդեքսավորում լինել չի կարող (շղթայական ինդեքսեները այդքան երկար ժամանակի համար մեծ շեղումներ են տալիս)։ Նույնը նաև 34 կամ 23 տարվա համար։ Բոլոր երկրները (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան), որոնք նման բան են արել, ի վերջո փոխել են օրենսդրությունը և պարտադիր կուտակման նորմ սահմանել 10 տարին։ Ըստ այդմ, աշխատողը ընդամենը 10 տարի է պարտավոր կուտակել (եթե ուզում ես՝ կարող ես շատ կուտակել)։ Որպես կանոն, մարդիկ ընտրում են իրենց աշխատանքային կենսագրության վերջին 10 տարիները։ Նույնիսկ Չիլիում են դրան անցել։ Ի դեպ, այդ երկրում առաջին թոշակառուները սկսել են կուտակայինով թոշակ ստանալ։ Եվ ի՞նչ։ Տրամադրված թոշակը կազմել է աշխատավարձի ոչ թե 70 տոկոսը (ինչպես խոստացել էին), այլ 39 տոկոսը։ Իսկ կանանց համար՝ 14 տոկոսը։ Մարդկանց քցել են։ Եվ հեշտությամբ դա բացատրում են երկարատև ժամանակաշրջանի համար գնաճը ճշտորեն ինդեքսավորելու անհնարինությամբ։ Երկրորդ, եթե պարտադիր է և պատասխանատվությունը պետությանն է, ապա ինչո՞ւ միջոցները չփոխանցել գործող պետական կենսաթոշակային հիմնադրամին, ինչո՞ւ չօգտագործել տեղական կառավարիչների ինստիտուտը։ Հայոց պետությունից վերև ի՞նչ ունենք։ Ի՞նչ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը։ Եթե մեր պետությունը չլինի, դիվերսիֆիկացիան ո՞ւմ է պետք։ Արտասահմանից ոմանք գովում են այս «բարեփոխումը»։ Կգովեն, բա ի՞նչ կանեն։ Ի՞նչ վատ է հուսալիության անվան տակ երկրից տարեկան 50-100 մլն դոլար դուրս քաշել։ Գլոբալ մրցակցության պայմաններում սա նվեր է։ Բացի այդ, պարտադիրության պարագայում ի՞նչ տարբերություն վճար է, թե հարկ։ Ինչի՞ եք մեզ հարկում՝ հանուն արտասահմանի՞։ Դե նայեք՝ ոնց են վարվում Էստոնիայում, Նորվեգիայում, Անգլիայում. մուծում կատարում ես, ստանոււմ ես արտոնություն եկամտահարկի մեջ։ Խելքները չէ՞ր հասնում։ Եթե հունվարի 25-ին ՍԴ-ն սա չկասեցնի, ապա միջոցների «օրինական» արտահոսքը անխուսափելի կլինի։ Միայն այս անպատասխանատու քայլի պատճառով երկրի ՀՆԱ-ի հավելաճի տեմպը տարեկան պակասելու է 04.-0.5 տոկոսով։ 

Կից նյութը կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել