Հայկական մամուլում հաճախ է կարելի հանդիպել տարբեր սենսացիաների` ներարկիչներով զինված ահաբեկիչների, թուրքական «Գորշ գայլերի» ամենաթողության, «էմոների» և «քայքայիչ աղանդների» մասին սարսափ տեղեղեկատվության: Դա հանրային ուշադրությունը շեղելու նպատակ ունի, սակայն ավելի վտանգավոր են «գաղափարական» ցանցերը, որոնց նպատակը հանրությանը տարանջատելն է և թշնամի բանակների վերածելը: Թշնամական հատվածների բաժանված շերտերը երբեք չեն կարող ունենալ համերաշխության զգացում և, բնականաբար, նրանց հեշտ է տիրելը: Վերջին ժամանակները հանրության տարանջատման երկու տեսակի քարոզչություն է տարվում, մեկը` «արևմտամետների ու ռուսամետների» միջև, մյուսը` «հանցագործ գործարարների ու աշխատավոր զանգվածների» միջև: Այդ տարանջատումները հիմնավորվում են նաև քաղաքագիտական մոլագարների «համաշխարհային» վերլուծություններով:

Ռուսաստանին հանձնվող «արևմտամետների», և նրանց այդ քայլերին «դրդող» ռուսամետների մասին տեղեկատվական հնարքի մասին բավականին շատ տեսակետներ են հնչել, սակայն գործարարների և աշխատավոր բնակչության փոխադարձ ատելության քարոզչությունն արդեն դառնում է սեզոնի մեխը: Բոլորս էլ գիտենք, թե ինչպիսին են հայաստանյան բիզնեսի` հատկապես խոշոր, ծագումնաբանությունն և գործող խաղի կանոնները:
Բոլորս էլ գիտենք օլիգարխիայի հանցավոր բնույթը, սակայն նույնպես լավ գիտենք, թե ովքեր են այդ խաղի կանոնները սահմանում և ինչ մեխանիզմներով: Եվ այստեղ առաջանում է հարց, թե ինչու են այդ խաղի կանոնները սահմանող մարդիկ իրենց իսկ ստեղծած ու իրենց կողմից վերահսկվող խավի դեմ նման հակաքարոզչություն վարում: Պատասխանները պարզ են` մասնատել հասարակությանը միմյանց դեմ թշնամությամբ լցված շերտերի և ժողովրդի թշնամությամբ լցված խոշոր բիզնեսին համախմբել իրենց շուրջը: Թույլ չտալ, որ խոշոր բիզնեսին դուրս գա վերահսկողությունից և պայքարի իրենց, թեկուզ նեղ, բայց, այնուամենայնիվ, ազատության համար: Պարզ է, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները ոչ միայն Ազգային ժողովում իրենց շահերն են հետապնդում, այլև, միևնույն ժամանակ հանդիսանում են պատանդ իշխող խմբի ձեռքին` ենթակա խորհրդարան ապահովելու համար: Պարզ է, որ գործարարների վրա կան բավականաչափ վերահսկման գործիքներ՝ ի տարբերության հանրության շարքային անդամների, որոնց կարող են միայն անհատապես վախեցնել, որն այդքան էլ արդյունավետ մեխանիզմ չի: 
Սա չի նշանակում, որ հանցագործ ճանապարհներով ձևավորրված և սեփական շահերը հետապնդող այդ էգոիստ հատվածին մենք պետք է ընդունենք որպես ազատության և օրինականության համար պայքարող մարտիկների, սակայն ամենահամախմբված և սեփական շահերը հստակ գիտակցող այդ շերտը հենց այն գործիքն է, որին կարելի է օգտագործել երկրում իրավիճակ փոխելու համար: Սակայն իշխող խումբը ամեն ինչ անում է, որ այդ «գործիքը» շարունակի մնալ իր ձեռքում, որին նաև նպաստում ենք մենք՝ ենթարկվելով իշխանական քարոզչամեքենայի մտավոր որոգայթներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել