ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ևս անդրադարձել է Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցած միջադեպին՝ ասելով մասնավորապես հետևյալը. «Շփման գծում բռնությունն ու լարվածությունը խաթարում են խաղաղ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»: Դուք ինչ-որ նոր բան նկատեցի՞ք: Ես անձամբ ոչ: Այնքան է այս ամենը կրկնվում, որ նույնիսկ նման արձագաքները դարձել են վիրավորական: Լավ կլինի, որ արձագանքելիս կամ էլ քննադատության ժամանակ մի քիչ դրանք կա՛մ անձնավորեն՝ մի քիչ տարբերվելով մինչ այժմ արվող հայտարարություններից, կա՛մ էլ կոնկրետ կառուցողական առաջարկներ անեն: 

Կառուցողական առաջարկներից մեկն, օրինակ, կարող է լինել այն, որ վերջապես ջանքեր գործադրվեն, որ հայկական կողմից մշտապես հնչող առաջարկը, կապված առաջնագծում տեղի ունեցող միջադեպերը հետաքննող հանձնաժողովի ստեղծման հետ, ի վերջո ստեղծվի: Կոնկերտ չգիտեմ, թե գործնականում ինչպես պետք է գործի այդ հանձնաժողովը, բայց կարծում եմ՝ լավ կլինի, եթե ստեղծվի մի վերազգային մարմնի պես մի բան, որը բաղկացած չի լինի, ո՛չ մեր կողմի, ո՛չ էլ Ադրբեջանի ներկայացուցիչներից, և կզբաղվի հենց նման խնդիրներով՝ հաշվետվություն ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներին:

Տվյալ առաջարկը գուցե չի տեղավորվում ներկա միջնորդական առաքելության ֆորմատի շրջանակներում, բայց եթե այս միջադեպերը կասեցնելու, նվազեցնելու այլ ելք չկա, ուրեմն պետք է մտածել, թե ինչպես նվազագույն կերպով բարեփոխել ներկայիս ֆորմատը, որպեսզի հնարավոր լինի կիրառել այս տարբերակը: Ի վերջո, սա ընդամենը մեկ առաջարկ է և պարտադիր էլ չէ, որ հենց սա հայտարարվի, բայց կարելի է չէ միաբան մտածել և առնվազն հայտարարել, այլ ոչ թե սահմանում գրանցվող ցանկացած միջադեպ մեկնաբանել այնպես, որ կարծես գործ չունես մարդկային կյանքերի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել