Civilnet.am-ը գրում է.

Լուսանկարում բարի, փորձություն չտեսած մարդու աչքեր են: Պարզ երևում է, որ դեռ չի իմաստավորել, թե ինչ է Հայրենիքը: Որովհետև Հայրենիքը մի քիչ մահացու է լինում: Այս գրեթե երեխան ի՞նչ գիտի մահվան մասին: Պարզ է, որ՝ ոչինչ, թեպետ կորուստներ տեսել է: Ինչպե՞ս է կապվել երկրին, որը սահմանի բերանին դարձել է Հայրենիք: Այս հարցերը պատասխան չունեն: Չունեն, որովհետև Արմենի սխրանքը բոլոր իմաստներից առաջ ընկավ: Այս տղան զենքը դիվերսանտների կողմն ուղղելիս առաջինը նայել է մոր աչքերի մեջ, այնտեղ մահ չի եղել: Հետո մտածել է զինվոր ընկերների մասին: Մահն առարկայանում է, երբ ուրիշ ոչ մեկի մահը չես պատկերացնում:

Իր կյանքը նա տանուլ տվեց, որովհետև չէր ենթադրել, որ դիվերսանտի երկրում մայր չկա, երեխա չկա: Իր կյանքը տանուլ տվեց, որովհետև Հայաստանի խաղաղությունը շփոթեցնող է: Պայքար ունեցող երկրներում այդպիսի մահը «հերոսություն» է կոչվում: Խաղաղություն ունեցող երկրներում մահն էլ իր խաղաղությունն ունի: Հայաստանը կռիվ ունի, որը 18-20 տարեկանում ամբողջ մարմնով կրելու բան չէ: Արմենն այդ կռիվը չի նախատեսել: Բայց նա զորագրված է ծննդյան բերումով: Նա ծնվել է Հայաստանի քաղաքացի, հայ: Երբ առաջին անգամ մտնում է զորամաս, մահը դեռևս չկա, երբ բռնում է առաջին զենքը, մահը դեռևս չկա, երբ սահմանին է կանգնում, խաղաղության զգացողությունը նույնիսկ ավելի սուր է:

Մահը գալիս է, երբ նրա աչքերի մեջ նայում է ադրբեջանցի մարդը՝ սահմանի և ազգության բերումով: Արմենը երևի դա էլ չէր նախատեսել: Մեկի աչքերի մեջ պիտի նայես մահը շոշափելու համար: Նրան ասել են, որ հանուն Հայրենիքի կյանքդ էլ պիտի տաս, նա նույնիսկ երդվել է, որ այդպես էլ կանի: Բայց նույն ակնթարթին, երբ դիվերսանտը եկել է, Արմենը երկու անգամ մերժել է մահը: Առաջին անգամ մերժել է, որովհետև այն անհնար էր իր նման հազարավոր զինվորների համար: Մերժել է ոչ թե գիտակցաբար, այլ մայր ու քույրեր ունենալով: Ուրիշ կերպ հնարավոր չէ մերժել մահը, քան՝ մյուսներով ապրելով: Մերժել է, որովհետև չի ենթադրել, որ մահը յուրաքանչյուրի համար սկսվում է զրոյից:

Սահմանապահի կանոնագիրը, զինվորի երդման տեքստը նրա համար մահվան զգոնությունը շոշափելու աղոթարան չեն, այլ ծառայության դասագիրք: Ընդամենը: Որովհետև կյանքը դեռ ոչինչ չի անվանել: Կյանքը նրա աչքերի մեջ չնայածի դավադրությունը չունի: Արմենն ուրեմն թշնամիներ չունի: Որովհետև, ում նա գիտի և ում չգիտի, մայր ունեն: Այսինքն, ինչ-որ մեկի երեխան են: Նրա աչքերը, զինվորական առօրյայի մեջ նրա մի կերպ ժպիտն այդ մասին են ասում: Պարզ, բարի աչքեր ունի Արմենը, ափսոս էլ է, որ այդ աչքերը տեսնեն, թե ինչեր կարելի է անել զենքով: Նա թշնամիներ չունի մինչև առաջին դիվերսանտը, որը ոչ մի աղոթքի մեջ ուրիշի կյանքի իրավունքը չի յուրացրել, որին առերեսել են Ռամիլ Սաֆարովի «սխրանքների» հետ, որին ավելի շատ թելադրել են երկիրը, քան թույլ են տվել չափել այն, որին թողել են այնքան ազատություն միայն «հայրենասեր» լինելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել