Ուկրաինայում չեն դադարում ցույցերը: Ցույցեր, որոնք սկսեցին Եվրաինտեգրման կողմանակիցների բողոքներից, հասան մինչև ուկրաինական կառավարության կողմից վիճահարույց օրինագծի ընդունմանը, իսկ հիմա այն արդեն դարձել է պարզ հակակառավարական ցույց: Այսօր զուտ Եվրաինտեգրման փաստարկը հայտնվել է լուսանցքում, բայց բնավ ոչ դրա գաղափարը, որին, բառի բուն իմաստով, տենչում է ընդդիմությունը: Այսօր ցույցերում հռետորաբանությունը փոխվել է, և ընդդիմադիրները փորձում են մեկ հարվածով երկու նապաստակ որսալ: Այսօր շեշտը դրվում է տարբեր սոցիալական և այլ զգայուն թեմաների վրա, օրինակ, երկրի բյուջեի կամ էլ, ասենք, երկրում տարվող բարեփոխումների ուղղությամբ: Մի խոսքով, այսօր ընդդիմության օրակարգում մաքսիմալիստական պահանջներ են: 

Եթե հիշում եք, վերջերս ես անդրադարձել էի Ուկրաինայում տիրող իրավիճակին և կարծիք հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, ուկրաինական իշխանությունները կփորձեն ուժի դիմել, որպեսզի փորձեն հարթել երկրում ստեղծված ներքաղաքական անկայուն իրավիճակը: Տեսեք, ըստ Ուկրաինայի ընդդիմադիր «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի, Կիև են բերվել սադրիչներ, որպեսզի նրանք մեքենաներ այրեն, ցուցափեղկեր կոտրեն, գողություն անեն և կռիվներ սադրեն: Կլիչկոյի կարծիքով՝ օգտագործելով սադրիչներին՝ իշխանությունները «ցանկանում են Կիևում քաոս ստեղծել», ապակայունացնել իրավիճակը, որպեսզի արտակարգ դրություն հայտարարելու առիթ ունենան, սակայն, դրան զուգահեռ երեկ պարզ դարձավ, որ կառավարությունը պատրաստ է փոխզիջման գնալ վերջերս ընդունված աղմկահարույց օրինագծի ընդունման հետ կապված: Այս մասին էլ հայտնել է «РБК-Украина»-ն` հղում անելով «Բատկիվշինի» կուսակցության ընդդիմադիր պատգամավոր Անդրեյ Պավլովսկուն: 

Հիմա տեսեք, թե ինչ հետաքքիր իրավիճակ է: Մի կողմից մենք տեսնում ենք, որ Ուկրաինայի իշխանությունները «պատրաստակամություն» են հայտնում համագործակցել ընդդիմության հետ և նույնիսկ, այսպես ասած, «փոխզիջման» են գնում, բայց մյուս կողմից փորձում եմ վերահսկողությունից դուրս եկող իրավիճակը իրենց ձեռքը վերցնել՝ առանց ընտրվող միջոցների խտրականության, այլ կերպ ասած սադրելով, որպեսզի ոչ մի դեպքում չգնան այլ «փոխզիջմանը»՝ ավելի կարևոր հարցում: 

Ընդդիմադիրներն այսօր փորձում են հասնել իշխանափոխության, որին բնականաբար կհաջորդի զոհի կերպարում հայտնված ընդդիմության «հոգևոր» առաջնորդի ազատ արձակումը (Յուլիա Տիմոշենկոյի), իսկ այ դրանից հետո արդեն կիրականացնեն այն գաղափարը, որին, ինչպես քիչ առաջ նշեցի, տենչում է ընդդիմությունը. ԵՄ-ի հետ կստորագրեն այդ չարաբաստիկ Ասոցացման պայմանագիրը և կհամարեն «ազգի» առջև իրենց գործը կատարած: Նման բան, իհարկե, ոչ մի կերպ չի կարող թույլ տալ ռուսամետ Յանուկովիչը, որը կօգտագործի իր բոլոր հնարավոր և անհնար լծակները՝ ճնշելու և մասնատելու համար այս շարժումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել