ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն երեկ հայտարարեց, որ հունվարի 20-ի՝ լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանը կրկին լարված էր: Բանն այն է, որ հրադադարի խախտումները որպես այդպիսին նորություն չեն մեր իրականության մեջ, բայց վերջին զարգացումների համատեքստում և նման մասշտաբներով այն աննախադեպ է: Վերջին 20 տարիների ընթացքում տարբեր փոքր դիվերսիոն խմբեր փորձեր են կատարել ներխուժել մեր դիրքեր և դրանցից ոմանք նույնիսկ ինչ-ինչ «հաջողություններ» են գրանցել, բայց վերջին դիվերսիոն խումբը բաղկացած է եղել մի քանի տասնյակ զինվորականնրից բաղկացած ջոկերից: Հիմա պարզապես ասել, որ նման գործողությունները միտված էին խափանելու բանակցային գործընթացը, կնշանակի ոչինչ չասել, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանը միշտ էլ պետք եղած ժամանակ դիմել է նման քայլերի, և սա նորություն չէ: Սակայն սա կարող է ունենալ ոչ միայն քաղաքական ենթատեքստ, այլև կոնկրետ, առանց որևէ ենթատեքստ ունենալու, լինել ռազմական հետախուզության օրինակ և փորձ ստուգել սեփական թշնամու զգոնությունն ու մարտունակությունը: 

Ռազմական գործից քիչ թե շատ հասկացող ցանկացած մարդ կհասկանա, որ հետախուզել թշնամու դիրքերը միայն սեփական դիտակետերից, մեղմ ասած, բավարար չէ: Չի բացառվում, որ Ադրբեջանը փորձել է ուսումնասիրություններ կատարել տեղում և հաջողության դեպքում, մշակել այլընտրանքային ռազմական հարձակման սցենարներ՝ հիմնվելով նմանատիպ գործողություններից ստացված տեղեկությունների վրա: Կամ էլ առանց ինչ-որ լուրջ վերլուծություն պահանջող գորոծողություն էր, որը միտված էր գրավել ռազմական նշանակության ունեցող մեր դիրքերից մեկը: 

Այսօր Ադրբեջանը ահռելի քանակությամբ զենք-զինամթերք է գնում, որպեսզի, ըստ Ալիևի, ազատագրի իրենց տարածքները հայկական օկուպացիայից: Մենք շատ անգամ ծաղրանքով ենք մոտենում նման հայտարարություններին (շատ անգամ տեղին), սակայն փաստը մնում է փաստ, որ զենքի աննախադեպ ծավալների ակումուլիացիան հանգեցնում է հակամարտությունների վերակենդանացման: Այսօր մենք առանց այն էլ որոշ առումներով տանուլ ենք տալիս սպառազինությունների մրցավազքում, եթե դա ավելի խորանա՝ մենք մշտապես զգոն չլինենք, և թուլացնենք մեր մարտունակությունը, ապա Ալիևի անլուրջ և երբեմն էլ ծիծաղելի հայտարարությունները կդառնան ոչ անլուրջ, ոչ էլ հատկապես ծիծաղելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել