Ինձ համար հանելուկ է մնում, թե ինչո՞ւ են որոշակի ուժերի, «չեզոքների» եւ «օբեկտիվիստների» կողմից այդքան «արդիական» պահվում հատկապես առաջիների սխալների եւ մեղանչման «հարցերը»: Հետաքրքիրն այն է, որ ես լինելով առաջին իշխանության մեջ, հետագայում մեր իշխանությանը վերագրվող «սխալների ցուցակի» մեջ երբեւէ չեմ տեսել այնպիսի սխալներ, որոնք իրապես տեղ են գտել մեր գործունեության մեջ: Հայտնի բան է, իշխանության անցնելուց հետո մինչեւ վերջին օրը ոչ ոք ապահովագրված չէ սխալներ կատարելուց եւ ոչ էլ դրանք կատարելու պայման է մասնավոր շահը, այլապես դա «սխալ» չի կարող կոչվել, որովհետեւ դա հանցագործություն է: Այստեղից բխում է, որ մեր կատարած սխալները առնվազն ռազմավարական բնույթի չեն եղել, այլ ավելի շատ թելադրված են եղել ստարտային անօրինակ անբարենպաստ պայմաններից, որոնք համարյա ամեն օր նորանոր բարդ խնդիրների առջեւ էին կանգնեցնում իշխանությանը: Փաստն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀՀ առաջին իշխանությունը, չնայած այդ անբարենպաստ պայմանների, կարողացավ երկիրը ոտքի կանգնեցնել եւ իշխանությունը զիջել այն ժամանակ, երբ երկիրը զարգացում ուներ, բայց չուներ զարգացման հեռանկար, որը ստեղծելուն դեմ դուրս եկան վարչապետ ՌՔ-ն, պաշտպանության նախարար Վազգենը եւ ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարար ՍՍը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել