Civilnet.am-ը գրում է.

«Դ!եմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը հունվարի 17-ինհաղորդագրություն է տարածել` ողջունելով «ՎիվաՍել-ՄՏՍ»-իհայտարարությունը, որով ընկերությունը հերքում էր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները, թե ինքն «արգելում է իր աշխատակիցներին մասնակցել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ իրականացվող բողոքի ակցիաներին»: Ավելի վաղ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը որոշում էր կայացրել փոխհատուցել իր աշխատակիցների կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վճարվելիք գումարները:

«Դ!եմ եմ»-ի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ հստակ հայտարարվում է ընկերության դիրքորոշումը կենսաթոշակային նոր օրենքի վերաբերյալ:

Նշենք, որ դեռևս հոկտեմբեր ամսին ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտնել է իր մտահոգությունը օրենքի կապակցությամբ և նամակով դիմել է ՀՀ վարչապետին` առաջարկելով վերանայել օրենքը և օրենքից հանել պարտադիր բաղադրիչը: Հաղորդագրությունում, փաստորեն, ասվում է, որ ընկերությունը փոխհատուցում է իր աշխատակիցների ֆինանսական նոր բեռը` ելնելով միայն ընկերության վարած ներքին քաղաքականությունից, դրանով իսկ սատարելով իր աշխատակիցներին և այս քայլը չի դիտում որպես խնդրի լուծում: Ընդգծենք նաև, որ հաղորդագրությունում նշված է. ««ՎիվաՍել-ՄՏՍ»-ը երբևէ չի սահմանափակել աշխատակիցների կողմից սեփական կարծիքն ազատ արտահայտելու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը»: Ինչով փաստորեն ընկերությունը հայտարարում է, որ պայքարի մեր ուղին համարում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը: Նաև ընկերությունը ցույց տվեց, որ համակարծիք է օրենքի դեմ ընդվզող քաղաքացիներին, և աշխատավարձերի բարձրացումը որևէ կերպ չի խոչընդոտում իր աշխատակիցներին շարունակելու հետագա պայքարը: Մենք բոլորս պետք է ողջունենք ընկերության դիրքորոշումը և կոչ անենք բոլոր մեծ ընկերություններին նույնպես հանդես գալ հայտարարությամբ և ցույց տալ իրենց վերաբերմունքը «Կուտակային կենսաթոշակային» օրենքի վերաբերյալ:

Նշենք նաև, որ նախաձեռնության որոշ անդամներ ինքնաբուխ կերպով ստեղծել են «ՎիվաՍելի» ծառայությունները բոյկոտելու իրադարձությունը, ինչը պայմանավորված է պարոն Յիրիկյանի հայտարարության այն մասի հետ, որտեղ նա նշում է, որ փողոցում պայքարը քաղաքակիրթ մեթոդ չէ: Սա կարող էր տարակարծությունների տեղիք տալ և անուղղակի ճնշում դիտարկվել ընկերության աշխատակիցների վրա: Սակայն, համաձայն ընկերության վերջին հայտարարության մեջ հստակորեն հնչեցված դիրքորոշմանը` ակնհայտ է, որ ընկերությունը սատարում է քաղաքացիների՝ սահմանադրությամբ թույլատրելի պայքարի միջոցները: Հուսով ենք, որ այն կփարատի բոլոր հնարավոր կասկածները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել