Nyut.am-ը գրում է.

Սահմանի վրա ստացվող գազը բնակչությանը վաճառվում է գրեթե կրկնակի գնով, բնական գազի 1 խորանարդ մետրի սակագինը բնակիչ-բաժանորդների համար անցյալ տարվանից բարձրացավ 24 դրամով (132-156 դրամ) կամ 18 տոկոսով, մինչդեռ, կարծես առիթից օգտվելով, էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց 27%-ով` երկտարիֆային հաշվիչ չունեցողների համար 30 դրամից թռցվեց 38 դրամի: Բնականաբար, համապատասխան հիմնավորումներ, բացատրություններ չեղան, իսկ այն, ինչ հրապարակվեց, մի շարք առումներով անհամոզիչ էր և անընդունելի:

Նորմալ, այսինքն` իրավական երկրում այսօրինակ «պարադոքսերով», կարծում ենք, պետք է հետաքրքրվեին իրավապահ, այդ թվում նաև` ազգային անվտանգության մարմինները: Հայաստանը, սակայն, այս վիճակից դեռ հեռու է, համակարգային կոռուպցիայի պայմաններում գտնվող մեր երկրում նման բան չենք կարող ակնկալել: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «ՀայՌուսգազարդ» ընկերություններն ինչ սակագներ ցանկանում, ներկայացնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Նշված հանձնաժողովն էլ ինչ սակագներ ցանկանում, հաստատում է:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ 2013թ. գարնանը, երբ դեռ խոսակցությունների վրա էին թանկացումները, իրենք առաջարկել են, որ համապատասխան բացատրություններ, հիմնավորումներ ներկայացվեն, սակայն «ՀայՌուսգազարդ» ընկերությունը հաշվետվություն չի ներկայացրել, դրա փոխարեն գերադասվել է կիրառել հայտնի զեղչը, որը կատարվեց գազի գնի սուբսիդավորմամբ:

«Բնականաբար, էլեկտրաէներգիայի սակագինը նույնպես շատ խութեր ունի, և այստեղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է մանրակրկիտ ուսումնասիրել իրավիճակը,- ասաց Թաթուլ Մանասերյանը:- Գազի մասով շատ խնդիրներ կան չլուծված, նախ «ՀայՌուսգազարդը» պետք է հիմնավորի սակագինը, ներկայացնի, թե ինչ ծախսեր են կատարում և որ ծախսերն են ներառում շահույթի մեջ, հատկապես չհարկվող շահույթի մեջ, և գնի մեջ: Այս իմաստով բավական մեծ փոփոխություններ են տեղի ունեցել հատկապես ներդրումային քաղաքականության ասպարեզում, արդեն մի քանի տարի է, գազիֆիկացումը, որպես այդպիսին, ի բացառություն որոշ դեպքերի, չնչին դեպքերի, կասեցվել է, չկա արդեն այդպիսի լայնատարած գազիֆիկացման ներդրումային ծրագիր: Այսինքն` ինչ արվել, արվել է արդեն, և այն, ինչ նախկինում էր ներառվում սակագնի մեջ, հիմա չի կարող ներառվել: Սա, ամեն դեպքում, ենթադրությունների մակարդակի վրա է, որովհետև դեռևս չի ներկայացվել ինչ է իրականում արվում: Այդ դեպքում միայն մենք կարող ենք առարկայական խոսակցություն ունենալ, որպես տնտեսագետ, ես սիրում եմ հաշվարկներ: Այնուամենայնիվ, կարծում եմ զգալի տեղ կա սակագնի իջեցման, եթե նաև համեմատենք, թե սահմանի վրա ինչ գին ենք մուծում, և ինչքանով է գազը սպառողին հասնում: Դրանից բացի, կան նաև տեխնիկական լուրջ խնդիրներ` կապված և՛ գազի որակի հետ` կալորիականություն և այլն, և՛ գազի հաշվիչների հետ: Կան հաշվիչներ, որոնք 10 տարի է, արդեն չեն փոխվել և հայտնի չէ ինչ ձևով, ճշտությամբ, սկզբունքով են աշխատում: Կան հաշվիչների, նաև էլեկտրական հաշվիչների ստուգման կայաններ, բայց ինձ մոտ լուրջ կասկածներ կան, որ դրանք պարբերաբար ստուգվում են: Անձամբ ինձ մոտ և շատ բնակիչների մոտ հաշվիչները տարիներով չեն ստուգվել, հիմա փոխարինման գործընթաց են սկսել, և էլի շատ կասկածելի սկզբունքներով: Այսինքն` այստեղ լուրջ աշխատանքներ պետք է կատարել, որպեսզի, նախ՝ հիմնավորեն սակագինը, և երկրորդ` բնակչությանը, ի վերջո, հաշվետու լինեն: Նույնը կարող եմ ասել էլեկտրաէներգիայի վերաբերյալ»:

Արթուր Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել