Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այսօր Ազատության հրապարակում էին: Դուք ազգի էն հատվածն եք, ում հետ ես ուզում եմ ապրել ու կառուցել նոր Հայաստան: Հատկապես շնորհակալություն բոլոր տարեցներին, ովքեր մեզ հետ՝ կողք-կողքի դուրս էին եկել պայքարի՝ երիտասարդական ավյունով ու վճռականությամբ լեցուն: Շնորհակալություն բոլոր մայրերին ու քույրերին, ովքեր հայուհու խրոխտ կեցվածքով ու իրենց որդիներին ավելի լավ ապագա տալու հույսով դուրս էին եկել փողոց: Շնորհակալություն բոլոր երիտասարդներին, ում բաժին է ընկել դժվարագույն ժամանակներ ու մեծագույն պատասխանատվություն, և ովքեր դեռ ապրելու են էն լուսավոր երկրում, որը ամենքիս երազանքն է:

Առանձնահատուկ խորին շնորհակալություն սահադաշտում անհոգ սահող ոսկե երիտասարդությանն ու սրճարանների փեղկերից այն կողմ սուրճ ֆռթացնող ընտրյալներին, ովքեր անթաքույց քմծիծաղով նայում էին դրսում՝ պայքարի դուրս եկած զանգվածին: Դուք մեղավոր չեք, որ դեռ չեք գիտակցում, բայց ես մեծագույն սիրով ձեր փոխարեն էլ կսառչեմ, ի՜նչ մեծ բան է որ...

Ու ոչինչ, որ ոտքերս սառչել են ու ցրտահարվել, կարևորը, որ ես երկու ոտքով ամուր կանգնած եմ ԻՄ ՀՈՂԻՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել