Այսօր բոլորը սպասում են հունվարի 25-ին, երբ Սահմանադրական դատարանը (ՍԴ) պետք է Պարտադիր կուտակային կենշաթոշակային համակարգի օրենքի կիրառումը կասեցնելու որոշում ընդունի, իսկ նման որոշում ընդունելոց հետո՝ մարտին, քննարկի դրա սահմանադրականության հարցը, որից հետո վերջապես կհասկանանք սահմանադրական է արդյոք բարեփոխման այս ձևը, թե ոչ: Նորմալ ժողովրդավարական երկրներում այս ընթացակարգը գործում է բնականոն և արդյունավետ կերպով, բայց մեզ նման նորաստեղծ ժողովրդավարական, իսկ որոշ ավելի կոշտ գնահատականներով, կիսաավտորիտար երկրներում, թե´ գործընթացը, թե´ կառույցի գոյությունը որպես այդպիսին կրում են չափազանց ֆորմալ բնույթ: Սակայն, չխախտելով դասագրքային ժողովրդավարության մեխանիզմներն օգտագործելու հերթականությունը, Աժ չորս ոչիշխանական քաղաքական ուժերն ու «Դեմ ենք կենսաթոշակային պարտադիր վճարին» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այնուամենայնիվ դիմել են ՍԴ՝ ամենևին հույս չունենալով, որ կկայացվի արդար, այլ ոչ թե քաղաքականացված, խոնարհ, կամ էլ, լավագույն դեպքում այնպիսի խուճուճ մի որոշում, որը կարդալիս ոչ ոք ոչինչ չի հասկանա: Հենց այդ հույսը չունենալու պատճառով էլ ակտիվիստներն արդեն իսկ հայտարարել են, որ անկախ վճռի բովանդակությունից պայքարը շարունակվելու է, իսկ քաղաքական ուժերը խոստացել են քննարկել նրանց հետ ապագա գործողությունների ծրագիրը:

Սա բացառիկ հնարավորություն է, որ երկրի դատական իշխանության մարմինը փորձի մի փոքր վերականգնել սեփական հեղինակությունը, որը զգալիորեն տուժել է վերջին քսան տարիների ընթացքում, իրենց իսկ կողմից սահմանադրական ոգուն հակառակ գործողությունների արդյունքում, և վերջապես հույս ներշնչի, որ հակակշիռների և զսպումների մեխանիզմը, ճիշտ է փոքր մասշտաբներով, բայց այդուհանդերձ կարող է և մե´ր երկրում դրսևորվել: Բնավ չի բացառվում, որ այսօրվա հանրահավաքին մասնակցող մարդկանց թվաքանակաը և դրան հաջորդող օրերին համակարգված գործողությունները կարող են ազդել ՍԴ-ի որոշման վրա: Ի վերջո, եթե ժողովուրդն իր լայն սպեկտրով ոտքի կանգնի և տեր կանգնի իր իրավուքներին, ՍԴ-ին ոչինչ չի մնա քան առաջնորդվել այդ ուժի՝ իսկական ուժիմ կաքի ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել