2010 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանի Շահումյանի (Երրորդ գյուղի) գերեզմանատանը տեղի ունեցավ միջազգային կրիմինալ աշխարհի «հեղինակություններից» մեկի` Արմեն Հարությունյանի հուղարկավորությունը: Նա ավելի շատ հայտնի էր Արմեն Կանևսկի անունով: Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների համաձայն` իրենց «գործընկերոջը» վերջին հրաժեշտը տալու ցանկություն էին հայտնել Ռուսաստանի (նախկին Խորհրդային Միության) կրիմինալ աշխարհի շատ ներկայացուցիչներ, սական գերեզմանատանը ներկա էին միայն Դեդ Հասանի` Ասլան Ուսոյանի թոռը և «օրենքով գող» Կամո Սաֆարյանը: Ամեն դեպքում հուղարկավորությանը ներկա շատ ու շատ մարդիկ այդ օրը Հայաստանում գտնվող մի քանի «օրենքով» հայ գողերից ու հեղինակություններից բացի ուրիշ ծանոթ մարդկանց տեսնել չէին կարող: Առավել ևս, որ հուղարկավորությանը, ըստ ավանդույթի և արարողակարգի, ակնդետ հետևում էին Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները: Սա բնական է, և այս արարողակարգը հատուկ է բոլոր երկրների իրավապահներին:

Կրիմինալ աշխարհում կարևորագույն հարցերը լուծվում են գողական հավաքների` «սխոդկաների» ժամանակ, որոնք կազմակերպվում են հանցագործ աշխարհում «հեղինակություն ու երևելի» համարվող մարդու ծննդյան տարեդարձի, հուղարկավորության և մահվան տարելիցի ժամանակ: Այս մասին շատ լավ գիտեն նաև իրավապահները. նրանք փորձում են վերահսկել այդ հավաքները, անհրաժեշտության դեպքում նաև ձերբակալություններ են կատարում: Հատկապես հուղարկավորությունների ժամանակ ներկա են լինում նաև այնպիսի մարդիկ, պետական այնպիսի աստիճանավորներ, որոնց մասնակցության մասին երևակայել անգամ հնարավոր չէ: Այսպես եղավ նաև Արմեն Հարությունյանի`  Կանևսկու պարագայում: Հայաստանյան մամուլն սկսեց անչափ եռանդուն, կարելի է ասել չափից ավելի «եռանդուն» աշխատել:
«Տեղեկաարտահոսք» եղավ, որ նախօրեին` դեկտեմբերի 20-ին, Կանևսկու հոգեհանգստին ներկա են եղել հայ զինվորականության երեք բարձրաստիճան անձինք` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Գասպարյանը, գեներալ Հայկազ Բաղմանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանը: Սակայն հենց հաջորդ համարում «Ժամանակ» թերթը տպագրեց իր իսկ ներկայացրած տեղեկության հերքումը: Թերթն իր հերքման տեքստում նշում է, որ սխալը սպրդել էր այն պատճառով, որ այն տան մոտ, որտեղ հոգեհանգիստն էր տեղի ունենում, կայանված է եղել Գասպարյանի տրամադրության տակ եղած ավտոմեքենաներից մեկը, սակայն թերթի խմբագրության «կրկնակի ստուգումից» հետո պարզվել է, որ Վլադիմիր Գասպարյանն այդտեղ չի եղել: Հայկազ Բաղմանյանն ու Արշալույս Փայտյանն իրոք մասնակցել են հուղարկավորությանը, և թերթում տպագրված տեղեկությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ՀՀ նախագահի աշխատակազմում: Թերթի հաղորդագրության համաձայն` այս երկուսն էլ հրավիրվել են նախագահական` բացատրություններ տալու:
Ո՞վ էր Արմեն Հարությունյանը, որի հուղարկավորությունն օրվա կարևոր իրադարձություն դարձավ, ավելի կարևոր, քան, ասենք, ինչ-որ Արմեն Ղազարյանի անպատկառ հայհոյախոսությունը բանաստեղծ Մետաքսեի հասցեին կամ, օրինակ, ձվի շուկայում գների կտրուկ աճը: Դա բնական է: Դժբախտաբար այսօր մեզ ավելի շատ հետաքրքրում են սուր համեմունքները, քան բնական, նորմալ ապրելակերպը: Ուրիշ երկրներում չգիտեմ ինչպես, բայց մեզանում սենսացիաների, վարկաբեկումների, «բաց» և «փակ» թղթապանակների ծարավ կա: Այսպես է նաև Արմեն Հարությունյանի դեպքում:
Ըստ մեր ձեռքի տակ եղած տեղեկությունների` Արմեն Հարությունյանը ծնվել է Երևանում, 1970 թվականին: 1997 թվականին նրան շնորհվում է «օրենքով գողի» կոչում: Այս բարձրագույն տիտղոսը նրան շնորհել է խորհրդային և ետխորհրդային շրջանի կրիմինալ աշխարհի հսկաներից մեկը` Ասլան Ուսոյանը` Դեդ Հասանը: Կրասնոդարում գումարված գողական հավաքի ժամանակ նրա թեկնածությունը պաշտպանել են «օրենքով գողեր» Չիչխենն ու Վոլչոկը (ազգությամբ թաթար և ռուս այս հեղինակությունները Հարությունյանին տեսել ու փորձել էին ամենածայրահեղ իրավիճակներում): Այդ ժամանակ Հայաստանից հեռացած Արմեն Հարությունյանը ոչ միայն մասնակցել էր առանձին արկածախնդրությունների, այլև արդեն մականուններ ուներ` “Пухлый” («Թմբլիկ», «Փափլիկ») և «Կանևսկոյ»: Առաջին մականվան բացատրությունը կապված է նրա իրոք թմբլիկության հետ, իսկ երկրորդը ստացել է Ռուսաստանի հարավում` Կրասնոդարի երկրամասի Կոնևսկոյ շրջկենտրոնում գրանցված լինելու համար: Այս հսկա երկրամասում Դեդ Հասանը և կրիմինալ աշխարհի մյուս հեղինակությունները Արմենին նշանակել էին Կուբանի գյուղատնտեսական տարածքները «նայող»: «Գողական այս պաշտոնը» ստանձնած Պուխլին հետևում էր, որ գյուղմթերք վերամշակող ձեռնարկությունները ժամանակին ու կարգապահ ձևով իրենց եկամուտներից հարկ մուծեին գողական դրամարկղին` «օբշչակին»:
Արմենը աստիճանաբար հետաքրքրություններ ձևավորեց նավթային բիզնեսում (անշուշտ նավթամթերք ձեռք բերելու և վերավաճառելու իմաստով): Այս տարիներին այս բիզնեսում մեծ կարողություններ կուտակեցին հայերը, ովքեր հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ պաշարների սակավությունը` հազարավոր տոննաներով նավթամթերք էին ձեռք բերում Ռուսաստանի հարավային տարածքներում, հատկապես առավել ազատ գործող Կրասնոդարի երկրամասում, և բերում էին Հայաստան: Հասկանալի է, որ այս ներկրողները զգալի եկամուտներ ունեին: Դժգոհ չէին նաև Արմեն Կանևսկին ու նրա գործընկերները Կրասնոդարում: Հասկանալի է, որ Արմեն Հարությունյանն ու նրա ընկերները չէին հրաժարվում կրիմինալ աշխարհում մեծ տարածում գտած ավանդական գործելաոճից` շորթում, մարդկանց առևանգում, զինամթերքի վաճառք, ֆինանսական խաբեություն, թալան, գողություն:
Իհարկե, չէին կարող չբախվել Արմեն Կանևսկու և այլ հեղինակությունների շահերը: Ամենախոշոր բախումը, որքան էլ ցավալի է, տեղի ունեցավ մեր երկու հայրենակիցների` Արմեն Հարությունյանի և Ալիկ Մինալյանի` Ալիկ Սոչինսկու միջև: Ի՞նչ ունեին կիսելու այս երկու հայերը, որ չկարողացան կիսել:

Հիշեցնենք, որ Ալիկ Մինալյանը «թագադրվել է» 2000 թվականին, ամենաազդեցիկ գողեր Դեդ Հասանի և Զախարի Քալաշովի` Շաքրո-կրտսեր հովանավորությամբ (երկուսն էլ` կովկասցի): Մինալյանի «կնքահայրը» քրեական աշխարհում մեծ հարգանք վայելող վրացի «օրենքով գող» (այժմ` հանգուցյալ) Դաթիկո Ցիխելաշվիլին էր` Դաթո Տաշկենտսկին: Թագադրումից անմիջապես հետո Մինալյանը մեկնում է Հայաստան` մասնակցելու գողական հավաքին, որի ժամանակ «օրենքով գող» Արմոն թագազրկվում է: Ալիկը չէր էլ կարող պատկերացնել, որ իր մահից կարճ ժամանակ առաջ հենց ինքն է հայտնվելու խեղճուկրակ Արմոյի վիճակում:
Մինալյանի մշտական բնակության վայրը Սոչիի Խոստաժի շրջանն էր: Նա Ռուսաստանի հարավի ամենահեղինակավոր և հարուստ գողերից էր: Ալիկը Կրասնոդարում գլխավորում էր տնտեսական և ունեցվածքային ուղղվածության ծանր ու առանձնակի ծանր հանցագործություններ կատարելու մեջ մասնագիտացված հանցագործ մի խումբ: Ռուս իրավապահների ձեռքի տակ եղած տվյալով` Ալիկ Մինալյանը վերահսկում էր Սոչիում և Կրասնոդարի երկրամասի Սևծովյան ափի հարակից շրջանների առևտրական մի շարք օբյեկտներ, նաև Տուապսե քաղաքի նավահանգստի մի մասը: Իսկ իր մահից քիչ առաջ Մինալյանը փորձում էր «քրեական հսկողություն» իրականացնել Կրասնոդարի երկրամասի ուղղիչ-աշխատանքային հաստատությունների, այսինքն` բանտարգելության վայրերի նկատմամբ:
Ասում են, որ Մինալյանի ավագ «գործընկերները» նրա հետ մեծ հույսեր էին կապում և նրան նախապատրաստում էին հայ «օրենքով գողերին» ու գողական դրամարկղը` «օբշչակը» հսկողի դերի համար: Սակայն նրա ճակատագիրն այլ կերպ դասավորվեց: Բարեկեցությունը և անկախ, երբեմն` ամբարտավան բնավորությունը նրան վերջնականապես հանեցին «գործընկերների» դեմ: Ասում են, որ 2007 թվականի մարտին Կրասնոդար մուտք գործելու ժամանակ Մինալյանի ձերբակալությունը տեղի է ունեցել տեղի «օրենքով գողերի» օգնությամբ, և ազատությունն Ալիկի համար մի կլորիկ գումար է արժեցել: Հասկանալով, որ իր դեմ պատերազմ է հայտարարված` Մինալյանը որոշել է հակառակորդի դեմ պայքարել ձեռներեցի` բիզնեսմենի իր բնույթին ավելի բնորոշ միջոցով, այսինքն` նրանց տնտեսական հիմքերը քայքայելով: Գաղտնիք չէ, որ կրասնոդարցի շատ «օրենքով գողերի» եկամտի հիմնական աղբյուրը թմրանյութերի տարածումն է և դրա վերահսկողությունը: Ալիկ Մինալյանը մեծ պատերազմ հայտարարեց` փակելով մատակարարումների աղբյուրները:
… 2009 թվականի հունվարի 20-ի երեկոյան Կրասնոդարի “CB” սրճարանում հավաքվել էին մոտ մեկ տասնյակ <<օրենքով գողեր>>: Ալիկը մինչև <<սխոդկայի>> հավաքվելը զգում էր, որ իր գլխին սև ամպեր էին կուտակվում, սակայն չէր կարող պատկերացնել, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: <<Գործընկերները>> խիստ մեղադրանքներ ներկայացրին. Ալիկը ոչ միայն վնասում է համատեղ <<բիզնես-ծրագրերի>> ժամանակ, այլև <<օբշչակի>> փողերն է յուրացնում: Գողական <<եղբայրակցության>> մեջ սա չլսված, աններելի հանցանք է, որի համար պատիժն էլ խիստ է լինում: <<Սխոդկան>> նախագահող Արմեն Կանևսկին առաջարկեց պարզապես <<խփել Ալիկի ականջին>>, այսինքն` զրկել <<օրենքով գողի>> կոչումից: Սա ամենամեծ անպատվությունն էր Սոչինսկու համար: Նա, իհարկե, Սոչիի և Կրասնոդարի երկրամասի ամենասիրված մարդկանց թվում չէր, ավելին` շատերը նրան չէին հարգում (խոսքը շարքային քաղաքացիների և իրավապահների մասին է), սակայն հզոր էր նա, շատ հզոր: Եվ հիմա իր ընկերները, այն մարդիկ, ովքեր իր հետ երկար ճանապարհ էին անցել, իրեն մեղադրում են գողական աշխարհի մահացու մեղքերի մեջ: Ցավալին այն է, որ գլխավոր մեղադրողը Կանևսկի Արմենն է, իր լավագույն ընկերը, նա, ում հետ Ալիկը շատ ու շատ դժվարությունների միջով է անցել: Ալիկն իրեն արժանապատվորեն էր պահում, բայց հայտնվեց բացարձակ փոքրամասնության մեջ: Մինալյանը «թագազրկվեց»: Սակայն նա հույսը չէր կորցրել: Դեռևս կար վերջին դատավորը` Դեդ Հասանը, որի խոսքը վերջնական կլիներ, և որը հովանավորում էր Ալիկին: Ալիկն անմիջապես ուղևորվեց Մոսկվա… Ասում են, որ սպանվելու օրը` 2009 թվականի փետրվարի 6-ին, Մինալյանը մի քանի հանդիպում է ունեցել Մոսկվայի ամենահարգված գողերի հետ: Այդ բանակցությունները, սակայն, արդյունք չտվեցին: Հարցը լուծվեց Մոսկվայի Ինիցիատիվնայա փողոցում հնչած կրակոցներով…
Այս սպանությունից հետո ոմանք կարծիք հայտնեցին, որ վարձու մարդասպանը (իսկ նրա ինքնությունը պարզվեց 6 ամիս անց` 2009-ի հուլիսին) կրակել է Արմեն Կանևսկու հանձնարարությամբ: Սակայն սա մանկամիտ բացատրություն է: Եթե Արմենը ցանկանում էր պատժել «անհնազանդ և անկառավարելի դարձած ջահելին», ապա հասել էր իր նպատակին` «թագազրկելով նրան»: «Օրենքով գողի» համար մահից ավելի դաժան բան է այս կոչումից զրկվելը:
Կարճ ժամանակ անց Արմեն Հարությունյանի կյանքում ևս մեկ կարևոր իրադարձություն արձանագրվեց: 2009 թվականի մարտի 11-ին իրականացրած հատուկ գործողությամբ Ուկրաինայի իրավապահները Կիևի «Ուկրաինա» հյուրանոցի ռեստորանում խափանեցին «օրենքով գողերի» հավաքն ու ձերբակալեցին այդ հավաքի 9 մասնակցի, որոնց մեջ էին ուկրաինացի հայտնի «օրենքով գող» Սերգեյ Լիսենկոն` Լեուս Սումսկին, և Արմենի եղբայրը` Արթուր (Արտեմ) Հարությունյանը: Հանցավոր աշխարհի հեղինակությունների հավաքի նպատակը Ուկրաինայի արևմտյան և կենտրոնական շրջաններում ազդեցությունների ոլորտները բաժանելն էր: Բայց մեկ հարց էլ պետք է լուծվեր. պատրաստվում էին «թագադրել» Արմեն Կանևսկու եղբորը, որի «թագադրումը» ձախողվել էր 2008 թվականի նոյեմբերին` Յալթայում կազմակերպված գողական համայնքի ժամանակ:

Արմեն Հարությունյանի մայրամուտն սկսվեց 2010 թվականի մայիսի 19-ին, երբ Նովոռոսիյսկի քաղաքային դատարանը (դատական արտագնա նիստն անցկացվեց Կրասնոդար քաղաքում) սպանության մեղադրանքով ազատազրկման դատապարտեց Արմեն Հարությունյանին և Մատվեյ Կարաբուլային: Այս մեկը` Սուխումում 1960 թվականին ծնված, Նովոռոսիյսկում բնակվող, Մատվեյ Սուխումսկի գողական մականունով Կարաբուլայը, դաժան ծեծի էր ենթարկել Նովոռոսիսյսկի 46-ամյա բնակչին, որն էլ մահացել էր: Քրեական գործ էր հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով: Ըստ քրեական գործի` Արմեն Հարությունյանը համարվեց սպանության կազմակերպիչ և դատապարտվեց 11 տարվա ազատազրկման, իսկ Կարաբուլայը` 10 տարվա ազատազրկման: Գործով անցնող ևս 4 հանցակիցներ նույնպես դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկման: Հարությունյանի փաստաբանները պնդեցին, որ նա չի կարող գտնվել ազատազրկման վայրում, սակայն դատավճռից հետո Արմենին փոխադրեցին Աստրախանի բանտ: Այս քաղաքի դատապարտյալների հիվանդանոցում` վերակենդանացման բաժանմունքում էլ 2010 թվականի դեկտեմբերի 18-ին իր մահկանացուն կնքեց «օրենքով գող» Արմեն Հարությունյանը` Կանևսկին: Մի կենսագրություն էլ ավարտվեց, կենսագրություն մի մարդու, ով միշտ անցնում էր կրակի միջով և չկարողացավ փրկվել:
Հոդվածը`  Նյու Մեգ ամսագրից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել