Երկիր, որտեղ պրոբլեմներից բացի, ոչինչ չկա. Յուրաքանչյուր երկիր ունի բազում պրոբլեմներ, բայց ի տարբերություն մեզ, այդ պրոբլեմները ժամանակի ընթացքում հարթվում են, հարթվում են, նախքան նոր պրոբլեմների ի հայտ գալը, և երևի դա է պատճառը, որ ժողովուրդը իր կաշվի վրա չի զգում այդ բազմաթիվ պրոբլեմների բեռը: Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ. դեռ մի պրոբլեմը չլուծած առաջ է գալիս նորը և այսպես շարունակ, այսինքն մեր մոտ պրոբլեմների ակտիվ կուտակման պրոցես է տեղի ունենում: 
Մի կողմից համատարած աղքատությունը, որը ոչ մի կերպ չի հաղթահարվում, մյուս կողմից ստվերը, կոռուպցիան կաշառակերությունը, որի չափերը ոչ թե նվազում են, այլ մեծանում, այս ամենի կողքին արտագաղթը, էլ չենք ասում, որ ոչ մի կերպ չի ստացվում արտաքին պարտքերի մարել, իսկ բյուջեի դեֆիցիտի մասին խոսել անգամ չարժե, քանզի մենք չենք էլ պատկերացնում, թե իրականում ինչքան է մեր բյուջեի դեֆիցիտը: Եվ այս ամենի առկայությամբ նոր գլոբալ խնդիրների ծագում` Եվրոպա՞, թե Մաքսային միություն: 
Պրոբլեմները այնքան շատ են, որ նույնիսկ այնպիսի հարցերը, ինչպիսին է տրանսպորտի սակագները, կամ թոշակի հետ կապված հարցերը, երկրաչափական պրոգրեսիայով մեծանում են և լրացնելով գերխնդիրների ցուցակը: Շատ անգամ այնպիսի պրոբլեմները, որոնք նորմալ զարգացած երկրներում մեծ աժիոտաժ կառաջացնեին, մեզ վրա նույնիսկ ազդեցություն էլ չեն թողնում, կարելի է ասել՝ մենք նմանատիպ մանր-մունր բաների վրա այլևս ուշադրություն էլ չենք դարձնում: Այնպիսի լուրջ հարցեր, ինչպիսին են մարդու իրավունքների ոտնահարումը աշխատավայրերում, կամ ընդհանրապես… արդեն որպես պրոբլեմ չի էլ դիտարկվում…: Օրինակ երբ բարձրաձայնում ես, որ գիտեք այ էս ինչ տեղը մարդու իրավունքների կոպիտ խախտում է տեղի ունեցել, քեզ միանգամից ընդհատում են և ասում`ինչի հետևից ես ընկել, սպասի նայենք՝ այս ամենի տակից ո՞նց ենք դուրս գալու:
Հ.Գ. Եվ ամենամեծ պրոբլեմը այն է, որ այս ամենին զուգահեռ մեր հանրությունը տարանջատված է իրարից, չկա միասնություն, դրա փոխարեն առկա է հսկայական անջրպետ աղքատների և հարուստների միջև, և այս պայմաններում մենք թե ոնց պետք է լուծենք այսքան կուտակված խնդիրները, միայն Աստված գիտի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել