Հայհոյե՞լ, թե չհայհոյել հանգուցյալին. այս հարցը վերջերս որոշակի հնչեղություն ստացավ:
Հանգուցյալին սոսկ լավ խոսքերով կամ իր լավ գործերը հիշելու հանրային գերիշխող վարքը, ըստ իս, գալիս է այն բանի գիտակցումից, որ մարդը միայն առաքինի, լավ, հերոսական գործերի ժամանակ է դրսևորում իր իսկական բնույթը, իսկ չարագործությունների դեպքում գործ ունենք հանգամանքներից և իրավիճակներից բխող նրա ժամանակավոր դրսևորումների հետ, և մահը իր հետ տանում է նաև մարդու չարագործելու հնարավորությունը: Շատ մեծ տարբերություն կա ստալինիզմ երևույթի քննադատման, պատճառների վեր հանման և Ստալինի «ոսկորները քամուն տալու» միջև: Առաջինը տվյալ հանրության հասունության մասին է խոսում, երկրորդը՝ ոչ: Թեմայի առումով շատ խոսուն է Միխայիլ Սամուելիչ Պանիկովսկու շիրմին ասվող դամբանական ճառի հատվածը «Ոսկե հորթում»: Թուրքահպատակ Օստապ Իբրահիմիչը, որը իբր թե հարգում էր քրեական օրենսգիրքը «անաչառ» կերպով և իրեն հատուկ ցինիզմով ամփոփեց Պանիկովսկու անցած կյանքի ուղին. «Նա սագագող էր և ուզում էր ապրել հասարակության հաշվին»: Բենդերը չէր զրպարտում «նախկին կույրին», բայց և այդ դրվագում չսիրվեց հանդիսատեսի կողմից՝ ի տարբերություն Շուրա Բալագանովի և Կազլևիչի: Համաշխարհային իրադրությունից «տեղյակ» և այն հանգուցյալի հետ կապող Շուրան միայն արցունքներ ուներ պահած իրեն բազմաթիվ անգամ խաբած, կշռաքարեր սղոցել տված Պանիկովսկու շիրիմին, քանի որ ով-ով, բայց ինքը հո գիտեր, որ Պանիկովսկին հոգու խորքում այն չէր, ինչ երևում էր, և չէր ուզում լինել սագագող, բայց դե «վզիկը», «բդիկը»: «Ես չէի ուզում, Օստապ Իբրահիմիչ» անկեղծորեն բղավում էր Բալագանովը, երբ ունենալով հազարավոր ռուբլիներ, բռնվեց կոպեկներ գողանալու պահին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել