Առաջ, երբ քաղքենիական բարքերը արմատավորված չէին և մարդու հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր, տարվա ամենախորհրդավոր շրջանը ձմեռն էր: Մարդիկ հաճախ էին հանդիպում, հաճախ հյուրեր ընդունում: Հավաքվում էին վառարանի շուրջ, կիսվում հետաքրքիր պատմություններով ու երազում: Ներկայում իրավիճակը մտահոգիչ է: Սառցե թագուհին և սոցիալական անտարբերությունը խլում են բարեկամին բարեկամից: Սառնամանիքը գումարվում է համընդհանուր դեպրեսիային և սրում կոմունիկացիոն խնդիրները: Օդի ջերմաստիճանն ազդում է միջանձնային հարաբերությունների որակի վրա և, կարծես թե, սառում են մարդկանց սրտերը: Վաղեմի մտերիմները, երբեմն առանց լուրջ պատճառների, կորցնում են իրար: Ներկայում չինովնիկները լրջորեն մտահոգված են անխափան գազամատակարարում ապահովելու, քաղաքացիները բնակարանները ջեռուցելու կենսական խնդիրներով, սակայն հասարակական հարաբերությունների ջերմությունն ապահովելու խնդիրը ոչ ոքի չի մտահոգում: Այդ ջերմությունը պետք է և՛ մարդկանց, և՛ պետությանը, որովհետև դրանից է գեներացվում հասարակական էներգիան, որն անհրաժեշտ է սոցիալական և քաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել