Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ղարաբաղում առկա սպառազինությունը տարաշրջանային խաղաղության, կայունության և զարգացման հիմնական սպառնալիքն է:

Հետաքրքիր զուգադիպությամբ, Մամեդյարովը Արցախի սպառազինության ու դրա վտանգների մասին խոսում է հունվարի 9-ին, Ադրբեջանում տեղի ունեցած կառավարության հայտնի նիստից 4 օր անց, որի ժամանակ իր երկրի նախագահը, հպարտությամբ խոսում էր «ադրբեջանական բանակի սպառազինման ու բանակաշինության գործընթացի հաջողությունների մասին»:

Ավելին, իր ելույթում, Ադրբեջանի նախագահը ակնարկում էր տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտման մասին` հօգուտ Ադրբեջանի, ընդգծելով, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքում պետք է դրվի «իրական ուժերի հավասարակշռությունն ու Ադրբեջանի աճող հզորությունը»:

«Մեր բանակը աշխարհի ամենաուժեղ բանակներից է»,- ասել էր Ալիևը:

Ստացվում է, որ «աշխարհի ամենաուժեղ ու ժամանակակից զինտեխնիկայով զինված բանակներից` «ադրբեջանականը» նույնիսկ առկա «հզորության» պայմաններում, մեծ սպառնալիք է տեսնում ԼՂՀ Պաշտպանության բանակից:

Սրանից երեք հիմնական հետևություն կարելի է անել. առաջին, Ադրբեջանի նախագահը ստում է, երբ ադրբեջանական բանակը ներկայացնում է որպես աշխարհի լավագույն բանակներից մեկը, երկրորդ, Ադրբեջանում խոստովանում են, որ նույնիսկ ընթացող սպառազինության մրցավազքի պայմաններում, Ադրբեջանը էականորեն զիջում է ԼՂՀ ՊԲ-ին (ՀՀ ԶՈՒ մասին դեռ խոսք չի գնում), ինչը լուրջ սպառնալիք է ստեղծում Ադրբեջանի համար: Երրորդ, ադրբեջանական բանակի մասին լեգենդները խիստ չափազանցված են, իսկ որակական ու ռազմավարական առումով, ադրբեջանական բանակը շարունակում է զիջել. այս առումով, տարածաշրջանում ուժերի հավասարակշռվածությունը չի խախտվել (թերևս սա ամենաիրատեսական տարբերակն է):

Մի քանի խոսք տարածաշրջանային սպառնալիքների մասին. անխոս, տարածաշրջանում սպառնալիքների պակաս չի զգացվում. Հայաստանի երկու հարևանների` Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականությունը ծառայում է մեկ նպատակի` իրական արտաքին սպառնալիքներ ստեղծել Հայաստանի ու առհասարակ տարածաշրջանի համար: Հենց միայն շրջափակման քաղաքականությունն ինքնին խոսում է Ադրբեջանի ԱԳ նախարարի ելույթի` ոչ անկեղծ լինելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել