…Նախապես ներողամտություն հայցելով, որ էնպիսի դարակազմիկ իրադարձությունների լույսի ներքո, ինչպիսիք են Հայաստանի ընդդիմության տիտանի վերադարձը հայրենիք, աշխարհի բոլոր հաքերների, Մի 6-ի, Ցախալի ու ՑէԷռՈւի միացյալ ստոր դավադրությունը ընդդիմության մյուս տիտանի ֆեյսբուքյան էջը խափանելու դիտավորությամբ, կառավարության հին ու նոր գործիչների փոխադարձ ուշունցները և այլն, ես ներս եմ բրդվում էս իմ կենցաղային ճղճիմ թեմայով, այն է՝ Playstation 3-ով կինո-մինո նայելը ու սույնով աշխարհի դարդուցավից մի երկու ժամ կտրվելը։  Մեդիապարունակության կառավարման եղանակների վերաբերյալ մի գրառում էի գրել,  որտեղ նշել էի, որ PS3-ը հրաշալի մեդիակենտրոն է, բայց որոշակի թերություններով՝ մասնավորապես mkv ֆորմատի ֆայլեր չկարդալու ու միայն FAT32 ֆորմատավորված USB drive ճանաչելու պատճառով (վերջինիս արդյունթում 4ԳԲ ծավալից մեծ ֆայլերը հնարավոր չի դիտել USB կրիչի վրայից կամ ներբեռնել PS3-ի փորոտիք։

Բայց դե, HD որակի ֆիլմեր նայելը իմ նման կինոմանի համար օդի պես անհրաժեշտ բան է։ Որ նեղն ես ընկնում, մի լուծում, ինչպես միշտ, գտնում ես, չէ՞։ Հետո,  գիտությունների թեկնածու քաղաքապետի կողմից ղեկավարվող քաղաքի բնակչին չի սազում ստից որակով ֆիլմեր դիտելը։ Սիրուն չի։

Եվ այսպես.

Լուծում թիվ մեկ։

Աշխարհի բարի մարդիկ ստեղծել են MKV2VOB բարի ծրագիրը (ներբեռնել), որը ցանկացած mkv ֆայլ շատ արագ վերածում է mpeg-ի։ Շատ արագ, որովհետև էդ գործողությունը տրանսկոդինգի կարիք միշտ չի, որ ունի, ու եթե configuration-ում ավել-պակաս չբզբզանք, մի երեք-չորս րոպեում HD որակի ցանկացած ֆիլմ վերածվում է PS3-ի կողմից «հարգված» ֆայլի։ Ավելին, էս ծրագիրը նույն configuration-ում առկա ընտրանքների միջոցով կարելի է կիսել մասերի՝ յուրաքանչյուրը մինչև 4ԳԲ։ Սա էլ հեշտորեն USB դրայվի միջոցով կարելի է կամ ուղղակի նայել, կամ լցնել PS։ Ամեն ինչ պարզ, արագ, ու որակով։

Իմ նախընտրանքները Output type: file; Preferred Audio Language: Russian կամ English (ըստ ճաշակի); File splitting: 4GB; Transcoding codec: MPEG-2 (fast)։ Մնացածները՝ Automatic:

Լուծում թիվ երկու։

Աշխարհի ուրիշ բարի մարդիկ ստեղծել են PS3 Media Server բարի ծրագիրը (ներբեռնել)։ Սույն ծրագիրը թույլ է տալիս համակարգչից համարյա թե ցանկացած ֆորմատի ֆիլմերը stream անել PS3։ Այսինքն, էս տարբերակում ֆիլմը գտնվում է համակարգչում, որը որևէ տեսակի (լարով կամ անլար) ցանցի միջոցով միացված է PS3-ին։ Windows համակարգում ինքնին մեդիա սերվեր առկա է, ու հեշտությամբ կարելի է PS3-ից տեսնել համակարգչի մեդիա պարունակությունը (համապատասխան թույլտվությունները տալուց հետո, իհարկե)։ Բայց PS3 Media Server-ը մի կողմից ավելի հուսալի է աշխատում, մյուս կողմից՝ հնարավորություն է տալիս օնլայն տրանսքոդինգի։ Այսինքն համակարգչում առկա mkv ֆայլը PS3 է հաղորդվում վերջինիս համար արդեն ընդունելի ֆորմատով։ Ֆիլմը կարելի է նաև ուղղակի copy անել PS3։ Տեխնիկական փաստաթղթավորումն ու միացման ուղեցույցներն էստեղ, կամ ուղղակի էս տեսանյութում։ Հրա՜շք, մի խոսքով։

Էն էլ ասեմ, որ իմ կիսանորմալ աշխատող wifi ցանցով 12GB կշռող ֆիլմը HD 1080p ֆորմատով նորմալ ցույց տվեց (առաջին մի կես րոպեն մի քիչ կտրատելուց հետո)։

Բոլորս դեպի տորրենտներ, ընկերներ։ Զարկ տանք սինեմատոգրաֆով բդալեցուն գերբեռնված ստամոքսներին։ Ուռա՛։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել