Հունվարի վերջին սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, որի նպատակն է նախապատրաստել նախագահների մակարդակով հերթական հանդիպումը:

Եթե հանդիպման արդյունքները դրական լինի, իսկ տարածաշրջանում սրացումներ կամ իրավիճակն ապակայունացնող այլ գործոններ ի հայտ չգան, ապա մոտ ապագայում (ամենայն հավանականությամբ փետրվար-մարտ ամիսներին) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կհաջողվի ևս մեկ` նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել:

Նախագահների նախորդ` Վիեննայում կայացած հանդիպումից գրեթե 2 ամիս է անցել, որի ընթացքում առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով երկուստեք զոհեր ու վիրավորներ են գրանցվել, սակայն հռետորաբանության տեսանկյունից, կարծես թե, սրացումներ նկատելի չեն: «Օկուպացված տարածքների» թեման ադրբեջանական պաշտոնական հռետորաբանության մեջ գործածվում է, սակայն դրա շուրջ ստեղծվող «աղմուկն էականորեն իջեցված է»:

Վերջին անգամ Ադրբեջանի նախագահ Ալիևը ԼՂ հիմնախնդրին անդրադարձավ իր ամանորյա ուղերձում, սակայն այն ավելի շատ «հերթական» բնույթի էր և առանձնահատուկ նրբերանգներ չէր պարունակում:

Վիեննայում կայացած հանդիպումից հետո համանախագահները հայտարարություն էին տարածել, որում նշվում էր, թե «նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին»:

Իսկ տարածաշրջան կատարած այցի շրջանակներում, Ստեփանակերտում համանախագահները հանդիպումներ ունեցան ոչ միայն ԼՂՀ նախագահի, այլև ԼՂՀ ՊԲ հրամանատարի և քաղաքացիական սեկտորի ներկայացույցիչների հետ:

Նկատելի է, որ համանախագահները մեծ ջանքեր են գործադրում բանակցություններն ակտիվացնելու ու նախագահների մակարդակով հանդիպումներն ինտենսիվացնելու նպատակով, իսկ թե այս պրոցեսն ինչ հունով կընթանա, առավելապես կախված է կողմերի` բանակցություններից ունեցած իրական ակնկալիքներից:

Մեկ հանգամանք պետք է անշուշտ հաշվի առնել. ակտիվ բանակցությունները կամ հանդիպումները կարևոր են ու դրական, սակայն այս փուլում դրանք դեռևս բեկում կամ էական փոփոխություններ չեն ենթադրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել