Psymag.am-ը գրում է.

Օրգանիզմի ռեցեպտորները լինում են արտաքին և ներքին: Արտաքին ռեցեպտորներն ընդունում են այն գրգիռները, որոնք օրգանիզմի վրա ազդում են դրսից (մաշկի, աչքի, ականջի, լեզվի և քթի խոռոչի ռեցեպտորները): Ներքին ռեցեպտորներն ընդունում են այն գրգիռները, որոնք ծնունդ են առնում մարմնի օրգաններում (սրտի, թոքերի, աղիքների, մկանների ռեցեպտորները): 

Ռեցեպտորների նշանակությունը չափազանց մեծ է: Նրանց մեջ ծնունդ առած գրգիռը հաղորդվում է ուղեղի կիսագնդերի կեղևին և ազդանշանում այն բոլոր փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունենում օրգանիզմում և արտաքին միջավայրում: Այս գրգիռը տարբեր օրգանների գործունեության պատճառն է: Որոշ դեպքերում գրգիռը, հասնելով կենտրոնական նյարդային համակարգին, հարուցում է արգելակում, որը դադարեցնում կամ թուլացնում է այս կամ այն օրգանի գործունեությունը:

Որոշ գրգիռների ներգործությամբ ծնունդ է առնում գրգիռի շատ աննշան մի պրոցես, որն ընդունակ չէ ռեֆլեքս հարուցելու: Սակայն թույլ գրգիռի մշտապես ծնունդ առնող ալիքների նկատմամբ օրգանիզմն անտրաբեր չի մնում: Նրանք կենտրոնական նյարդային համակարգի գրգռելիությունը պահպանում են որոշակի մակարդակի վրա: Եթե շանը զրկենք նրա բոլոր արտաքին ռեցեպտորներից (լսողության, տեսողության և մյուս օրգաններում), այսինքն` դադարեցնենք գրգիռների մուտքը գլխուղեղ, ապա կենդանին շարունակ կքնի: Նա կարթնանա միայն քաղցի զգացումից և աղիքներն ու միզափամփուշտը դատարկելու անհրաժեշտությունից:

Ռեցեպտորների յուրահատկությունը

Ռեցեպտորների կարևոր հատկանիշը նրանց յուրահատկությունն է, այսինքն, միայն խիստ որոշակի գրգռիչի ազդեցությունից գրգռվելու ընդունակությունը: Այսպես, օրինակ, աչքի ռեցեպտորները գրգռվում են լույսից, ականջի ռեցեպտորները` ձայնից:

Որոշ դեպքերում ռեցեպտորները կարող են գրգռվել նաև նրանց համար ոչ հատուկ գրգռիչներից, բայց զգայարանները պահպանում են իրենց յուրահատկությունը: Այսպես, օրինակ, գլուխը մի բանի խփելիս աչքի մեխանիկական գրգիռը հարուցում է լուսային զգայություն: Դրա համար էլ գլուխը մի տեղ խփելիս աչքերի դեմը մթագնում է կամ կայծեր են թռնում (ասում են «աչքերից կայծեր թափվեցին»): Սակայն, որպեսզի այդպիսի զգայություն ծագի, հարվածը պետք է բավականաչափ ուժեղ լինի: Իսկ յուրահատուկ գրգռիչի նկատմամբ աչքի զգայությունն այնքան մեծ է, որ մարդը խավարի մեջ նշմարում է իրենից 2կմ հեռավորության վրա գտնվող մոմի լույսը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել