1  Ճապոնիա


Նոր տարին Ճապոնիայում ամենակարևոր տոնն է: Դեկտեմբերին տարբեր խնջույքներ են կազմակերպվում, որոնց մասնակիցները հրաժեշտ են տալիս անցնող տարվա խնդիրներին և մտահոգություններին և պատրաստվում են նոր տարում ամեն ինչ նոր էջից սկսել: Այդ շրջանում մարդիկ ներում են իրար սխալները, և գժտությունները հարթվում են: Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին բուդդայական տաճարների կոչնակները հնչում են 108 անգամ՝ մարդկային 108 տկարությունները վանելու համար: Ամանորը խրախճանքի ու զվարճանքների օր է, և ոչ մի գործ չպետք է թողնել այդ օրվան: Երեխաները ստանում են օթոշիդամաներ (փոքրիկ նվերներ, որոնց մեջ փող է դրված):

 2  Իսպանիա


Իսպանացիները Նոր Տարվա օրը՝ ուղիղ կեսգիշերին, 12 հատիկ խաղող են ուտում: Այս ավանդույթի խորհուրդն այն է, որ նոր տարվա 12 ամիսները անցնեն երջանիկ մթնոլորտում:

 3  Նիդերլանդներ


Հոլանդացիները խարույկ են վառում և հրավառություն անում փողոցներում: Նրանք հավատում եմ, որ կրակի մեջ կայրվեն անցնող տարվա բոլոր բացասական երևույթները:  

 4  Շոտլանդիա

Շոտլանդիայում Ամանորի հետ կապված մի շարք հավատալիքներ ու ավանդույթներ են տարածված: Այսպես, Ամանորի նախօրեին հարևանները այցելում են իրար տներ՝ իրենց հետ իբրև նվեր տանելով ածուխի կտոր, որը հետագայում գցում են բուխարու մեջ: Համարվում է, որ տարին առանձնապես բարեբեր կլինի, եթե նոր տարում առաջինը տուն մտնի գեղեցիկ, բարձրահասակ ու թուխ տղամարդ:


 5  Հունաստան


Հունաստանում Նոր Տարին նաև հունական ուղղափառ եկեղեցու հիմնադիրներից մեկի՝ Բարսեղ Կեսարացու փառատոնն է: Մատուցվող ավանդական կերակրատեսակներից մեկը վասիլոպիտան է՝ հայտնի նաև իբրև Բարսեղ Կեսարացու տորթ: Տորթի ներսում դրվում է արծաթե կամ ոսկե մետաղադրամ: Հույները հավատում են, որ ում որ բաժին ընկնի մետաղադրամը, նա առանձնապես հաջողակ կլինի նոր տարում:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել