Psymag.am-ը գրում է.

Հետևյալ էջում քաղաքականությունը դիտարկվում է հոգեբանական տեսանկյունից։ Ինչպիսի մարտավարությամբ պետք է հանդես գա սկսնակ քաղաքական գործիչը մերօրյա պայթյունավտանգ ու անկանխատեսելի քաղաքական դաշտում։ 
Կառուցելով իդեալական քաղաքական գործչի մոդելը հոգեբանական տեսանկյունից` մենք աբստրահվում ենք մի շարք անկանխատեսելի երևույթներից, որոնք այնքան բնորոշ են հայաստանյան դեգրադացման պրոցեսում գտնվող քաղաքական համակարգին։

Մենք ունենք բավականին ճկուն քաղաքական մտքով երիտասարդ լիդերներ ու քաղաքական գործիչներ։ Նրանցից շատերը հոգեբանական մի շարք նրբությունների չեն տիրապետում։ Ահա` ինչումն է խնդիրը։ Ես բոլոր սկսնակ կամ կիսով չափ կայացած քաղաքական գործիչներին եմ առաջարկում մի մոդել, որը հիմնված է քաղաքական խորամանկության, պատմական վերլուծությունների ու հոգեբանական օրինաչափությունների վրա։ Այն կարող է օգտակար ու հետաքրքիր խորհրդատու լինել ոչ միայն քաղաքականությամբ զբաղվող անհատներին, այլ նաև` տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց։ Ինչպես օգտվել այդ մոդելից։ Պարզապես անհրաժեշտ են ամենօրյա հոգեբանական մարզումներ, որոնց մասին մանրամասնորեն կանդրադառնանք ստորև։

Մարդուն սովորաբար մի քանի տարի է պետք խոսել սովորելու համար և մի ամբողջ կյանք` լեզուն ատամների ետևում պահելու համար։ Գործնական կյանքում և քաղաքական դաշտում անհատները պետք է տիրապետեն լռելու և ճիշտ ժամանակին խոսելու արվեստին։ Ինչքան էլ երիտասարդ քաղաքական գործիչն օժտված է հռետորական ընդունակություններով, նա պետք է սովորի ճիշտ պահին արձագանքել և խոսել ավելի քիչ, քան անհրաժեշտ է թվում։ Սովորաբար մենք չենք կարողանում մեզ զսպել և արտահայտում ենք մեր դժգոհությունը, մեր վախերը, զարմանքը, ցասումը, թուլություններն ու ձգտումները։ Ավելի հաճախ մենք սխալվում ենք, երբ փորձում ենք շրջապատին ցույց տալ մեր ինֆորմացվածության աստիճանը, մեր ինտելեկտն ու մտավոր առավելությունները։ Շրջապատը կողջունի Ձեր մտավոր ընդունակությունները և հիացմունքով կլսի Ձեր ելույթները, բայց այն Ձեզ չի ների։ Ձեր մտածելակերպի հանդեպ այդ թվացյալ համակրանքի տակ կարող է թաքնված լինել ատելություն։ Պարանոյայի մեջ խեղդված մեր հասարակությունը ձեր մտավոր կարողությունների դեմոնստրացիայից կարող է վիրավորվել և ատելությամբ լցվել ձեր հանդեպ` համարելով Ձեզ մեծամիտ, մի քանի գիրք ավել կարդացած դուրսպրծուկի։ Առանձին մարդիկ կարող են Ձեր ելույթների մեջ նաև խորամանկություն և տպավորություն ստեղծելու ծարավ տեսնել։ Այդ նույն առանձին մարդիկ Ձեզ կարող են երկերեսանի ու շարքային խաբեբա համարել Ձեր չափից դուրս գեղեցիկ ու ճոխ խոսքի համար։ Բայց Դուք ոչ մի մութ կամ արտասովոր նպատակներ չեք հետապնդում. Դուք պարզապես սիրում եք շատ խոսել ու օգտագործել ճոխ բառեր կամ սիրում եք խոսել ինտելեկտուալ թեմաների շուրջ։ Շատ խոսելու ամենաբացասական հետևանքն էլ այն է, որ Ձեր հակառակորդներն ու թաքնված թշնամիները կարող են օգտագործել Ձեր անմիջականությունը Ձեր իսկ դեմ։ Բանը նրանում է, որ մարդ ինչքան շատ է խոսում, այնքան մեծանում է հիմարություն ասելու հավանականությունը։ Այսինքն` պետք է սահմանափակել խոսելու ու կիսվելու ծարավը, պետք չէ գործածել ճոխ բառեր` այդպիսով բացահայտորեն իրականացնելով բառապաշարի ու ինտելեկտի պրիմիտիվ դեմոնստրացիա, պետք չէ ավելորդ խոսքերով բացել խաղաքարտերը` այդպիսով հարմար թիրախ դառնալով հակառակորդի համար։ Շատախոսությունը թուլության ու միամտության նշան է։ Եթե Դուք սկսնակ քաղաքական գործիչ եք, պաշտոնյա կամ շարքային աշխատակից, որը կարող է խնդիրներ ունենալ իր կոլեկտիվի մյուս աշխատակիցների հետ կամ կա ղեկավարության հետ ճիշտ մարտավարություն ընտրելու խնդիր, ապա Դուք պետք է սովորեք լռել, իսկ խոսելիս աշխատել գործածել շաբլոն բառեր` միևնույն ժամանակ խուսափելով աբստրակտ մտքերից ու ավելորդ ճոխությունից։ Նույնիսկ օգտագործելով շաբլոն բառեր ու լակոնիկ խոսք` Դուք կարող եք հարգանք ներշնչել։ Իհարկե, այստեղ անհրաժեշտ է խոսքում հնարավորինս դիպուկ լինել։ Կարճ խոսքը հզոր զենք է դառնում նաև, երբ կոնկրետ բան չի հուշում զրուցակցին` ստիպելով նրան ընկնել մոլորության մեջ։ Այդպիսի կիսատ ու խորհրդավոր խոսքը հաճախ վախ է ներշնչում. այն կարող է հիշեցնել սֆինքսի նախազգուշացումները։ Օգտագործելով այդպիսի խոսք Դուք մի քանի քայլ առաջ եք հայտնվում բոլորից։ Հիշեցնեմ, որ այս մարտավարություն չի վերաբերվում ընկերական կամ ընտանեկան հարաբերություններին։ Այստեղ այս ոճով անհատն իրեն մատուցում է կոլեկտիվին կամ ավելի գլոբալ վերցրած` հասարակությանը։

Սիրողական հոգեբանությամբ զբաղվողներին էլ է հայտնի, որ մարդիկ վախենում են այն ամենից, ինչը մութ է ու խորհրդավոր։ Երեխան վախենում է գնալ ատամնաբույժի մոտ, քանի որ չգիտի, թե այնտեղ իրեն ինչ է սպասվում։ Վերջին հաշվով` քաղաքականությունն ու իշխանությունը դա տեսանելիի ու անտեսանելիի խաղ է։ Եթե Դուք քիչ եք խոսում, ապա հաստատ ու անխուսափելիորեն ավելի ուժեղ ու խելացի եք թվում մարդկանց։ Ձեր լռությունը շատերին կարող է ստիպել լարվել ու խուճապի մատնվել։ Մարդկանց անհրաժեշտ են բացատրություններ, բացահայտումներ, տեղեկացվածություն հանգստության համար։ Նրանք ուզում են իմանալ, թե Դուք ինչի մասին եք մտածում կամ Ձեզնից ինչ եք ներկայացնում համապատասխան վերաբերմունք ցույց տալու համար։ Շատ մարդիկ բաց գիրք են հիշեցնում իրենց շատախոսությամբ, ուստի նրանց սկսում են շահագործել, նրանց կարծիքի հետ հաշվի չնստել` համարելով նրանց կանխատեսելի և թույլ անձնավորություն։ Իսկ երբ Դուք մանրակրկտորեն հետևում ենք` ինչ թաքցնել և ինչ ցույց տալ, դա արդեն լուրջ ձեռքբերում է հատկապես քաղաքական դաշտում։

Ձեր լռությունը, հստակ ու լակոնիկ պատասխանները կստիպեն Ձեր հակառակորդին կամ համապատասխան մարդու պաշտպանողական դիրք գրավել։ Նա կսկսի զրույցի ընդհատումները լրացնել սեփական մտքերով ու անզգույշ խոսքերով` երևան հանելով իր գաղտնիքներն ու իրական նկրտումները։ Իսկ Ձեր հանդիպումից հետո այդ մարդու մոտ կառաջանա մերկացման զգացմունք, երբ նա սկսի հիշել իր կողմից թույլ տրված ավելորդ արտահայտությունները,որոնք ինքը անզգուշորեն օգտագործել էր Ձեր լռության պահերին։

Վերջերս կարդում էի հայտնի ու սկանդալային նկարիչ Էնդի Ուորֆոլի կենսագրությունը։ Նա նշում է, որ երիտասարդ տարիքում ինքը հասկացել է, որ մարդկանց խոսքերով հնարավոր չէ ստիպել գործել Ձեր ուզածով։ Նրանք ավելի շուտ երես կթեքեն, կհակառակվեն ու կհամառեն, քան կոմպրոմիսների կգնան։ Ու մի անգամ Ուորֆոլն ընկերոջն ասում է. «Ես հասկացել եմ,որ եթե լռես` կարելի է հասնել մեծ իշխանության»։

Եվ Ուորֆոլը հասավ այդպիսի իշխանության։ Նրա հետ  հարցազրույցները մարգարեական ինչ-որ ելույթներ էին հիշեցնում։ Նրա կարճ ու տարօրինակ պատասխաններից հետո լրագրողներին ու արվեստագետներին մնում էր գլուխ կոտրել` Էնդիի հայացքները հասկանալու համար։ Ուորֆոլը հազվադեպ էր խոսում իր կտավների մասին. նա թողնում էր դրանք հասարակության դատին։ Եվ ինչքան քիչ էր Ուորֆոլը խոսում իր աշխատանքների մասին, այնքան մարդիկ ավելի շատ էին սկսում խոսել նրա կտավների մասին։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել