Քաղաքական մեկնաբան

Ինչպես հայտնի գովազդն է ավետում` «տոները մոտենում են», իսկ դա նշանակում է, որ առաջիկայում մեկնարկելու է հայաստանյան տղամարդկանց համար ուտել-խմելու, իսկ կանանց համար` եփել-թափելու մրցավազքը:

Ամանորը առիթ է յուրաքանչյուրի համար` ամփոփելու տարին` իր հաջողություններով ու ձախողումներով` պլանավորելու նոր անելիքներ: Չնայած` տարածված է ասել, որ մանուկներն ու երեխաներն են ամանորին երազանք պահում` նաև ձմեռ պապից լավ նվերի ակնկալիքով, սակայն պետք է խոստովանել, որ մեծահասակներս ևս` իրականություն դարձնելու մեծ մղումով, երազանքներ ենք պահում:
Ես` որպես այս երկրի քաղաքացի, ընտանիքիս բարեկեցության մասին մտածելուց բացի, մտածում եմ նաև իմ հարևանների, ընկերների, հարազատների… մի խոսքով` Հայաստանում իմ կողքին ապրող մի քանի միլիոն մարդկանց բարեկեցության մասին: Ես կարող եմ բարեկեցիկ կյանքով ապրել այն դեպքում, երբ կողքինս նվազագույնը հացի խնդիր չունի, իսկ այսօր ընտանիքիս բարեկեցության մասին երազանքը շատ մշուշոտ է, քանզի շատ բան կախված է ոչ թե ինձանից, այլ մեր երկրից ու երկիրը ղեկավարող իշխանություններից:

Այս տեսանկյունից, ամփոփել անցնող տարին` առանց հաշվի առնելու երկրում տեղի ունեցած իրադարձություններն ու առաջիկայում սպասվող զարգացումները, մի փոքր սխալ կլինի:
Քաղաքական առումով տարին բավականին հագեցած էր` նախագահական ընտրություններ, Երևանի ավագանու ընտրություններ, ինտեգրացիոն տեսանկյունից` ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտ և սեպտեմբերի 3-ի որոշում, որով Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և Եվրասիական միության կազմավորման աշխատանքներին իր մասնակցության մտադրության մասին:

Հայաստանի քաղաքական օրակարգում գտնվող կարևորագույն հարցի` ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների առումով, էական իրադարձություններ գրանցվեցին տարեվերջին, երբ նոյեմբերի 19-ին, մոտ 2 տարի դադարից հետո, կրկին հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Հանդիպմանը հետևած պաշտոնական հայտարարությունները բավականին դրական էին. վերջին շրջանում ակտիվացած պատերազմի սպառանալիքների ֆոնին` նախագահները պայմանավորվեցին շարունակել խաղաղ բանակցային գործընթացը: 

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը, վերջին 2-3 տարում, մի տեսակ, դադար էին վերցրել, սակայն ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, համենայնդեպս, փորձերի ձևով, ցանկացավ ցույց տալ, թե որպես այդպիսին գործընթաց կա ու այն չի սպառել վերակենդանացնելու ներուժը:

Անցնող տարում, Հայաստան այցելեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ ՌԴ-ի նախագահը. այցը հատկապես կարևորվեց ռազմա-քաղաքական ու տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք համաձայնագրերի ստորագրմամբ ու պայմանավորվածությունների ձեռք բերմամբ:

Չնայած տարին ակտիվ էր ներքաղաքական իրադարձություններով` հաշվի առնելով նախագահական ու Երևանու ավագանու ընտրությունները, սակայն ակտիվության առումով հուսադրող չէր իրավիճակը ընդդիմադիր դաշտում: 

Հիմնական ընդդիմադիր ուժերը վերջնականապես վատնեցին իրենց քաղաքական կապիտալը, իսկ խորհրդարան ներթափանցած ՀԱԿ-ում ու «Ժառանգությունում» մասնատման գործընթացներ սկսվեցին: ՀՀՇ-ն վերածվեց ՀԱԿԿ-ի, իսկ 2013 թվականի նախագահական ընտրություններում 37 տոկոս ձայն հավաքած թեկնածուն անորոշ խոստումներից հետո ժամանակավորապես լքեց հանրապետությունը:

Այս իրադարձություններն ուղղակի ու անուղղակի ձևով ազդեցություն են ունենալու 2014 թվականի` նոր ուրվագծվող զարգացումների վրա ու ամանորյա երազանքներ պահելիս` անշուշտ անհրաժեշտություն կլինի հաշվի առնել նաև այս հանգամանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել