vo-vahagnKinoashkharh.am-ը գրում է.

Երևանյան տաք երեկո, խայտաբղետ լույսեր, մարդաշատ փողոցներ… Մոտակա սրճարանի ապակեպատ պատերի դեմ ընդվզում է մի  ռաբիս երգի մզկիթաշունչ կլկլոց: Կանացի կոկորդի խորախորհուրդ անտակությունից հայերենի ձայնավորները, մուղամի ծանրության տակ կոտրտվելով, մազապուրծ դուրս են փախչում: Սրճարանի դուռը երկարաժամկետ բացվում է. ներս են մտնում վեց-յոթ  հաստաբեստ փորերով ու նույնքան հաստաբեստ, ծալ-ծալ պարանոցներով տղամարդիկ: Հենց այդ ժամանակ ռաբիս երգի բառերից մեկի բախտը բերում է` բաց դռան արանքից փրփրած շամպայնի նման հորդում է ու ականջդ լցվում: Նորեկ հաճախորդներին տեսնելով` բեմահարթակին կանգնած կարճփեշ, ուլունքների մեջ շողշողացող երգչուհին երգի նոր տողի առաջին ձայնավորն այնպես է ձգում, որ մինչև Թուրքիա է հասցնում. օգնության է գալիս լայնբերան ժպիտը` ուղղված ծղոտե ճոճաթոռների մեջ մի կերպ տեղավորվող մարմնեղ հաճախորդներին, ու բոհեմական երեկոն  ապահովված է: Պարզ է` հաջորդը երգչուհու  երգացանկի ամենացնցող, այցեքարտային երգն է լինելու`  ՙՊատրոնդաշս կապել եմ՚` ի պատիվ երեկոյի ամենաառատաձեռն ու պատվավոր հյուրերի:

Գարնանային երեկոն տրամադրում է մի քիչ էլ քայլել: Եվս 100-200 մետր` նորից սրճարան: Մեղմ լույսեր, սուրճի  բույր` խառնված ջազի հնչյուններին: Հարվածային գործիքների ռիթմիկ թակոցներ, կոնտրաբասի թավ ելևէջներ ու դաշնամուրի ստեղների  ճապուկ վազքից ծնվող  ջազ: Այս սրճարանում հաճախորդները ցածրաձայն զրուցում են, ծխում ու հպանցիկ նայում երաժիշտներին, իմպրովիզացիաների ժամանակ գլխի ռիթմիկ տարուբերումով ոգևորում են նրանց ու խմիչքով լի գավաթները թեթևակի վեր բարձրացնելով` ցույց տալիս, որ ջազմենների կենացն են խմում: Մի քանի րոպե ևս, և կուլմինացիային հասած ստեղծագործության վերջին հնչյուններն էլ են սպառվում` կտրուկ ու կրակոտ:  Կոնտրաբասն ու հարվածային գործիքների փայտիկները վար են դրվում. դաշնակահար Վահագն Հայրապետյանը վեր է կենում աթոռից ու միանում ընկերներին: Մի բաժակ սուրճ, հյութ. 10 րոպե հանգիստ` ելույթի հաջորդ մասից առաջ:  Համերգային հրավերներով քաղաքից պարբերաբար բացակայող, քաղաքում եղած ժամանակ էլ մշտազբաղ Վահագն Հայրապետյանը  հենց այդ ստեղծագործական դադարն էլ նվիրեց կինոյի մասին զրույցին:

-Կինոն ինչպե՞ս մուտք գործեց Ձեր ստեղծագործական աշխարհ, և որքանո՞վ է կինոերաժշտության ժանրը հետաքրքրում Ձեզ:

- Կինոերաժշտության առաջին առաջարկը շատ հետաքրքիր պատմություն ունի: Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն իր տանը քնած է լինում և արթնանում է ՙՕրոր՚ տեսահոլովակի ձայնից: Հետաքրքրված տեղից վեր է կենում ու մոտենում հեռուստացույցին: Տեսնում է` կինն արդեն էկրանի առջև է: Հովհաննեսը ասում է. «Այս երաժշտությունը պետք է իմ ֆիլմի մեջ հնչի»: Իսկ այդ ժամանակ նրա «Խճճված զուգահեռներ» խաղարկային ֆիլմը համարյա ավարտուն վիճակում էր: Հովհաննեսը, սակայն, տեղյակ չէր` ով է այդ երաժշտության հեղինակը, ովքեր են նվագում: Տեսահոլովակի վերջում կարդում  է` «Կատուներ», երաժշտությունը` Նորայր Քարտաշյանի, ռեժիսոր` Դավիթ Սահակյանց:

Այդպես տեղի ունեցավ մեր համագործակցությունը` առանց նախնական պայմանավորվածության: Մինչ այդ ես ու Հովհաննեսը ծանոթ չենք եղել: Այդ օրվանից կինոերաժշտությունը` որպես ժանր, ինձ հետաքրքրեց, սկսեցի լրջորեն մտածել այդ ուղղությամբ, նոր գաղափարներ սկսեցին ծագել. «Օրորը», փաստորեն, արդեն կար, բայց «Խճճված զուգահեռներ» ֆիլմի համար դա քիչ էր, էլի աշխատանք էր պետք: Եվ իմ «Օվկիանոս»,  «Հայրիկիս», Նորայր Քարտաշյանի «Հայրիկ» ստեղծագործությունները տեղ գտան ֆիլմում` պատկերներին, ֆիլմի գործողություններին շատ համապատասխան ու համահունչ: Ինձ շատ դուր եկավ Հովհաննեսի ֆիլմը: Կարծում եմ` այն աշխարհի համար է. հայի պատմություն է` նկարահանված աշխարհի համար, աշխարհի լեզվով:

Փաստորեն, շատ պատահական եղավ իմ մուտքը կինոաշխարհ:

- Շատ չանցած` Դուք համագործակցության նոր առաջարկ ստացաք: Սա արդեն առաջինի  նման պատահականություն չէր. պաշտոնական առաջարկ Միքայել Պողոսյանից: 

- Առաջին ֆիլմի երաժշտական ձևավորումը շատ սահուն ստացվեց, առանց դժվարությունների, ինչպես ասում են` ինքնիրեն եղավ: Մտածեցի` ինչ լավ է, շատ հեշտ ու հաջող ստացվեց ամեն ինչ, առանց հատուկ ջանքերի երաժշտությունը գտավ իր պատկերը, իր իսկական տեղում ճիշտ հնչեց:  Ինչո՞ւ, ինչպե՞ս. այս հարցերն ավելորդ են. դե հիմա ստացվեց, ի՞նչ անեմ: Պատրաստի, սիրուն բանը հո չե՞ս փորփրի, ինչ է թե պարզես` ինչպես եղավ, որ այդքան սիրուն ստացվեց:

Բայց  Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմում արդեն ուրիշ խնդիր էր դրված, ուրիշ ևʹ ասելիքի, ևʹ թեմայի իմաստով: Իհարկե,  էլի հայկական էր,  բայց ուրիշ: Այստեղ ծնվեց «Խաղաղություն» ստեղծագործությունը, վերածնվեց, վերափոխվեց «Հեռախոսազանգից հետո» մեղեդին և այդ ֆիլմում ուրիշ երանգներ ստացավ, որոնք  ուրիշ դեպքում իմ մտքով անգամ չէին անցնի: Ֆիլմում աղջիկը գալիս է Հայաստան, Վարդավառի տոնն  է. այդ ստեղծագործությունն է հնչում, մեկ այլ պատկեր` վալս են պարում. նորից նույն գործն է հնչում, թեման է նույնը, բայց երանգն է տարբեր: Թեման կարմիր գծի նման անցնում է ամբողջ ֆիլմով:

«Եթե բոլորը» ինձ շատ բան սովորեցրեց. նույն ստեղծագործությունը կարելի է այնպես մշակել ու զարգացնել, որ մի քանի տարբեր տրամադրություններ ունենա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել