Երկար մտածել եմ թե ինչու է Ամանորի հայկական տարբերակի էվոլուցիան այդպես նմանվում մուտացիայի: Ինչու ենք մենք կորցրել Ամանորի մեջ տոնի զգացողությունը: Տոնածառը վերածվել է գործող քաղաքապետի քննադատության թիրախի, ձմեռ պապին անհետաքրքիր պերսոնաժ է, քանի որ երթևեկում է ոչ թե բենթլիով այլ սահնակով, մեր երեխաները ամանորյա հրաշքի փոխարեն ականատես են լինում կերկոխ ու հարբած մեծահասակների ձանձրալի ու միանման կենացներին:
Բուդ, բլինչիկ, ստալիչնի…
Ինչու ենք մենք այս գեղեցիկ տոնի փոխարեն ազգովի մի քանի օրով մեծահարուստ ձևանում: Ում ենք ուզում խաբել… 

1986-87 թվականի ամանորը ընտանիքով դիմավորեցինք Գեղարդի վանքում: Որպես տոնածառ զարդարեցինք վանքի բակի ձախ կողմում գտնվող եղևնին, որը հիմա հսկայական ծառ է դարձել… ես այդ տարի տեսա ամանորյա հրաշքը:
1998-99 թվականի ամանորը դիմավորեցի զինվորական ծառայության մեջ՝ հայ թուրքական սահմանի վրա: Զորամասում թղթախաղի միջոցով որոշեցինք թե ով է սահմանի վրա դիմավորելու ամանորը… Բնականաբար ժամը 12-ին ես Արաքսի ափին էի կալաշնիկովի ավտոմատը ուսիս… այդ տարի իմ հայրենիքի վերջին մետրի վրա տեսա ամանորյա հրաշքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել