Ես իջա մեքենայից եւ տեղնուտեղը զգացի, որ քաղաքի սովորական բնապատկերում ինչ-որ նոր տարր կա։ Մի պահ չէի կարողանում հասկանալ, թե ինչն է փոխվել վաղուց ծանոթ փողոցում, եւ հանկարծ նկատեցի, որ փոքրիկ խանութի վերեւում ոչ թե մեկ բառ է, այլ երկու։ Թափահարեցի գլուխս, բայց բառերը ոչ մի տեղ չանհետացան։ ՄԻՍՏԻԿԱ եւ ԿՈՍՄԵՏԻԿԱ։ Սա ի՞նչ կատակ է։ Տարվա ընթացքում առնվազն 300 անգամ անցել եմ կողքից, եւ երբեք ոչ մի միստիկա այստեղ չի եղել։ Քթիս տակ քմծիծաղելով, մտա խանութ։ Մինչեւ Նոր տարի մնում էր վեց ժամ։ Վաճառասեղանի հետեւում կանգնած էր մի աղջիկ, որը մտքով արդեն տանն էր։ Ոչ մի միստիկական բան չկար ո՛չ նրա արտաքինի, ո՛չ էլ դարակներին ցուցադրված թուրքա-ֆրանսիական օծանելիքի տուփերի մեջ։ Թափանցիկ թեւիկներով ու գնապիտակով հրեշտակի տեսքով մոմը թելով կախված էր նրա թիկունքում։ -Իսկ որտե՞ղ է այստեղ միստիկայի բաժինը։ Սպասում էի վրդովված հայացքի կամ նույնիսկ կոպիտ պատասխանի, բայց ոչինչ չհաջորդեց։ Նրա սիրունիկ դեմքը չփոխվեց, առաջվա պես քնատ էր ու ձանձրացած։ -Այ այնտեղ,- նա գլխով անտարբեր ցույց տվեց անկյունը։ Անկյունում վաճառասեղանն էր, դրա հետեւում՝ շիրմա, իսկ վաճառասեղանին՝ էլեկտրական զանգի կոճակ։ Զանգեցի եւ լսեցի, ավելի ճիշտ՝ զգացի ինչ-որ շարժում ինձ չերեւացող անկյունում։ Կարծես թե նույնիսկ տնքոց լսեցի. ասես ինչ-որ մեկը, ոտքի կանգնելով, նեղություն տվեց իր ծեր ոսկորներին։ Չինական ոսկե ասեղնագործ վիշապներով շիրմայի հետեւից հայտնվեց մի ծերուկ։ -Բարե՜ւ ձեզ, թանկագինս,- երգեցիկ ասաց նա, շփելով փոքրիկ ափերը։ Աչքերն ուշադիր զննում էին ինձ։ -Ցուրտ է այսօր։ Ի՞նչ եք ցանկանում։ -Իսկ դուք այստեղ ի՞նչ եք վաճառում։ -Ցանկությունների իրականացում,- ասաց նա՝ ձանձրույթով լի ձայնով։ Ինչպեսեւ հարեւան բաժնի աղջիկը, նա ոչ մի զարմանալի բան դրանում չէր տեսնում։ Իսկ գուցեեւ նրան արդեն ձանձրացրել էին այդ հարցը տվող մարդիկ։ -Ցանկությունների իրականացո՞ւմ,- քմծիծաղեցի։ -Դե, եւ ի՞նչ ցանկություններ եք այստեղ իրականացնում։ -Ցանկացա՛ծ,- քիչ վիրավորված ձայնով պատասխանեց ծերուկը՝ մոտենալով վաճառասեղանին։ -Ես շատ ցանկություններ ունեմ,-աշխուժացա ես։ -Օրինակ, այսպիսի... -Բայց միայն մեկակա՛ն՝ յուրաքանչյուր մարդուն,- նա առաջ պարզեց նեղլիկ ափը՝ կասեցնելով բառերի հեղեղն ու էժանագին հեգնանքը։ Ափի գծերը խորն էին, եւ դրանք շատ էին։ Բայց ամենից շատ ինձ զարմացրին մատները։ Դրանք բարակ էին ու անհավանական երկար։ Ինչ-որ անմարդկային բան կար ճկուն, սուրուլիկ մատներով այդ մանկական ափի մեջ։ -Տարօրինակ է, իսկ ինչո՞ւ ձեզ նախկինում այստեղ երբեք չեմ տեսել։ Ամբողջ տարի անցել-դարձել եմ այստեղով... -Իսկ չեք տեսել ինձ երբեք այն պատճառով,- առաջվա պես ձանձրացած, բայց նյարդային խրատական նոտայով պատասխանեց ծերունին, -որ կախարդանքը տեղի է ունենում միայն տարվա վերջին օրվա երեկոյան ժամը վեցից մինչեւ յոթը։ Ուրիշ հարցեր ունե՞ք։ Թե՞ բավական է։ Ավելի լավ է շտապեք, մինչեւ փակվելը մնում է ընդամենը տասնհինգ րոպե։ Նա շարունակ շեղում ու շփոթեցնում էր ինձ իր կերպարանքով։ Ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ում է նման։ -Ցանկությո՞ւն, ասում եք,- ես մտքերի մեջ ընկա։ Այ եթե պատկերացնենք, թե տարօրինակ դեմքով այս ծերուկը իսկապես կարող է կատարել իմ բաղձալի ցանկությունը, ապա ի՞նչ կցանկանայի։ Ի՞նչ եմ ուզում։ Այս հարցը փակուղի գցեց ինձ։ Բանն այն է, որ ես, ինչպեսեւ մեծ քաղաքի ու արդի աշխարհի բոլոր բնակիչները, արդեն վաղուց չունեի որեւէ այլ ցանկություն, բացի կենցաղային ու առօրեական բաներից, այսինքն՝ իրականում չունեի ոչ մի ցանկություն։ Քանզի գովազդի ծնած ցանկություններն ամենեւին իմ ցանկությունները չեն, իսկ խանութների ցուցափեղկերին նայելիս առաջացող ցանկությունները կյանքի մանրուքն են, այլ ոչ թե կյանքը։ Բայց ի՞նչ եմ ուզում ես, հենց ես։ Հանեցի գլխարկս ու հասկացա, որ ճակատս քրտինք է պատել։ -Իսկ ուրիշները, նրանք, օրինակ, ի՞նչ են խնդրում ձեզանից, չէի՞ք ասի,- հարցրի ծերունուն՝ կամենալով ժամանակ շահել ու հող ամրապնդել ոտքերիս տակ մի աշխարհում, որը սկսում էր դանդաղ պտտվել իմ շուրջը։ Փոքրիկ խանութի պատուհանները հանկարծ մթնեցին, ասես դրսից սեւ թուղթ սոսնձեցին դրանց։ Նույնիսկ գովազդային լույսերը չքացան։ -Հարստություն, առողջություն, սեր...- հառաչեց ծերուկը՝ մրսած գրկելով իր ուսերն ու ափերով շփելով թեւերը։ Նրա երկարուկ գլուխը փոքր-ինչ հետ էր ընկած, աչքերը սեւեռուն ու տխուր նայում էին դեմքիս։ Հանկարծ տեսա, որ այժմ նրա երկար մատներն ինքնաբերաբար ծալվելով կազմում են այն տարօրինակ պատկերները, որոնք միստիկական մի ուսմունքի գիտակներն անվանում են մուդրաներ ու հաստաներ։ Ծալելով մատները որոշակի ձեւով՝ նրանք ազդում են աշխարհի եւ իրենց սեփական գիտակցության վրա։ -Միշտ նույն բանը։ Համա թե ցո՛ւրտ է այստեղ։ -Իսկ ավելի կոնկրե՞տ։ -Դե, դուք հավանաբար ուզում եք ինչ-որ հետաքրքիր բան լսել,- ասաց նա։ -Իսկ մարդկանց ցանկություններ կատարելն ամենեւին էլ այնքան հետաքրքիր գործ չէ, որքան թվում է ձեզ։ -Եվ այդուհանդե՞րձ։ Ինձ պետք էր գոնե մի քանի ավելորդ րոպե, որպեսզի կողմնորոշվեի, թե ինչպես պահեմ ինձ այսչափ արտասովոր հանգամանքներում։ Իհարկե, այդ ամենը միստիկա եւ զառանցանք է, բայց, մյուս կողմից, ցանկացած միստիկա այս աշխարհում վաղ թե ուշ դառնում է ճշմարտություն։ Բացի դրանից, ինձ թվում էր, որ հավանաբար հիմա կարթնանամ եւ այդժամ ստիպված չեմ լինի որոշում կայացնել։ Անչափ չէի ուզում որոշում ընդունել եւ, բացի այդ, ճիշտն ասած, չգիտեի, թե ինչ եմ ցանկանում։ -Այ, ձեզանից առաջ եկել էր մի բոմժ, ուզում է գալիք տարի դառնալ խոշոր ընկերության սեփականատեր։ Եկել էր երթուղային տաքսու մի վարորդ, խնդրում էր իրեն դարձնել... չեմ ասի, թե ում սիրեկանը։ Այ, մի տղա էլ կար, մոտ տասը տարեկան, պարզապես աղաչում էր, որ Հենրիկ Մխիթարյանի «Շախտյորը» հաջորդ տարի դառնա Չեմպիոնների լիգայի հաղթող... -Կդառնա՞,- հարցրի ամենայն հետաքրքրությամբ։ -Կդառնա «Շախտյորը» հաղթող, մի՛ անհանգստացեք, թանկագինս,- պատասխանեց ծերուկը։ -Խփնվե՞լ եք բոլորդ այդ «Շախտյորի» վրա, ինչ է։ Դե, որոշեցի՞ք ինչ-որ բան։ Ո՞չ։ Անվճռակա՞ն եք, ինչպես միշտ,- նա հոգոց հանեց։ -Լավ, գնացեք, մտածեք մի հինգ րոպե, ծխեք. ծխում եք, չէ՞, մեկ էլ տեսար՝ կարողացաք կենտրոնանալ։ Ուղիղ տասը րոպե՛ ունեք։ Ես հասկացա, որ այս ամենը տարօրինակ ծերունին արդեն տեսել է բազմիցս. թերահավատություն, զարմանք, կասկած, մտքի դանդաղկոտություն, զգացմունքի անաշխուժություն եւ ցանկությունների բացակայություն։ Ես դուրս եկա փողոց։ Գովազդի լույսերը կրկին վերադարձան իրենց տեղը։ Դա նախկին, սովորական փողոցն էր՝ մարդկանց ծանրաշարժ կերպարանքներով, ցուցափեղկերի դեղին ուղղանկյուններով, սրճարանի շեմին արծաթագույն փոքրիկ տոնածառի գույնզգույն լույսերով։ Ի՞նչ ցանկանալ։ Գրողը տանի, ի՞նչ կարելի է ցանկանալ Նոր տարուն։ Ինչպե՞ս թերթերից եւ ինտերնետից հոգումդ լցված ծղոտ ու դարմանից կերտել այն միակ, անաղարտ, լուսավոր, հիասքանչ բանը, որ ցանկանում ես։ Ինքս ինձ հիշեցնում էի մարդու, որը պարտավոր է շնորհավորական բացիկ գրել մտերիմ ընկերոջը եւ չի կարողանում գտնել այլ խոսքեր, բացի ամենածեծված, ուստիեւ ամենաահավոր բարեմաղթանքներից. ցանկանում եմ հարստություն, առողջություն ու հաջողություն։ Եվ ուրիշ ոչի՛նչ։ Այս աշխարհում ես բոլորին ցանկանում էի առողջություն, հարստություն եւ հաջողություն, ինձ նույնպես, բայց այժմ, երբ, ենթադրենք, մեկ քայլի վրա եմ մեն-միակ նվիրական երազանքիս իրականացումից, հանկարծ հասկացա, որ չգիտեմ, թե ինչ եմ ուզում։ Երջանկություն ողջ կյանքո՞ւմ։ Բայց երջանկությունը մի տեսակ չափազանց անորոշ հասկացություն է... գործարք՝ առանց հստակ ուրվագծերի... երջանկության համար նույնպես պետք է բիզնես-ծրագիր կամ գոնե իրականացման գրաֆիկ... Իսկ ի՞նչ կլինի, եթե վերադառնամ երիտասարդ տարիներ։ Բայց վերադառնալով երիտասարդություն, ոչինչ չեմ շահի, քանզի ինձ կրկին կկլանի րոպեների ու տարիների հեղեղը, եւ դարձյալ արագորեն կվերադառնամ ներկայիս տարիքին ու կրկին կընկնեմ այս ցրտաշունչ ժամանակային ծուղակը՝ խանութի ապակե դռների մոտ, որի տանիքի եզրին շարունակում են սպիտակին տալ անհասկանալի տառերը. ԿՈՍՄԵՏԻԿԱ եւ ՄԻՍՏԻԿԱ։ Ես հայացքով տնտղում էի շուրջս, կառչելով անցորդներից պատասխանի որոնումներով եւ տեսնելով, որ նրանք անցնում են զարմանալի ցուցանակի կողքով ու ոչ մի ուշադրություն չեն դարձնում դրան։ Կարմրաշեկ բրդով ու տխուր աչքերով թափառական շունը գլուխը թաթերին դրած պառկած էր սրճարանի մուտքի ձյունոտ ասֆալտին։ Հանկարծ նա բարձրացրեց մռութն ու հորանջեց։ Շան ականջներն էր լցվում քաղաքի միալար դղրդոցը, նրա աչքերը տեսնում էին տարբեր կողմեր շտապող հազարավոր մարդկային ոտքեր։ Բայց նա ինքը մնում էր տեղում, պետք չլինելով ոչ մեկին, անտեր։ Ես մտածեցի, որ շան համար տեր չունենալը մեծագույն դժբախտությունն է... Քարշ գալ փողոցներում եւ ամենուր զգալ լքվածության ու որբության այդ վաղեմի, կպչուն զգացողությունը։ Ունենալ մկաններ ու երախ, կամք եւ բնավորություն, ներսում ունենալ տիրոջը ծառայելու պատրաստ հավատարմություն ու հուսալի ուժ, եւ միաժամանակ իմանալ, որ տեր չունես ու չես էլ ունենա։ Թեեւ տեր ունի, ահա, այն անպետք բոլոնյան շնիկը, որին զբոսանքի են հանում գրկած, եւ այն ծղրտան տաքսան, որ վազվզում է երկար վզափոկով ու կարճլիկ ոտքերով։ Իսկ ի՞նչ կլինի, եթե մեծահոգություն դրսեւորեմ ու երջանկացնեմ շանը։ Այնպես որ չսառի ձյան տակ, այլ պառկած լինի հիմա քաղցր նինջի մեջ փոքր-ինչ մաշված գորգին, զգայուն քթով որսալով տարբեր ախորժալի բուրմունքներ։ Ես ծխում էի՝ արդեն վառելով մատներս։ Կառչել էի այդ Kent-ին՝ փրկարար ծղոտի պես։ Վճիռ դեռեւս չկար։ Մտածում էի, բայց ոչ մի բանի վրա չէի կարողանում կանգ առնել։ Բացի դրանից, չհարցրի ծերուկին գնի մասին։ Ի՞նչ կարժենա հրաշքը, գրո՛ղը տանի։ Տասը տոկոսով թանկ, քան անցած տարի՞։ Հաշվի առնելով ինֆլյացիան։ Ի՞նչ արժե։ Վաճառվո՞ւմ է ապառիկ։ Ես չարացած շպրտեցի քնթուկը, քամին ոչ պակաս չարացած ճանկեց այն եւ, շաղ տալով կայծերը, սուլոցով տարավ դեպի խավար։ Ես նորից մտա խանութ։ Աղջիկը կանգնած էր վաճառասեղանի մոտ՝ վերարկուով։ -Արդեն փա՛կ է,- դժգոհ ասաց նա։ -Իսկ միստիկայի բաժնի ծերո՞ւկը։ -Գնա՛ց։ Ավելի երկար մտածեի՛ք,- արհամարհանքով շպրտեց նա։ Ինչպե՞ս թե գնաց։ Խանութից ոչ ոք դուրս չի՛ եկել։ Բայց ոսկե վիշապներով սեւ շիրման չկար։ Ծերունին գնացել էր՝ նույնիսկ չասելով ինձ գինը։ Նա անհետացել էր ուղիղ մեկ տարով, եւ ես ահավոր հիասթափություն ու հոգեկան դատարկություն զգացի, ասես երեխա լինեի, որը չի գտել տոնածառի տակ իր նվերը։ Իսկ դա միշտ այնտեղ է եղել Ամանորին։ Ես դուրս եկա փողոց ու նայեցի շուրջս։ Ամեն ինչ առաջվա պես էր։ Մի կին մայթն էր անցնում։ Դեռահասները ինչ-որ բան էին պատմում իրար ու քրքջում։ Խանութի ցուցանակը, ինչպեսեւ հարկն է, բաղկացած էր մեկ բառից։ Ոչ մի միստիկա այլեւս չկար, կար միայն մշտական կոսմետիկան։ Կողքիցս ավտոբուս անցավ, եւ ես տեսա խանութի աղջկան, որը տուն էր գնում։ Քամին փչում էր դեմքիս, գլխարկս ավելի ներքեւ ձգեցի։ Ախր ինձ նույնպես սպասում էր տունը՝ տոնածառով ու տոնական սեղանով։ Քիչ առաջ տեղի ունեցած ամենը թվում էր ինձ անցողիկ արթմնի երազ։ Բայց նեղ կզակով ծերուկի երկարուկ դեմքը մտապահել էի պարզորոշ։ Ծերունին կա՛ր։ Նրա անբնական երկար մատները ծալվում էին տարօրինակ պատկերների, եւ դեմքի մանրագույն կնճիռների ցանցն ապրում էր իր ուրույն կյանքով։ Այդ պահին հանկարծ զգացի, որ փողոցում մենակ չեմ։ Շրջվեցի. իմ հետեւից, ձյան վրա թողնելով թաթերի հստակ հետքերը, դանդաղ քայլում էր շիկակարմիր մեծ շունը, որին նկատել էի, երբ դուրս էի եկել խանութից՝ ծխելու։ Շունը տեսավ, որ նայում եմ իրեն ու վազելով մոտեցավ՝ առաջ անցնելով ինձանից, եւ նրա կճատ պոչը զվարթ շարժվեց աջ ու ձախ՝ ողջունելով հենց նոր ձեռք բերած տիրոջը։ «Հայոց Աշխարհ»-ի ամանորյա հեքիաթների բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել