14.08Kinoashkharh.am-ը գրում է.

Դմիտրի Խառատյանի կյանքում չափազանց մեծ և հաճախ վճռորոշ դեր են խաղացել պատահականությունները: Դրանցից մեկը և գուցե ամենակարևորը պատանուն բերեց նկարահանման հրապարակ: Ծանոթ աղջիկներից մեկն առաջարկել էր իրեն ուղեկցել մինչև կինոստուդիա, որտեղ աղջիկը պետք է մասնակցեր Վլադիմիր Մենշովի նոր ֆիլմի կինոփորձերին: Մենշովի ֆիլմում 17-ամյա Խառատյանի առաջին և գլխավոր դերը շրջադարձային եղավ նրա կյանքում ու ինչպես դերասանն է ասում` կինոն դարձավ ճակատագիր, կենսակերպ ու մտածողություն: Հարցին, թե արդյոք նույն պատահականությունների շարքից չէ, որ ՌԴ ժողովրդական արտիստ, 53-ամյա դերասանը, որ համարվում է Ռուսաստանի ամենասիրված ու գեղեցիկ տղամարդկանցից մեկը, հայկական ազգանուն է կրում, Խառատյանն ամենայն պատասխանատվությամբ պատասխանում է. ՙԱյ դա արդեն օրինաչափություն է. թեև մեկ քառորդով հայկական ծագում ունեմ, բայց հայրական գենն իրենն արել է՚: Խառատյանը Հայաստան այցելելու առիթը բաց չի թողնում. իր վերջին հայաստանյան այցի ընթացքում Երևանում քննարկում էր իր նոր նախագծերից մեկի իրականացման հնարավորությունները. պատրաստվում է Հայաստանի մասին մի ֆիլմաշար ստեղծել ռուսական հեռուստաընկերություններից մեկի համար:

-Դուք այնպիսի ոգևորությամբ ու համոզմունքով եք խոսում Ձեր ազգային պատկանելության մասին, որ չեմ կարող չհարցնել` որտեղի՞ց է այդ գիտակցությունը մի մարդու մեջ, որն անգամ կարճ ժամանակով չի ապրել իր պատմական հայրենիքում:

- Բնականաբար` հայրիկիցս. նա, մանկության տարիներից սկսած, ինձ մշտապես պատմում էր իր հայրենիքի` Հայաստանի, հայ ժողովրդի ու իր նախնիների ազգային ավանդույթների մասին: Մենք հաճախ էինք խոսում հայ ժողովրդի դժվար պատմական ճակատագրի, թուրքերի իրականացրած ցեղասպանության մասին, և բնական է, որ ես շատ վաղ տարիքից հարգանք ու պատկառանք էի զգում հայ ժողովրդի հանդեպ: Այլ կերպ չէր էլ կարող լինել, հայերի առջև խոնարհումը դեռ վաղ մանկական տարիքից ներծծվել է իմ մեջ:

- Ճի՞շտ է արդյոք այն պատմությունը, որ անձնագիր ստանալիս անձնագրավարուհին բարեկամաբար, բայց համառորեն Ձեզ խորհորդ է տվել ազգություն բաժնում չգրել հայ:

- Հա, գիտեք շատ զավեշտական պատմություն էր: Բանն այն է, որ դա խնդիր էր ոչ թե իմ, այլ ավելի շատ այդ կնոջ համար, մինչև հիմա հիշում եմ նրա ապշած հայացքը, երբ զուտ սլավոնական արտաքինով այդ տղան պնդում էր, որ ինքը հայ է: Ասեմ ավելին` նա ոչ թե ազգային խտրականություն էր դնում, այլ պարզապես անկեղծորեն զարմացած էր, այնքան, որ ասաց` քեզնից ի՞նչ հայ, դու զտարյուն ռուս ես: Իսկ ես անվրդով ասացի` գիտեք, ես հայ եմ, ուրեմն ազգանունս էլ հայկական է, հայրս հայ է, և ես ուզում եմ, որ իմ անձնագրում գրվի հայ: Նա շարունակեց, թե` քո ինչին է դա պետք, դու ապրում ես Ռուսաստանում, ռուսական արտաքին ունես, իսկ հայկական ազգանունը կարող է ինչ-որ կերպ փոխել քո հետագա ճակատագիրը: Ես էլ պատասխանեցի` կփոխվի, թե ոչ, ես չգիտեմ, գիտեմ միայն, որ հայ եմ, ընդամենը այսքանը: Չեմ կարծում, որ դա ինչ-որ սխրանք է, ես դա արեցի միանգամայն գիտակցելով, թե ինչ եմ անում: Բացի այդ, այն ժամանակ հսկայական Խորհրդային Միությունն էր, չկային ազգամիջյան հակասություններ ու կոնֆլիկտներ: Իհարկե, փոքր-մոքր հակասություններ միշտ էլ եղել են, բայց ոչ այն մակարդակի, որ կան այսօր հետխորհրդային տարածքի երկրներում: Եվ ամենայն անկեղծությամբ եմ ասում` ես երբեք իմ հանդեպ ազգային խտրականություն չեմ զգացել, և այդ ակցիան իմ կողմից իսկապես թելադրված էր բացառապես իմ վերաբերմունքով Հայաստանի հանդեպ:

- Եվ քանի որ ազգային խտրականության մասին խոսեցինք, դարձյալ մի պատմություն է շրջանառվում այն մասին, որ Մառլեն Խուցիևը շատ էր ուզում Ձեզ նկարահանել Պուշկինի դերում, բայց միայն այն պատճառով, որ հայ էիք, խորհրդային Պետկինոյի գեղխորհուրդը Ձեզ չի հաստատել այդ դերում:

- Ոչ, էլի տեղ են գտել չափազանցությունները: Այո, այդպիսի առաջարկ եղել է, Խուցիևն իսկապես շատ ոգևորված էր այդ գաղափարով, նա զարմանալիորեն ինչ-որ հարազատության եզրեր էր տեսել իմ ու մեծ պոետի կերպարի մեջ, բայց նա ինձ չհաստատեց Պուշկինի դերում ոչ այն պատճառով, որ հայ եմ, այլ որովհետև չափազանց երիտասարդ էի` գրեթե պատանի: Այն ժամանակ ես ընդամենը 21 տարեկան էի, իսկ ֆիլմում պետք է խաղայի Պուշկինի ամբողջ կյանքը` երիտասարդությունից մինչև 37 տարեկանը: Մի պաշտոնյա կար` Պավլյուչիկ, որը ՙԳոսկինոյի՚ նախագահի տեղակալն էր: Նա, հանդիպելով Խուցիևին, ասել էր` բավական չէ, որ այդ տղան գրեթե երեխա է, դեռ ազգանունն էլ Խառատյան է, իսկ չէ՞ որ Պուշկինը ռուս պոետ է: Դե Խուցիևն էլ ի պատասխան ասել էր` եթե անկեղծ լինենք, Պուշկինի նախնիները եթովպացիներ են, ու Պուշկինն էլ նույնքան ռուս էր, որքան Խառատյանը` հայ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել