Գուցե և միակ տեղն է կռվադաշտը, ուր ամեն բանից ավելի և ամեն բանից սուր զգացվում է կարիքը բարոյապես ազդելու և իշխելու մտքերի, սրտերի և կամքերի վրա: Կարողանալ բռնակալորեն իշխել հոգիների վրա. ահա՛ ղեկավարի ամենամեծ և ամենաանհրաժեշտ կարողությունը, առանց որի զորանոցն ու մարտադաշտը զինվորներին չի կարող հաղթության մղել: Այն, ինչ որ հաճախ դժվարանում է կատարել արդիական հեռաձիգ թնդանոթը, հեշտությամբ կատարում է ղեկավարի զորավոր խոսքը: Խոսքը՝ երբեմն հրամայող ու իշխող, երբեմն՝ կանչող ու մղող, խոսքը՝ միշտ պատկերավոր ու սեղմ, սրտերին կրակ, բազուկներին թափ, կամքերին մղում տվող խոսքն է իշխելու և վարվելու միակ միջոցը: Եվ որքան զորավոր՝ այնդքան մեծ է նրա հմայքը, այնքան ընդարձակ է նրա տիրապետությունը: Խոսքը՝ դա ինքը ղեկավարն է: Հաղթելու համար քիչ է խելքը, տաղանդը, պետք է զորավոր խոսքը: Առանց զորավոր խոսքի բութ են սրերը, թույլ՝ բազուկները, անվճռական՝ կամքերը: Առանց զորավոր խոսքի չկա իշխանություն հոգիների վրա, իսկ առանց այդ իշխանության՝ չկա հաղթանակ: Մարդկային լեզուն չունի մի հատիկ բառ, որն այս կամ այն կերպ չխազեր կռվում գտնվող զինվորի հոգեբանության վրա: Պետք է գիտենալ՝ ի՞նչ և ինչպե՞ս խոսել զինվորի հետ: Իսկ դրա համար պետք է ծանոթ լինել, եթե այսպես կարելի է ասել, «հոգեկան քիմիայի» օրենքներին: Պետք է բաղադրել կարողանալ որոշ զգացումներ զինվորի մեջ՝ մեր ցանկացած հոգեկան հուզումն առաջացնելու համար: Տպավորություն է գործում, շատ անգամ ոչ թե այն, թե ինչ որ ասում ենք, այլ այն, թե ե՞րբ և որտե՞ղ, ինչպե՛ս ենք ասում: Հայրենապաշտություն, կրոնական մոլեռանդություն, ազատասիրություն, բարի նախանձ և այլն. ահա՛ զինվորական զորավոր խոսքի աղբյուրները: Բարձր հայրենասիրություն: Դա զինվորի սրտի ամենազգայուն լարն է, որի թրթռումներից մեծապես օգտվել են և օգտվում են ղեկավարները: Չկա, չգիտեմ մի պատմական զոհաբերություն, մի մեծագործություն, մի հերոսական թռիչք, որին ընդունակ չլիներ այդ հզոր զգացումը: Դա է անմահացրել Թերմոպիլյան կիրճը, Բուլղարական Շիպկան, Հայկական Սյունիքը: Կրոնական զգացումը հրաշքներ է կատարել անցյալում: «Ձեր առջև արքայությունն է, ձեր հետևը դժոխքը, ընտրեցեք մեկն ու մեկը: Որպես կայծոռիկներ՝ ճառագայթում են պատերազմում ընկած վերքերը: Նրանք կմտնեն Եդեմի գեղեցիկ պարտեզները, և կպառկեն ոսկեթել բարձերի վրա...»: Այսպես էր խոսում արաբի հոգուն ծանոթ ռազմիկ մարգարեն և իր ղեկավարած սպառազեն ամբողը մղում էր դեպի մահ ու նվաճումներ: Նույն հրաշագործ զգացումն էր մղում խաչակիրներին դեպի Հիսուսի գերեզմանը: Գուստաֆ Ադոլֆը ամեն ճակատամարտից առաջ ծունկի էր բերում իր բանակները Տիրոջ առջև: Կրոմվելի զինվորների համար մահը նահատակություն էր հավատքի համար: Նրա բանակներում սպաները կատարում էին քահանայի դեր: Սուվորովի ամենասիրած խոսքն էր՝ «Աստված է մեզ առաջնորդում, նա՛ է մեր զորավարը»: Ազատասիրության կրակով իր մարտիկների սիրտը վառում էր Գարիբալդին: Իսկ Բոնապարտը՝ ծանոթ ֆրանսիացու հոգուն՝ իր զինվորի և զորավարի ոգևորության աղբյուրը դարձնում էր պատվո լեգեոնը: Եթե խոսքդ հայրենիքի մասին է, մի՛ խոսիր, այլ խոսեցրու հայրենիքը: Այս ձևով վարվիր և հերոսների և նահատակների նկատմամբ: Մի խոսիր, այլ խոսեցրու նրանց, խոսիր, զգալով նրանց սրտի զարկը, շունչը, ներկայությունը: Երբ ես խոսում եմ Հայաստանի մասին, խոսքեր չէ, որ փնտրում եմ մտքերս արտահայտելու համար, այլ՝ հայրենիքիս հոգևոր դեմքը, որ՝ նրանով գինովցած սիրահար, կարողանամ սերս, կարոտս, պաշտամունքս փոխանցել լսարանիս: Գիտական դարձվածքներ չի սիրում զինվորը: Հեռո՛ւ դատողություններից: Մի՛ փոլիսոփայիր, մի՛ ապացուցիր, այլ եղիր պատկերավոր և հոգեգրավ: Շատախոսության տեղ չի կռվադաշտը՝ «քիչ խօսէ, շատ ակօսէ»: Խոսի՛ր զինվորիդ սրտի հետ: * * * Բալկանյան պատերազմի ընթացքում ես զգացի զորավոր խոսքի ազդեցության ուժը: Մայր բանակից անջատ՝ բավականին առաջացել էր թեթև զորամասը և երեկոյան դեմ անսպասելիորեն դեմ առել մի անտառապատ լեռան, որի կատարից թշնամին անդադար ռմբակոծում էր մեր դիրքերը: «Մինչև այստեղ և էլ ոչ մի քայլ առաջ»՝ զգացնել էր տալիս հակառակորդը: Դրությունը սպառնում էր դառնալ եղերական մեզ համար: Մայր բանակը շա՜տ էր հեռու, որպեսզի ուժեղացներ մեր գրոհը կամ ապահովեր մեր կանոնավոր և անկորուստ նահանջը: Քիչ հետո թշնամին պիտի պարզեր իր ուժերի քանակը, և անցներ հարձակվողականի՝ մեզ իսպառ ոչնչացնելու համար: Մնում էր խելահեղորեն նետվել առաջ: Դրա համար պետք էր սակավաթիվ զինվորներիս մեջ բորբոքել հարձակվողական ոգին այն աստիճան, որ հարձակվողների համար աննկատելի դառնար հակառակորդի թվական և դիրքային գերազանցությունը: Տեղն ու վայրկյանը պահանջում էին խոսել և թշնամու կրակի տակ խոսեցի զինվորներիս հետ: Դեռ չէի վերջացրել միայն վայրկյաններ տևող խոսքս, երբ որպես կենդանի պատնեշ դիրքերից բարձրացան մարտիկներս և տարերային թափով նետվեցին առաջ: Քիչ անց՝ «768»-ի կատարին վեհորեն ու հաղթական ծածանվում էր մեր եռագույնը, որը հայ զինվորների խիզախ քայլի համար բուլղար զորքերի հրամանատարությունը պիտի զարդարեր քաջության խաչով: *** Վսեմ խոսքի ազատությունից մեծապես օգտվել եմ երկրորդ անգամ, Ղարաքիլիսայի ճակատամարտի նախօրյակին: Հայ զորքը, որի հետ և հայրենի հողից պոկված բազմահազար գաղթականությունը՝ լքելով Կարինից մենչև Ղարաքիլիսա տարածվող հողամասերը՝ եկել թափվել էր Դիլիջան: Դա այլևս զորք չէր, այլ անձրև և անկերպարանք մի զանգված, այլ քայքայված ու բարոյալքված մի անանուն բազմություն: Դա նահանջ չէր, այլ ժողովրդի գաղթ, տեղահանություն, փախուստ իր երկրից: Ընդհանուր շփոթի մեջ, «տեղագրական հայրենասիրությունից» մղված՝ ծնունդ էին առնում համերկրացիական խմբեր և բռնում Երևանի, Ղարաբաղի, Գանձակի ճամբաները: Չկար ծիծաղ, երգ, բարձր խոսակցություն իսկ չկար: Երեկվա չքնաղ ամառանոցը այլևս նմանվում էր մի լուռ գերեզմանատան, ուր հավաքված հուղարկավորողների հսկա բազմությունը՝ ապրելու հույսը թաղելուց հետո, ինքն էլ չգիտեր, թե ինչո՞ւ է շարունակում մնալ այդտեղ: Անհուսություն, շվարանք և սարսափ բոլոր դեմքերի վրա: Երկրի այս դրության մեջ ընդհանուր զորահրամանատարի կայանից տեղեկացնում են, թե զորավար Նազարբեկյանը ցանկանում է տեսնվել Հ.Յ.Դ. Շիրակի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցչի հետ: «Երևանից խնդրում են երեք օրով ևս զբաղեցնել տաճիկ զորքերին և հնարավորություն տալ մեր պատվիրակությանը հաշտություն կնքել տաճիկների հետ: Ես, ինչպես գիտեք,- ասում է ծեր զորավարը,- ես զորք չունեմ: Հերթը ձերն է, կատարեցեք, եթե կարող եք, Երևանի հրամանը»: Մե՜րն է այժմ հերթը: Պետք է վերադառնալ Ղարաքիլիսա, բայց ինչպե՞ս, ի՞նչ ուժերով: Պետք է կամավորներ հավաքել, առնվազն հազար հրացանակիր, այն էլ ժամերի ընթացքում, և դա հոգեբանական մի այնպիսի մթնոլորտում, ուր ամեն ինչ կորած է համարվում: Գիտեի, որ մի բուռ հին զինվորներից զատ ոչ ոք պիտի միանա մեզ, եթե հայտարարեմ, թե ինձ հրամայված է՝ «Հենց այսօր մի թեթև զորամասով վերադառնալ Ղարաքիլիսա, շփման մեջ մտնել թշնամու ուժերի հետ և սպասել օգնական ուժերի»: (Այդպես էր ինձ գրված հրամանգիրը): Գիտեի և այն, թե հարկադրանքի մասին նման պարագաներում խոսք լինել չէր կարող: Կար, մնում էր մի հատիկ միջոց միայն, այն է՝ անվերջ նահանջների ճամբան բռնած հայ զինվորությունը թեքել դեպի թշնամին: Կախարդական խոսքի ազդեցությունն էր այդ հոգեբանական միջոցը: Եվ ես՝ խնդիրն իրագործելու համար դիմեցի այդ միջոցին: Խոսեցի: Ծաղկաձորի եկեղեցու բակում խռնված ժողովրդին էր ուղղված իմ խոսքերը: Պերճախոս չեմ, բայց հանդիսավոր վայրկյանը ինձ այդ օրը մի ժամով դարձրել էր հռետոր: Խոսում էի և դիտում: Խոսքերիս կայծերն ընկնում էին վառոդի մեջ: Հուզում կար, բայց դեռ քիչ էր դա. ուզում էի և կատաղություն տեսնել բազմության շարքերի մեջ: Եվ քիչ անց տեսա, թե ինչպե՞ս կատաղությունից իր բռունցքն էր սեղմում հայ մարդը: Մտադիր էի դեռ շարունակել, երբ բազմության միջից բարձրացան աղաղակներ՝ «Պատրա՜ստ ենք, առաջնորդե՛ք, տարե՛ք, կեցցե՛ կռիվը...»: Այսպես բազմահազար ամբոխի խանդավառ աղաղակների մեջ խեղդվեց իմ վերջին խոսքերը: «Թող հետևի ինձ, ով դեռ չի մեռել բարոյապես»: Քիչ անց՝ հազարի անցնող կամավորներ մի զորամասով ես շարժվում էի դեպի Ղարաքիլիսա տանող ճանապարհով: Մյուս օրը մեզ օգնության պիտի հասնեն նոր ուժեր և տեղի պիտի ունենար այն, ինչ որ կատարվեց Ղարաքիլիսայի և ձորերի մեջ, այսինքն՝ այն, ինչ որ շարժեց անգամ թշնամու հիացումն ու զարմանքը: Այդ փառահեղ ճակատամարտը ինձ մի անգամ ևս համոզեց, թե ամենատկար հոգիների մեջ իսկ կան թաքուն ուժեր, որ պետք է կարողանանք արթնացնել և գործի դնել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել