ԼՂ հիմնախնդրի չկարգավորված լինելու, Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի ու սահմանագծին տեղի ունեցող ակտիվության պայմաններում, բանակում տեղի ունեցող պրոցեսները առավել կարևոր և ընդգծված կարգավիճակ են ստանում:

Ամփոփ անդրադարձ կատարենք ընթացիկ տարում բանակում տեղի ունեցած կարևորագույն գործընթացներին:

1. Թերևս ՊՆ-ի կողմից իրականացված կարևորագույն փոփոխություններից մեկը, որը կյանքի կոչվեց ընթացիկ զորակոչի շրջանակներում, Գլխավոր հավաքակայանից, զորակոչիկների վիճակահանությամբ բաշխման գործընթացն է: Ընդ որում` ամեն ինչ արվել էր այդ գործընթացը առավելագույնս թափանցիկ անցկացնելու համար: Զորակոչիկները խումբ-խումբ մտնում են վիճակահանության սենյակ, որտեղ նրանց ընտանիքների ներկայացուցիչների աչքի առաջ, տեղի էր ունենում այդ պրոցեսը: Յուրաքանչյուրը թափանցիկ տուփից հանում էր ծալված թուղթ, որի մեջ գրված էր այն զորամասի համարը, որտեղ ծառայություն էր իրականացնելու վերոնշյալ զինծառայողը: Եթե հատուկ հանձնաժողովը, հաշվի առնելով նորակոչիկի մասնագիտական գիտելիքները, որոշում է ընդունում վերջինիս տեղափոխել ուսումնական զորամաս, ապա զորակոչիկը իր ընտրած զորամասը մեկնում է ուսումնական զորամասից հետո: Առանձին տուփ հատկացված է արտոնություններ ունեցող զորակոչիկների համար (օրինակ` երկկողմանի ծնողազուրկների դեպքում): Երրորդ տուփը նախատեսված է մասնագիտական պատրաստություն անցած նորակոչիկների համար (վարորդներ, մեխանիկներ և այլն): Այս քայլի նպատակն է` առավելագույն թափանցիկ դարձնել զինծառայողների` զորամասեր տեղաբաշխելու գործընթացը` նվազագույնին հասցնելու կոռուպցիոն ռիսկերը:

2. Հաշվի առնելով սահմանագծին, Ադրբեջանի կողմից հաճախակի թույլ տրվող հրադադարի ռեժիմի խախտումները, որը հիմնականում դրսևորվում է դիվերսիոն գործողությունների, դիպուկահարների ակտիվության կամ ուղղակի ակտիվ կրակահերթերի ձևով (այդ թվում` բնակավայրերի ուղղությամբ), ՊՆ-ն ձեռնամուխ է եղել առաջնագծում ակտիվ ինժեներական աշխատանքների իրականացմամբ (ելնելով գաղտնիության սկզբունքներից՝ դետալային ձևով այդ քայլերը չեն թվարկվում): Իրականացվել են հակադիպուկահարային, հակադիվերսիոն միջոցառումներ, մեծ աշխատանքներ են իրականացվել զինծառայողների` խրամուղում, գետնատնակում ու առհասարակ մարտական հենակետերում գտնվելու ժամանակահատվածում, անվտանգության պահպանման համար: Եթե զինծառայողները չխախտեն համապատասխան անվտանգության կանոնները, որոնք մինչև մարտական դիրքեր մտնելը, պարտադիր ուսումնական ծրագրով ուսուցվում է, ապա հակառակորդի կողմից խոցելիության հավանականությունը կտրուկ նվազեցվել է (գրեթե 0-ի հասցվել):

3. Մարտական դիրքերում վերանայվել է զինծառայողների մարտական հերթապահություն կրելու գրաֆիկը, անձնակազմը ավելացվել է, ինչը հնարավորություն է տվել, ավելացնել զինծառայողների հանգիստը՝ մարտական հերթապահությունը դարձնելով առավել արդյունավետ: Հատուկ ուշադրություն է դարձվում մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումների` մարտական հենակետերում հերթափոխ իրականացնելու գործընթացին: Անվտանգության տեսանկյունից, ՊՆ-ն վերանայել է սահմանագծի մերձակայքով անցնող այն ճանապարհները, որը տեսանելի է հակառակորդի կողմից, աշխատանքներ է տարվում առավել անվտանգ ճանապարհների վերակառուցման ու կառուցման համար, ընդ որում` խոսքը ոչ միայն առաջնագիծ, այլ բնակավայրերը միմյանց կապող ճանապարհների մասին է:

4. Բարելավվել է զորամասերի ու մարտական հենակետերի սոցիալ-կենցաղային պայմանները, ինչն առավել լավ պայմաններ է ստեղծում զինծառայողների սննդի, հանգստի, ազատ ժամանակի անցկացման համար:

5. Աշխատանքներ է տարվել հատկապես առաջին կարգի զորամասերի ենթակառուցվածքների զարգացման, սպայական անձնակազմի համար նախատեսված ժամանակավոր ու հիմնական կացարանների կառուցման համար:

6. Ընթացիկ տարում էապես ավելացվել է զորացրումից հետո, զինծառայողներին` բուհերում տրվող լրացուցիչ անվճար տեղերը, ինչը հնարավորություն է տալիս նախկին զինծառայողներին արտոնյալ պայմաններով ընդունվել ու անվճար սովորել Բարձրագույն ուսումնական հաստատություններում:

7. Մտահոգիչ է մնում բանակում միջանձնային հարաբերությունների պատճառով կորուստների խնդիրը, ինչի նպատակով ՊՆ ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հատկապես զորամասի վաշտային օղակին, քանզի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնդիրը հիմնականում այդ օղակում է լինում: Հատուկ ուշադրություն է դարձվում վաշտի հրամանատարի ընտրության հարցին: Մեկ կարևոր հանգամանք ևս. կարգապահության բարձրացման ու ամրապնդման հարցում կարևորագույն դերը զինվորական ծառայության ընթացքում պատկանում է սպաներին, սակայն չպետք է մոռանալ, որ սպաները շուրջօրյա ծառայություն են կրում, որպես մարդ զերծ չեն թերություններից ու կարող են բացթողումներ ունենալ: Այստեղ խնդիրը այդ բացթողումներն ու թերությունները նվազագույնին հասցնելն է:

8. ՊՆ-ն ընթացիկ տարում ակտիվացրել է աշխատանքները կրթական հաստատությունների ու հատկապես դպրոցների հետ: ՊՆ-ն որպես կանխարգելիչ աշխատանք փողոցային բարքերի դեմ պայքարի ծրագիր է սկսել, որոնք իրականացվում են կրթական հաստատություններում և հատկապես դպրոցներում: Նպատակը` փողոցային բարքերի բանակ մուտք գործման կանխարգելումն է: Սրա շրջանակներում, ոչ միայն համապատասխան որակավորման կուրսեր են անցնում դպրոցներում աշխատող զինղեկները, այլ առհասարակ ուսուցչական կազմը, որի նպատակը տղաների ռազմահայրենասիրական դաստիարկությունն է ու բարոյահոգեբանական առումով զինվորական ծառայության նախապատրաստումը: Ի դեպ, նախարարի նոր ուղերձում ամրագրված կարգախոսներից է. Մեր բանակը` մեր տունն է, մեր ամրոցն է, մեր ամրոցում` մեր օրենքներով: Ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրը, կարևոր չէ, թե քաղաքացիական կյանքում ինչ ձևով է ապրել, պարտավոր է բանակում առաջնորդվել բանակի կանոններով ու դրվածքով:

9. Կարևորագույն հարցերից է պայմանագրային զինծառայության ինստիտուտի լիարժեք կայացումը: Այս համատեքստում, կարևորվում է սերժանտական կազմի համալրումը, որոնք պայմանագրային հիմքունքներով ծառայություն անցնելով ԶՈՒ-ում, նշանակվում են դասակի հրամանատարի տեղակալ, ինչը, որպես օղակ, ուժեղացնում է նաև դասակները: Ընթացիկ տարում ավելացել են այն մարտական հենակետերը, որտեղ մարտական հերթապահություն անցնում են պայմանագրային, փորձառու զինծառայողները: Պայմանագրային գումարտակներն անընդհատ համալրվում են, ինչը հնարավորություն է տալիս փորձառու պայմանագրայինների ներգրավվմամբ, առավել ամրապնդել իրավիճակն առաջնային գծում:

10. Սպառազինության ներկրումն ու բանակը արդիական զինատեսակներով համալրումը շարունակական գործընթաց է, ինչն ակտիվ է եղել այս տարի, առավել կարևոր է նաև Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի կողմից սպառազինության թողարկումը, ինչպես նաև, տեխնիկակական միջոցների` Հայաստանում վերանորոգման ու արդիականացման պրոցեսը: 

 

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել