Tonacar

Մեր օրերում Սբ. Ծննդյան տոնի և Ամանորի անբաժան խորհրդանիշն է տոնական զարդարված տոնածառը, որը սակայն երկար ճանապարհ է անցել` մինչև մեզ հասնելը: Գերմանիային է վերագրվում Սբ. Ծննդյան Տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը 16-րդ դարում, երբ հավատավոր քրիստոնյաները զարդարված ծառերը բերեցին իրենց տները: Ոմանք տոնածառը պատրաստում էին փայտից և զարդարում մշտադալար բույսերով և մոմերով:
Աստիճանաբար տոնածառի ավանդույթը տարածվեց Եվրոպայի տարբեր երկրներում: Անգլիայի Վիկտորիա թագուհու ամուսինը` իշխան Ալբերտը, տոնածառն ավելի նորաձև դարձրեց` 1841թ. անգլիական առաջին տոնածառը Ուինձորի դղյակում զարդարելով մոմերով, զանազան կոնֆետներով, մրգերով և մեղրաբլիթով:
Իհարկե, շուտով անգլիացի այլ հարուստներ հետևեցին նրա օրինակին` զարդարելու նպատակով օգտագործելով զանազան խենթուխելառ իրեր: Չարլզ Դիկենսը նկարագրել է տոնածառ` զարդարված տիկնիկներով, խաղալիք փոքրիկ կահույքով, երաժշտական գործիքներով, հրացաններով և թրերով, մրգով և քաղցրավենիքով:
19-րդ դարի առաջին տասնամյակներում տոնածառերն ընդունված չէին: Տոնածառի առաջին ցուցադրությունը 1830-ական թվականներին կատարեցին Փենսիլվանիայի գերմանացի նորաբնակները: Նրանք ցուցադրեցին մի տոնածառ` տեղի եկեղեցու համար գումար հանգանակելու նպատակով: 1851թ. եկեղեցիներից մեկի բակում տոնածառ դրվեց, սակայն ծխականներն այն համարեցին վերադարձ հեթանոսությանը և եկեղեցու սպասավորին խնդրեցին տոնածառը հանել:
Մինչև 1980-ական թվականները տոնածառի զարդարանքները գալիս էին Գերմանիայից, իսկ ԱՄՆ-ում տոնածառը գնալով ավելի ու ավելի մասսայական էր դառնում: Եվրոպացիներն օգտագործում էին փոքր տոնածառեր` մոտավորապես 4 ֆուտ բարձրությամբ, մինչդեռ ամերիկացիները գերադասում էին հատակից միչև առաստաղ հասնող տոնածառերը: 20-րդ դարի սկզբում ամերիկացիներն իրենց տոնածառերը զարդարում էին հիմնականում տնայնագործ զարդարանքներով, իսկ գերմանական ծագումով ամերիկացիները շարունակում էին օգտագործել խնձոր, ընկուզեղեն և նշակարկանդակ:
Շարաններ էին պատրաստվում մեջընդմեջ դրված վառ գույներով ներկված եգիպտացորենի բոված հատիկներից (ադիբուդի), հատապտուղներից և ընկուզեղենից:
Էլեկտրականությունը նպաստեց, որ լույսերով զարդարված տոնածառերը զարդարվեն աշխույժ գույներով: Դրանից հետո տոնածառերը սկսեցին հայտնվել քաղաքային հրապարակներում: Թե՛ մասնավոր և թե՛ հանրային բոլոր կարևոր շենքերը տոնածառի զարդարումով ազդարարում էին Սբ. Ծննդյան Տոնի սկիզբը:
Վաղ տոնածառերը զարդարվում էին փերիների և բարի հոգիների պատկերներով, թեև եղջյուրները և զանգակներն էլ օգտագործվում էին չար ուժերին վախեցնելու համար: Լեհաստանում տոնածառերը զարդարվում էին հրեշտակներով, սիրամարգերով և այլ թռչուններով, ինչպես նաև շատ աստղերով, Շվեդիայում` վառ գույներով ներկված փայտե խաղալիքներով և կենդանիների ու երեխաների ծղոտե պատկերներով:
Դանիայում տոնածառների վրա կախում էին դանիական փոքրիկ դրոշակներ, զանգակներ, աստղեր, ձյան փաթիլներ և սրտիկներ: Ճապոնիայում քրիստոնյաները նախընտրում էին փոքրիկ հովհարներ և թղթե լապտերինկեր: Լիտվայում տոնածառերը զարդարում էին ծղոտե թռչնավանդակներով, աստղերով և երկրաչափական պատկերներով: Ծղոտը խորհրդանշում էր նոր տարում առատ բերքի մաղթանք: Չեխոսլովակիայում տոնածառերը զարդարում էին ներկված ձվի կճեպից պատրաստված զարդարանքներով:
Ուկրաինայում տոնածառերի վրա կար սարդը և սարդոստայնը` որպես հաջողության խորհրդանիշ: Կա լեգենդ մի աղքատ կնոջ մասին, ով ոչինչ չուներ` զարդարելու իր երեխաների տոնածառը: Սբ. Ծննդյան Տոնի առավոտյան արթնանալով` նա տեսում է, որ ծագող արևն արծաթի է վերածել իրենց տոնածառի` սարդոստայնով պատված ճյուղերը:

Լեգենդներ տոնածառի մասին.

Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան: Դրանցից մեկն անգլիացի վանական Սբ. Բոնիֆացիուսի մասին է, ով քրիստոնեական հավատը տարածել է Ֆրանսիայում և Գերմանիայում: Մի օր շրջելիս նա հանդիպում է հեթանոսների մի խմբի, ովքեր շրջապատած մի հսկա կաղնի` պատրաստվում էին մի մանկան զոհաբերել Թոր աստծուն: Զոհաբերությունը կանխելու և մանկանը փրկելու նպատակով Բոնիֆացիուսը բռունցքի հուժկու հարվածով տապալում է ծառը, որի տեղում իսկույն աճում է մի փոքրիկ եղևնի:
Սուրբը հեթանոսներին հայտնում է, թե այդ փոքրիկ եղևնին Կենաց Ծառն է և խորհրդանշում է Քրիստոսի հավիտենական կյանքը:
Մեկ այլ լեգենդ էլ պատմում է մի աղքատ անտառապահի մասին, ով շատ վաղուց Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին հանդիպում է մի կորած և քաղցած մանկան: Չնայած իր ծայրահեղ աղքատ լինելուն` անտառապահը մանկանն ապահովում է կերակուրով և օթևանով:
Առավոտյան արթնանալով` նա իր դռան մոտ տեսնում է մի գեղեցիկ ու շքեղ տոնածառ: Քաղցած մանուկն իրականում ծպտյալ Քրիստոսն էր: Նա էր դրել տոնածառը` որպես այդ լավ մարդուն փոխհատուցում` իր բարեգործության համար:
Միջնադարում մարդկանց մեծամասնությունը գրագետ չէր և չէր կարող կարդալ, և ներկայացումները վերածվում էին Եվրոպայում Աստվածաշնչի ուսուցման դասերի, որում պատմվում էր մարդու արարման և Ադամի ու Եվայի` Եդեմի պարտեզից արտաքսման մասին, բեմադրվում էր ամեն տարի ձմռանը` դեկտեմբերի 24-ին:
Քանի որ ներկայացման համար պետք էր խնձորենի, իսկ ձմռանն էլ խնձորենին բերք չի տալիս, հարկ եղավ խնձորենին փոխարինել մշտադալար ծառերով և դրանք զարդարել խնձորներով:
Գերմանիայից ծագող մեկ այլ լեգենդ էլ կա սարդերի և սարդոստայնի մասին: Վաղ անցյալում ընտանիքը թույլ էր տալիս, որ իրենց ընտանի կենդանիները Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին մտնեին տուն և տեսնեին տոնածառը: Քանի որ մանուկ Հիսուսը ծնվեց ախոռի մսուրում, մարդիկ մտածում էին, որ կենդանիները ևս պետք է մասնակցեն Սբ. Ծննդյան տոնակատարությանը:
Սակայն սարդերին թույլ չէին տալիս մտնել տուն, քանի որ տանտիրուհիներին դուր չէր գալիս նրանց` ամենուր հյուսած ոստայնը: Իհարկե, սարդերը դրա համար շատ տխուր էին և մի տարի էլ այդ մասին բողոքեցին Քրիստոսին: Նա խղճաց սարդերին և որոշեց ուշ գիշերով նրանց ներս թողնել` տեսնելու տոնածառը: Սարդերին տոնածառը շատ դուր եկավ, և նրանք ողջ գիշերը պտտվեցին նրա ճյուղերի մեջ` հյուսելով իրենց ոստայնը: Սբ. Ծննդյան Տոնի առավոտյան տանտիրուհիները տեսան սարդերի արարքը, սակայն զայրանալու փոխարեն հիացան, որովհետև մանուկ Հիսուսը նրանց հյուսած սարդոստայնը վերածել էր շողշողուն փայլազարդերի:

Տոնածառի զարդարումը. հավերժական ավանդույթ.
Այսօր տոնածառի զարդարանքներ, շողշողուն զարդաշղթաներ և առկայծող լուսաշղթաներ կարելի է գնել առևտրի ցանկացած կենտրոնում: Այն, ինչն անցյալում պարզ ընտանեկան ավանդույթ էր, այժմ վերածվել է բազմամիլիոն արտադրության` տարեցտարի դառնալով ավելի ու ավելի կատարելագործված և մատչելի` գնային առումով: Իսկ ինչպե՞ս է այդ ավանդույթը ձևավորվել և դարձել Սբ. Ծննդյան անբաժան մասը:
Քրիստոնյաների շատ ավանդույթների նման` այդ ավանդույթը առաջացել է հին հռոմեական հավատալիքների և քրիստոնեության տարածման միահյուսման արդյունքում: Վաղ քրիստոնյաները հավատում էին, թե որոշ ծառեր անժամանակ ծաղկում են Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին` որպես Հիսուսի ծննդյան հանդեպ հարգանք և մեծարանք: Այդ հավատալիքով էր պայմանավորված տներն ամանորի առիթով բուսականությամբ զարդարելու հռոմեական ավանդույթը, ինչն էլ դարձել է տոնածառը զարդարելու արդի պատկերացման հիմքը:
Տոնածառերի զարդարումը Եվրոպայում արձանագրվել է 17-րդ դարից ի վեր, սակայն տոնածառի զարդարման առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 1605թ.: Ըստ Ջոն Մեթյուսի գրքի` գերմանացի մի անհայտ քաղաքացի այդ տարի տոնածառը զարդարել էր: Հապա լուսաշղթանե՞րը և բազում փաթեթավորված նվերնե՞րը: Ավելի քան 100 տարի առաջ էր, որ Վիտտենբուրգի համալսարանի պրոֆեսոր Կառլ Գոտֆրիդ Կիսլինգը գրեց տոնածառը մոմերով զարդարելու և դրա բնի շուրջ մանուկների համար փաթեթավորված նվերներ դնելու մասին:
Թեև այդ սովորույթը սկզբնապես դատապարտվեց կրոնական առաջնորդների կողմից, այն Գերմանիայից Նորվեգիայի և Դանիայի միջոցով տարածվեց Ֆինլանդիա: 1841թ. Վիկտորիա թագուհին և իշխան Ալբերտը վավերացրեցին ավանդույթը` արքայական պալատում ցուցադրելով իրենց զարդարուն տոնածառը: Մինչև վաղ 1900-ական թվականները տոնածառի զարդարումն այնքանով էր Սբ. Ծննդյան Տոնի անբաժան մասը, որքանով` Ձմեռ պապը և նվերները:
ԱՄՆ-ի 14-րդ նախագահ Ֆրենքլին Փիրսը ներմուծեց Սպիտակ Տանը Սբ. Ծննդյան տոնածառ զարդարելու ավանդույթը: 1923թ. նախագահ Քելվին Քուլիջն առաջին անգամ կատարեց Սբ. Ծննդյան տոնածառի լույսերը վառելու արարողությունը, որն այժմ տեղի է ունենում ամեն տարի` Սպիտակ Տան դիմացի հովտում: Այժմ, 1966թ. ի վեր, Սբ. Ծննդյան տոնածառի Ազգային Ասոցիացիայի անդամները նվիրում են ամենագեղեցիկ և փարթամ տոնածառը Ամերիկայի առաջին ընտանիքին: Այդ տոնածառն ամեն տարի դրվում է Սպիտակ Տան Կապույտ սենյակում:
Անշուշտ, վաղ տոնածառերն այսօրվա տոնածառերից տարբեր կերպ էին զարդարվում: Վաղ զարդարանքները սովորաբար ձեռքի աշխատանք էին կամ ուտելի: Ամենից շատ տարածված էին ընկուզեղենը, քաղցրավենիքը, մրգերը և գունավոր թղթից պատրաստված զարդարանքները: Այսօրվա տոնածառերը զարդարված են հիմնականում խանութներից գնված զարդարանքներով ու խաղալիքներով և ընտանեկան որոշ մասունքներով, մի քանի շարք լուսաշղթաներով` մոմերի փոխարեն: Սակայն անկախ այն բանից, թե ինչպես է տոնածառը զարդարված, այն խորհրդանշում է ընտանիքների Սբ. Ծննդյան հավիտենական ավանդույթը` միասին հավաքվել, փոխանակել նվերներ և բարեմաղթանքներ, սիրել միմյանց:
* * *
Լեգենդ մշտադալար եղևնու մասին.
Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստվածային նախախնամության անիմանալիություն, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ:
Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մարդկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:
Սբ. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան:
Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը:
Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
- Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, – ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
- Ինձ էլ տարեք ձեզ հետ, – ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
- Ո՞ւր` մեզ հետ, – արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
- Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, – ավելացրեց ձիթենին: – Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
- Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, – ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
Մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.
- Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին:
Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
- Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և թե՛ երեխաները, թե՛ մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Ամանորի խորհրդանիշը
Ամանորի տոնի համաշխարհային ավանդույթում հաճախ են գործածվում ծառեր, ճյուղեր կամ տերևներ` որպես կյանքի հնագույն խորհրդանիշներ: Օրինակ, արմավենու կանաչ ճյուղերը Հին Եգիպտոսում մահվան հանդեպ կյանքի հաղթանակի խորհրդանիշն են, ինչպես կանաչ տերևները` հին հռոմեացիների մոտ Սատուրն աստծուն նվիրված ձմեռային տոնի, ոսկե խնձորներով զարդարված կաղնու ճյուղերը` դրուիդների մոտ ձմեռային արևադարձի տոնի: Սկանդինավյան մշակույթում կա հետաքրքիր ավանդույթ:
Սբ. Ծննդյան տոնին կամ նախօրեին թռչունների համար դուրս են տանում սերմեր կամ հացի փշրանքներ: Դա նախանշան է, որ նոր տարին հաջող կլինի: Բնականաբար, մշտադալար ծառն իր կենսահաստատուն տեսքով առավել է համապատասխանում մահվան հանդեպ կյանքի հաղթանակի գաղափարախոսությանը: Անդրադառնանք դրան և Սբ. Ծննդյան տոնի ծառին:

Եղևնու հայտնվելու պատմությունը
Եվրոպայում Սբ. Ծննդյան տոնի ծառն իր անմիջական նախորդն ունի: Դա փայտե կառույց էր` բուրգի տեսքով, որի վրա կախված էին բուսականություն և զարդարանքներ: Նվերները կամ քաղցրավենիքը դրվում էին բուրգի դարակներին: Մինչև տոնածառի հայտնվելը նման բուրգը Գերմանիայում և Հյուսիսային Եվրոպայում համարվում էր Սբ. Ծննդյան տոնի գլխավոր զարդը:
Սբ. Ծննդյան տոնածառի մասին առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 16-րդ դարին: Օրինակ, 1561 թվականին թվագրված գերմանական աղբյուրում ասվում է, որ Սբ. Ծննդյան տոնին տանը չի կարող լինել մեկից ավելի տոնածառ:
17-րդ դարում արդեն տոնածառը Գերմանիայում և Սկանդինավյան երկրներում դարձավ Սբ. Ծննդյան տոնի առաջին ատրիբուտը: Սբ. Ծննդյան տոնածառն Ամերիկա տարան գերմանացի վերաբնակիչները, ինչպես նաև հանուն անկախության պատերազմին մասնակից վարձկանները:
Ինչո՞վ էին զարդարում տոնածառը: 16-րդ դարում Գերմանիայում տոնածառը զարդարում էին փոքրիկ ֆիգուրներով և գունավոր թղթերից կտրատված ծաղիկներով, խնձորներով, վաֆլիներով, ոսկեզօծ առարկաներով, շաքարով:
Ընդհանրապես, տոնածառը զարդարելու ավանդույթը կապված է դրախտի` խնձորներով զարդարուն ծառի հետ: Տոնածառի հաջողությունը բողոքական երկրներում ավելի մեծ էր` շնորհիվ լեգենդի այն մասին, որ Մարթին Լյութերն առաջինն էր մտածել տոնածառի վրա մոմեր վառել: Մոմերի փոխարեն էլեկտրական լուսաշղթաների կիրառման գաղափարն անգլիացի հեռախոսավար Ռալֆ Մորիսինն է:
Մինչ այդ էլեկտրական լամպերն արդեն կիրառվում էին հեռախոսային բաշխիչ վահանակներում, իսկ Մորիսը մտահղացավ դրանք կախել տոնածառի վրա: Էլեկտրական լուսաշղթաներով առաջին տոնածառերը հայտնվեցին Ֆինլանդիայում 1906 թվականին:
Քանի որ առաջին տոնածառերը զարդարված էին բնական ծաղիկներով և մրգերով, իսկ ավելի ուշ ավելացան քաղցրավենիք, ընկույզ և տոնական մոմեր, ապա նման բեռն անշուշտ ծանր էր ծառի համար: Դրա համար էլ գերմանացի ապակի փչող բանվորները սկսեցին արտադրել սնամեջ ապակե խաղալիքներ տոնածառի համար` փոխարինելու մրգերին և այլ ծանր զարդարանքներին:

Սբ. Ծննդյան տոնածառի պատմությունը Ռուսաստանում
Ռուսաստանում առաջին տոնածառը հայտնվեց 1700 թվականի նախաշեմին: Մայրաքաղաքն այն ժամանակ դեռևս Մոսկվան էր: Պյոտր Մեծի հրամանով գլխավոր հրապարակներում գիշերները կրակ էին վառում ձյութի տակառներում, կազմակերպում էին հրավառություն, տներից գալիս էր ձյութի և եղևնու ճյուղերի հոտ: Պյոտրի դուստրը` Ելիզավետա կայսրուհին, նույնպես սիրում էր պալատում ճոխ տոնածառ դնել, հանդիսություն կազմակերպել:
Իսկ Պետերբուրգի տներում Սբ. Ծննդյան տոնը տոնածառով դիմավորում էին միայն բազմաթիվ արհեստագործ բողոքականները, ովքեր եկել էին Գերմանիայից և տեղավորվել Վասիլևյան կղզում:
Սակայն պետերբուրգան ընտանիքներն էլ աստիճանաբար սկսեցին ընդօրինակել եվրոպական այդ ավանդույթը: Իսկ 19-րդ դարի վերջում այդ ավանդույթը կար արդեն շատ գյուղական տներում:
Հեղափոխությունից հետո ավանդույթը ժամանակավորապես կասեցվեց: Իշխանությունները որոշեցին, որ զարդարված տոնածառը կրոնական Սբ. Ծննդյան տոնի ատրիբուտն ունի, հետևաբար դրա դեմ պետք է պայքարել: Դրա համար էլ տոնածառերը մինչև 1935թ. պաշտոնապես արգելվեցին: Սակայն հետո ավանդույթը կրկին հաղթեց: Իսկ 1947թ. հունվարի 1-ը դարձավ , այսինքն` ոչ-աշխատանքային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել