Հեղափոխությո՞ւն, թե իշխանափոխություն: Շատերի համար դրանց միջև եղած տարբերությունները այնքան էլ գիտակցված չեն, սակայն այդ երկու հասկացություններն ոչ միայն միմյանցից տարբերվում են, այլև ենթադրում են այլ կազմակերպման ձևեր և այլ նպատակներ: 
Շատերի մոտ «հեղափոխությունը» ասոցացվում է զանգվածային բռնությունների հետ, իսկ «իշխանափոխությունը» իշխանության խաղաղ փոփոխության հետ, սակայն այդ պատկերացումները միշտ չէ, որ ճիշտ են:

Հիմա մի կարևոր բովանդակային տարբերության մասին, որը կարող է իր մեջ այսօրվա իրավիճակի պատասխանները պարունակել, ինչում ճնշող մեծամասնությունն այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել: «Իշխանափոխությունը» ենթադրում է իշխանությունը իրականացնող անձերի փոփոխություն, նաև մինչ այդ իրականացված քաղաքական կուրսի որոշակի շտկումներ, սակայն պահպանելով եղած քաղաքական ու սոցիալական հարաբերություններն ու նորմերը: «Հեղափոխությունը» ենթադրում է որոշակի սկզբունքային հարաբերությունների և նորմերի փոփոխություն, որը կարող է ազդել նաև սեփականության ձևերի փոփոխության ու առհասարակ սեփականության վերաբաշխմանը և այլն կորդինալ տրանսֆորմացիաների: 

Ինչի՞ համար եմ այս ամենը գրում: Ուղղակի ցանկացա բացատրել, թե որն է Գազպրոմի պայմանագրի վավերացման հետ կապված մանդատների վայր դնելու և չդնելու խնդրի բուն իմաստը: Մանդատները վայր դնելով՝ այդ ֆրակցիաներն, իհարկե, կորցնում են իրավիճակի վրա ազդելու որոշ լծակներ, սակայն այդ քայլով հայտարարում են, որ չեն ճանաչում գործող իշխանությունն ու գործող հարաբերությունները, դրանից բխող հետևանքներով և գործողություններով հանդերձ, իսկ եթե մանդատները վայր չեն դնում, ապա ճանաչում են այս ամենը, ինչի դեմ պայքարում է հանրության մի հատվածը ու փորձում են սպասել հարմար պահի և իրականացնել իշխանափոխություն: Սա է այս ողջ դիսկուսիայի իմաստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել