Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև դեկտեմբերի 2-ին ստորագրված «գազային» համաձայնագրի վավերացման դեմ հանդես եկող բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը երեկ կոչով դիմեց ԱԺ ոչ իշխանական ուժերին` պահանջելով վայր դնել պատգամավորական մանդատները:

Այս պահանջով հանդես եկող ակտիվիստների հիմնավորումն այն էր, որ եթե ոչ իշխանական ուժերը ի վիճակի չեն կանխելու ԱԺ մեծամասնության կողմից խորհրդարանի օրակարգ մտցվող ոչ ցանկալի նախագծերը, ապա նրանց` խորհրդարանում գտնվելն անիմաստ է դառնում:

Խորհրդարանի առաջ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի, հասարակական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, պարզապես քաղաքացիներ, որոնք համարում էին, որ այս համաձայնագրի ստորագրումը վնաս է հասցնելու Հայաստանի շահերին: Ակցիայի մասնակիցներին միմյանց կապում էր համաձայնագրի վավերացմանը դեմ լինելու հանգամանքը, սակայն պայքարի մարտավարության առումով մոտեցումները շատ ժամանակ տրամագծորեն տարբերվում էին:

Ինչևէ, անդրադառնանք մանդատները վայր դնելու պահանջին. փաստարկն առ այն, որ ոչ իշխանական ուժերը ի վիճակի չեն կանխելու ԱԺ մեծամասնության առաջ քաշած նախագծերը հիմք չէ, որպեսզի ոչ իշխանական ուժերը հրաժեշտ տան մանդատներին:

Խորհրդարանական ընտրություններից հետո՝ լինի դա Հայաստանում, թե, ասենք` Ֆրանսիայում, եթե ընտրությունում հաղթանակ տարած քաղաքական ուժը 50%+1 ձայն չի ունենում խորհրդարանում, ապա առաջին հերթին ձեռնամուխ է լինում որևէ այլ ուժի հետ կոալիցիա կազմելու ու խորհրդարանում 50%+1 ձայնի խնդիրը լուծելու հարցին, ինչը նրան հնարավորություն կտա մեծամասնություն կազմել խորհրդարանում ու իրականացնել սեփական ծրագրերը: Իհարկե, Հայաստանի դեպքում, որպես կանոն, վերջին ընտրություններում բացարձակ մեծամասնություն ունեցող կուսակցությունը, այսպես ասած, գնում է լայն համախմբան ճանապարհով, սակայն դրանից հարցի էությունը չի փոխում:

Ստացվում է, որ այն քաղաքական ուժերը՝ լինեն դրանք Հայաստանում, Ֆրանսիայում կամ Գերմանիայում, որոնք կոալիցիայի մաս չեն կազմում, փոքրամասնություն են կազմում, ինչը չի նշանակում, որ առաջին իսկ պատեհ առիթի դեպքում, որպես քաղաքական ակցիա` հրաժարվեն մանդատներից:

Վերջիվերջո, խորհրդարանում գտնվող ուժերը միմիայն «կոճակ սեղմելու» համար չեն ու խորհրդարանականի աշխատանքը գործունեության առավել լայն սպեկտոր է ներկայացնում` սկսած խորհրդարանի լիագումար նիստում քննարկումներից ու քաղաքական հայտարարություններից, հանձնաժողովի իրականացրած աշխատանքներից, վերջացրած տարբեր միջազգային կառույցներում սեփական երկրի շահերի ներկայացմամբ ու պաշտպանությամբ (հասկանալի է, որ մեր երկրում կան չինովնիկներ, ովքեր իրենց տեղում չեն ու չեն էլ պատկերացնում, թե որտեղ ու ինչի են հայտնվել):

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը չպետք է հրաժարվեն սեփական մանդատներից, հակառակը, պետք է ակտիվացնեն իրենց պայքարը, քանզի մանդատներից զրկվելն ու «վերադարձ փողոցը» ոչ միայն էապես կթուլացնի իշխանության վրա ազդելու նրանց հնարավորությունները, այլև քաղաքական առումով հետ քայլ կարձանագրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել