Եթե այդ չորս ֆրակցիաներն իրենց մանդատները վայր չեն դնում՝ դա նշանակում է, որ ճանաչում են ԱԺ-ի օրինականությունը, որն, ըստ իրենց, հակասահմանադրական որոշում է ընդունել: Ցանկացած այլ նիստի մասնակցությունը նշանակում է, որ իրենք ճանաչում են ԱԺ-ի իրավասությունները որպես այդպիսին և որպես հետևանք նաև կոնկրետ այսօրվա որոշման օրինականությունը: Իսկ եթե վայր են դնում մանդատները, ապա ԱԺ-ն դառնում է մեկ «դաշինքի» խորհրդարան, որն արդեն չունի լեգիտիմություն: «Լեգիտիմությու» նշանակում է հանրային վստահության առկայություն, այսինքն հանրության տարբեր տեսակետները արտահայտող քաղաքական ուժերը ներկայացված են խորհրդարանում: Մեկ տեսակետ արտահայտող քաղաքական ուժի խորհրդարանը, որպես այդպիսին, չի կարող համարվել որպես լիարժեք խորհրդարան: Դա փոխում է քաղաքական իրավիճակը, ինչպես նաև լուրջ խնդրի առաջ է կանգնեցնում նաև Ռուսաստանի համար, քանզի Ռուսաստանին պետք չի նման ձևով ընդունված պայմանագիր, որը ցանկացած պահի կարող է վիճարկվել: Մանդատները վայր դնելով՝ ստեղծվում են շատ լուրջ քաղաքական հիմքեր հետագայում այդ պայմանագիրը վիճարկելու համար: Մյուս կողմից դրանով ավելի է իջեցվում Սերժ Սարգսյանի քաղաքական կարգավիճակը միջազգային հարթակներում: Եթե այդ չորս ֆրակցիաների պատգամավորները իրենց մանդատները վայր չեն դնում, ապա դա նշանակում է, որ նրանք լուծում են ընդամենը իրենց դեմքը փրկելու խնդիր, որն արդեն քաղաքական գործունեություն չի կարող համարվել, այլ ընդամենը անձնական խնդիրների լուծման միջոց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել