Հայ ազգային կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստում կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել ելույթով, որում փորձել է տալ վերջին շրջանում հասարակության շրջանում ակտիվորեն արծարծող հետևյալ հարցի պատասխանը` ինչո՞ւ Հայաստանում «մայդան» տեղի չունեցավ և հայ ժողովուրդն, ի տարբերություն ուկրաինացիների, չընդվզեց եվրոասոցացման պայմանագրից հրաժարվելու և Մաքսային միությանը միանալու որոշման դեմ:

Տեր-Պետրոսյանը ներկայացրել է երեք հիմնական պատճառ: Մանրամասն անդրադարձ չկատարելով առաջին նախագահի կողմից մատնանշվող գործոններին՝ պետք է նշել, որ դա տեղի չունեցավ նախևառաջ այն պատճառով, որ Հայաստանում հիմնական քաղաքական ուժերի միջև ՄՄ-ին անդամակցելու առումով քաղաքական կոնսենսուս կար: Այստեղ, որպես բացառություն, կարելի է առանձնացնել «Ժառանգությանը», որը «Բարևի» շարժման անկումից ու Րաֆֆի Հովհաննիսյանի անորոշ քայլերից հետո կորցրել է իր երբեմնի հեղինակությունը:

Երկրորդ, դժվար է չհամաձայնվել Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, որ Ուկրաինան ու Հայաստանն իրենց նշանակությամբ անհամեմատելի էին Եվրոպայի համար: Նախ, ի սկզբանե, Եվրոպայի համար, «ճակատամարտի հիմնական ուղղությունը» Ուկրաինան էր ու սկզբունքային պայքարը հենց Ուկրաինայի համար էր գնում: Եվ եթե Հայաստանի որոշումը` Մաքսային միությանն անդամակցելու առնչությամբ, Եվրոպայի համար ընկալելի էր փակ սահմանների, պատերազմի վտանգի ու Հարավային Կովկասում Ռուսաստանի` որպես առանցքային խաղացող, ներկայացված լինելու առումով, ապա Ուկրաինայի հարցում իրավիճակը լրիվ այլ էր, ու Եվրոպան իրական հնարավորություն ուներ Ուկրաինան վերջնականորեն պոկելու առումով: Ուկրաինան պոկելու առաջին փորձը Արևմուտքը կատարել էր դեռևս նարնջագույն հեղափոխության ձևով, սակայն հետագայում ԵՄ-ն չկարողացավ պահպանել ու զարգացնել հաջողությունը, և այսօր ստիպված է գործել առավել կտրուկ, ինչը որոշակի առումով նման է «վա բանկ» գնալու:

Երրորդ, նպատակահարմար չեմ համարում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման դեմ հանդես եկողներին դիտարկել բացառապես հակառուսականության հարթությունում: Իհարկե, նման խմբեր կան, որոնք նախևառաջ պայքարում են` ելնելով հակառուսական տրամադրություններից, սակայն պետք է խոստովանել, որ սեպտեմբերի 3-ի որոշումը միայն այդ խմբի մոտ չէ, որ հիասթափության է հանգեցրել:

ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքում նոր հնարավորություն կստեղծեր և’ քաղաքական, և’ տնտեսական առումով, սակայն Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո օրակարգ բարձրացավ այդ համաձայնագրի վերանայման հարցը: Ընդ որում, եթե Հայաստանի հարցում ԵՄ-ն այլընտրանք առաջարկեց, ապա Ուկրաինայի հարցում այլընտրանք չկա:
Առաջին նախագահը նաև նշել է, թե իրենք ի վիճակի էին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 50 000-անոց հանրահավաք անցկացնել, սակայն համոզված չլինելով, որ դրանով նոր քաղաքական գործընթաց է սկսվելու, իրենք այդ քայլին չեն գնացել` առավել խորացնելով ժողովրդի հուսահատությունը:

Միանգամից պետք է նշել, որ այսօր չկա մի քաղաքական ուժ, ով ի վիճակի կլինի 50 հազար մարդ տանել իր հետևից, համոզված եմ, որ այս մասին գիտի նաև Տեր-Պետրոսյանը, քանզի հասարակության շրջանում հիասթափություն կուտակվել է ոչ միայն իշխանության քայլերից բխող հետևանքներից, այլև ընդդիմության պայքարից կամ, ավելի ճիշտ կլիներ ասել, դրա բացակայությունից: Պայքարը շարունակելու ու 50-հազարանոց հանրահավաք անցկացնելու համար ընդիմադիր ուժերը քաղաքական կապիտալ չեն կուտակել, ավելին` վատնել են եղածը, ու այսօր հնչող քաղաքական գնահատականները ավելի շատ օդում արձակված կրակոցներ են հիշեցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել