Իր ռասիստական հայացքներով հայտնի Թուրքիայի Բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին արդարացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դեկտեմբերի 17-ի որոշումը հստակորեն քաղաքական քայլ է, որի թիկունքում դժվար չէ նկատել արեւմտյան հանրակցության կողմից Հայաստանի հանդեպ ձեռնարկվող «նոր խաղի» առաջին ազդանշանները։
Դրա ուղղակի շարունակությունն է Ֆրանսիայում սկիզբ առնող Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի նախապատրաստման ու քննարկման գործընթացը։ Անվիճելի է, որ այս ամենն ակնհայտորեն շաղկապվում է Թուրքիայի արտգործնախարար Ա.Դավութօղլուի երեւանյան այցի եւ հունվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարելիք այցի հետ։ 
Ակնհայտ է, որ սրանով Հայաստանի հանդեպ իրականացվող քաղաքականության համատեքստում ողջ Արեւմուտքի անունից հանդես եկող Ֆրանսիան (որի նախագահը Թուրքիա այցելելուց մի քանի ամիս անց՝ 2014-ի մայիսին պատրաստվում է նաեւ ժամանել Հայաստան), ստեղծում է յուրահատուկ հայ-թուրքական «ռուլետկա»։
Այսինքն, եթե 2014-ի հունվարին Թուրքիան համաձայնի Հայաստանի հանդեպ հստակ ու աներկբա քայլեր ձեռնարկելու՝ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու եւ սահմանները բացելու Արեւմուտքի պահանջին, ապա կխուսափի Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումից, իսկ եթե ոչ, ապա Ֆրանսիան կընդունի համապատասխան օրենք եւ կսատարի մեզ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ 
Հայտնվելով նման վտանգավոր ճոճանակի վրա՝ փորձենք հասկանալ՝ ընդհանրապես ի՞նչ կապ ունեն օրենքը կամ իրավունքը Մարդու իրավունքներրի եվրոպական դատարանի դեկտեմբերի 17-ի որոշման հետ, երբ նրանում նույնպես ստեղծվել են որոշակի «ճոճանակներ»՝ Եվրախորհրդարանի կողմից հավասարապես ճանաչված հրեական Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության միջեւ։ 
Թեկուզ միայն այն, որ Դողու Փերինչեքի հանդեպ 2007 թվականին շվեյցարական դատարանի կայացրած որոշումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է համարվում սոսկ իր «հայկական մասով», այսինքն՝ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը տարանջատվում է հրեական Հոլոքոստից, արդեն իսկ վկայում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տվյալ քայլի եւ «իրավունք» հասկացության արմատական հակադրության մասին։
Եթե Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով մարդկանց տրվում է ազատ արտահայտվելու իրավունք, ապա բնականաբար նրանք կարող են ազատորեն արտահայտվել նաեւ Հոլոքոստի շուրջ։ Ու քանի որ երկու ցեղասպանություններն էլ ճանաչված են Եվրախորհրդարանի կողմից, ապա նրանցից մեկի հերքման քրեականացումն ընդունելու, իսկ մյուսինը՝ մերժելու գործելաոճը ակնհայտորեն որեւէ իրավական հիմք չունի, որովհետեւ դրանով կասկածի տակ է դրվում Եվրախորհրդարանի որոշումը։ 
Այստեղից էլ ակնհայտ հետեւությունը՝ Դ.Փերինչեքի արարքը ոչ թե պատմական փաստի շուրջ ազատ ու անկաշկանդ արտահայտություն է, այլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածի խախտում։ Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եզրակացրել է, թե իբր նա չի խախտել ատելության, անհանդուրժողականության, բռնությունների կոչերի ու գաղափարների համար պատասխանատվություն ենթադրող այդ հոդվածը, քանզի «Փերինչեքը երբեք արհամարհանք չի արտահայտել այդ իրադարձությունների զոհերի հանդեպ»։
Հարց է առաջանում. մի՞թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հայտնի չէ, որ Թուրքիայի Բանվորական կուսակցության ղեկավարը Հայոց ցեղասպանությունը համարում է «իմպերիալիստական սուտ» եւ անգամ պնդում, թե իբր հայերն են կոտորել թուրքերին։ Արդյոք սա արհամարհանք չէ՞ Հայոց ցեղասպանության զոհերի հանդեպ։ Պատասխանն այնքան հստակ է, որ նման մակարդակի դատարանի կայացրած վճռի իրավական հիմնավորվածության բացակայությունը պարզ է անգամ սկսնակ իրավաբանի համար։ 
Այսպիսով եվրոպական կամ արեւմտյան հանրակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման փաստն ու դրա քրեականացման փորձերն իրականում օգտագործում է որպես այդ շարունակվող ողբերգությունը քաղաքականացնելու եւ հայ-թուրքական հարաբերությունների սառույցը կոտրելու յուրահատուկ գործիք։ 
Սա վկայում է, որ Արեւմուտքում հրաշալի տեղյակ են ռուսական հայտնի «ռուլետկա» խաղին, որն ընդօրինակում են հենց նույն Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությանը հակադրվելու համար։ Այո՛, հենց Ռուսաստանի քաղաքականությանը, որը նման «ռուլետկան» հաջողությամբ կիրառել ու հիմա էլ կիրառում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարթության վրա։
Ի վերջո ստացվում է, որ Հայաստանի համար պայքարի թեժացումը հանգեցնում է հայ-թուրքական օրակարգի թարմացմանը Արեւմուտքի կողմից։ Սրանով ժամանակին մեծապես հենց Եվրոպայի ջանքերով ողբերգական հանգրվանի հասած Հայկական հարցը պատմությունից կրկին տեղափոխվում է քաղաքականության ոլորտ՝ Հայաստանին ու Թուրքիային կանգնեցնելով դժվարին երկընտրանքի առջեւ։ Առաջինի համար այն սպառնալիք է դառնում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, իսկ երկրորդի համար՝ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարի տեսանկյունից։
Կարծում ենք՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում անխուսափելի է դառնում հայ-թուրքական շփումների նոր աշխուժացումը առանց նախապայմանների երկխոսության որեւէ փոխզիջումային հարթակ գտնելու համար։ Նույն ժամանակամիջոցում անխուսափելի արագացումներ են արձանագրվելու նաեւ Մաքսային միություն Հայաստանի մուտք գործելու գործընթացում, քանի որ հայ-թուրքական դիմակայության սառույցի կոտրվելու հեռանկարը ստիպելու է օր առաջ հանգուցալուծել այն բոլոր խոչընդոտները, որոնք այսօր կանգնած են այդ ճանապարհին։ 
Ստեղծված պայմաններում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ նրա ժխտումը քրեականացնելու առաջադրանքները եւ միաժամանակ Մաքսային միություն Հայաստանի մուտք գործելու գործընթացը մեկ «անոթի» մեջ տեղավորելու համար հայ դիվանագիտությանը հարկ է լինելու բազմապատկել իր ջանքերը եւ իրականացնել որոշակի դերաբաշխումներ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների հայկական կազմակերպությունների հետ։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել