Քաղաքական մեկնաբան

Տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր Հայաստան, Ադրբեջան և Արցախ կատարած այցերի մասին իրազեկումից բացի, անդրադարձել են նաև դեկտեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում դիպուկահար կրակից հայ զինծառայողի զոհվելու փաստին:

Որպես կանոն, համանախագահները նման միջադեպերին անդրադառնալուց խուսափում են կտրուկ մեկնաբանություններից: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոյեմբերի 19-ին Վիեննայում, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո բավականին դրական ֆոն է ստեղծվել, սպասելի էր, որ այս հայտարարությունում ևս համանախագահները «կպահպանեին ստանդարտները»:

Համանախագահներն ընդգծել են, որ սահմանագծում տեղի ունեցող միջադեպերը «խաթարում են խաղաղության հեռանկարները», կոչ անելով կողմերին` զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են նպաստել լարվածության աճին և բացասական ազդեցություն ունենալ համապատասխան մթնոլորտի ձևավորման հարցում:

Այդուհանդերձ, համանախագահները անուղղակի ձևով հասկացնում են, որ Ադրբեջանի գործողությունները կարող են բացասական հետևանքներ ունենալ վերջին շրջանում ակտիվացող բանակցությունների վրա` վերջինիս կոչ անելով զերծ մնալ նման քայլերից:

Օրեր առաջ, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը նշել էր, որ իր թիմն աշխատում է ռազմական միջադեպերի հետաքննության հնարավոր մեխանիզմների մշակման ուղղությամբ:

Ադրբեջանը մինչ այժմ մերժել էր համանախագահների` ավելի վաղ արված առաջարկը` դիպուկահարներին առաջնագծից դուրս բերելու ու շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ, իսկ Կասպրշիկի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ նրա թիմը նմանատիպ այլ` նոր փաթեթ է մշակում, որի նպատակը առաջնագծում լարվածության նվազեցումն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել