Արզամասում կրքերը չեն հանդարտվում, ու արդեն 15 հայ ընտանիք վաճառել է իր ունեցվածքը ու հեռացել քաղաքից, որովհետև հակահայկական տրամադրությունները շարունակվում են: Սա այն բացառիկ դեպքերից է, որ չի կարելի ողջ մեղքը բարդել ռուս նացիոնալիստների ու նեոնացիստների վրա, որովհետև ի սկզբանե կոնֆլիկտը հրահրել են հայերը, իսկ դատելով համաքաղաքային լայն արձագանքից, Ալեքսանդր Սլակաևի սպանությունը դարձել է վերջին կաթիլը՝ ռուսների համբերության բաժակում:
Սա խոսում է այն մասին, որ այս միջադեպը բնավ էլ միակը չէր, այն թերևս առաջինն էր, որ մարդկային կյանք է խլել, բայց այն դարձել էր ռուսներին գազազեցնող բազմաթիվ արարքների շղթայի վերջին օղակը: Հետևությունը այս ամենից պետք է լինի ոչ թե վայ-վույներ ու հարայ-հուրույներ, այլ կիրառական ու օգտակար եզրահանգումներ:
Մասնավորապես, Արզամասի դեպքերը պետք է դաս դառնան Ռուսաստանի տարբեր քաղաքներում առկա հայկական համայնքների համար, որպեսզի ավելի արդյունավետ աշխատանք վարվի համայնքի առանձին ներկայացուցիչների հետ, որպեսզի մարդկանց բացատրվի, որ սեփական ուստավով օտարի մենաստան չեն մտնում, որպեսզի ոմանց բութ գլուխները մտցվի, որ օտարությունում դու մենակ քեզ չես ներկայացնում, այլ մի ամբողջ ժողովրդի, և եթե մի ինչ-որ պատուհաս ես բերում ուրիշի գլխին, այն բումերանգի նման կարող է հետ գալ ու խփել ոչ միայն քեզ, այլև քո հետ ոչ մի կապ չունեցող հայրենակիցներիդ էլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել