Ես երբեք չեմ նկատի քո ասած միտքը, որի հետ համաձայն եմ: Չեմ նկատի, որ մի որոշ ժամանակ հետո կրկնեմ քեզ ու ինքս ինձ գոնե խաբեմ, համոզեմ, որ դա ես եմ, որ դա կրկնել չէ, որ դու չկաս, որ չես ազդում ինձ վրա։

Ես չհասկանալու կտամ քո ասած միտքը, որովհետեւ քեզ չեմ ճանաչում։ Ու քանի որ չեմ ճանաչում, ուրեմն երեւի թե հիմար ես, ուրեմն կարող եմ բացատրել քեզ իմ մտքերը, որը դու ես գրել, բայց ուրիշ բառերով․․․ Բայց ո՞նց կարող ես դու գրել իմ մտքերը, երբ ես չգիտեմ քեզ ու արդեն հիմար եմ համարում։ Չէ՛, հաստատ չես հասկացել. չէ՞ որ դու հիմար ես։

Ես ենթադրել եմ, որ դու հիմար ես, որովհետեւ բոլորը հիմար են։ Իսկ հիմա, մտքերդ որպես հիմարություն եմ մեկնաբանում, որովհետեւ դու հիմար ես, իսկ հիմար մարդիկ դժվար թե խելացի միտք ասեն։ Ուրեմն եթե նույնիսկ այս պահին ասածիդ հետ համաձայն եմ, հաստատ դու չես հասկացել, թե ինչ ես ասել, հաստատ մենք նույն բանը նկատի չունենք։ Ուրեմն ես պիտի բացատրեմ քեզ քո միտքը։ Բացատրեմ, ու ապացուցեմ, որ դու սխալ ես։

Ես մեծահոգաբար կլռեմ քո ասած մտքերի տակ, որ հետո, հետո մի օր ես ասեմ նույնը։

Ես կանտեսեմ քեզ, որ դառնամ դու։ Կանտեսեմ քեզ, բայց ուշի ուշով կհետեւմ քեզ, ամեն քայլիցդ տեղյակ կլինեմ, որ մի օր, երբ մարդիկ մոռանան քեզ, ես դառնամ դու֊ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել