Երիտասա՞րդ ես, կյանքով ու էներգիայով լի՞, նո՞ր ես ավարտում համալսարանը, կամ արդեն ավարտե՞լ ես, չունե՞ս հարուստ ծանոթներ, բայց ցանականում ես աշխատե՞լ. Շտապեմ հիասթափեցնել՝ Քեզ մոտ ոչինչ էլ չի ստացվի: Բարի գալուստ հայկական իրականություն: 
Եթե աշխատանքը թռչուն կամ բույս լիներ, հաստատ հայկական կարմիր գրքում էր լինելու: Եվ այն պարզ պատճառով, որ այն պարզապես չկա: Վաղուց վերացել է այս երկրից: Փոխարենը կա աշխատանք գտնելու հույսով լցված երիտաարդների տասնյակ հազարների հասնող բանակ և այդ հույսը բիզնես շահին ծառայեցնող, որպես կանոն այդ հույսը չարաշահող, սնկի պես աճող աշխատանքի տեղավորման գործակալություններ
Այս Ձոնը հենց նրանց եմ նվիրելու: Կառույցների, որոնք ամեն ստորության գնում են մարդկանցից դրամ շորթելու ու նրանց մոլորեցնելու համար: Մարդկանցից գումար են վերցնում մի ծառայության համար, որը մատուցել չեն պատրաստվում: Ծիծաղելի է, որ պատկան մարմինները բնավ էլ չեն խորանում նրանց աշխատանքային խոհանոցի մեջ: Օրինավոր հարկատուի կարգավիճակը լրիվ բավարարում է ՀՀ իշխանություններին չխոչնդոտել վերջիններիս գործունեությանը: 
Այնպես էր ստացվել, որ մի քանի ամիս աշխատանք էի փնտրում ու հասցրեցի ոտից գլուխ թաթախվել այն կեղտի մեջ, որն իրեն անվանում է հայկական աշխատաշուկա: Մեկը մյուսից գայթակղիչ հայտարարություններ եմ կարդում ՝ պահանջվում է տնօրեն, մենեջեր, գանձապահ… Աշխատանքներ, որոնց համար 250.000 դրամից պակաս աշխատավարձ չէին առաջակում: Իսկ պահանջնե՞րը … պահանջները չափից ավելի համեստ էին՝ բարձրագույն կրթություն և 22-ից բարձր տարիք: Սրանից հետո այլ բան չի մնում քան վերցնել հեռախոսն ու զանգահարել ու ասել, ես ուզում եմ աշխատել, ես համաձայն եմ, գալիս եմ… Դողդողացող ձեռքերով զանգահարում ես և ի՞նչ: Քեզ պատասխանում է մի աղջիկ, որը ներկայանում է ինչ-որ աշխատանքի տեղավորման գործակալության աշխատակից: Նա քեզ բացի այդ աշխատանքից ևս 5 գայթակղիչ աշխատանքի առաջարկ է անում և հրավիրում գրասենյակ: Ապա խնդրում է վճարել 2000-4000 դրամ սահմանված վճարը և սպասել: 
Դու հո 4000 դրամի պատճառով չե՞ս զրկվելու կյանքիդ ամնեագայթակղիչ առաջակից: Բնականաբար վճարում ես ու սպասում: Սպասում ես մի շաբաթ, երկու , երեք, չորս... վերջում նյարդերդ տեղի են տալիս ու զանգահարում ես նորից: Հեռախոսը վերցնում է նույն բարեհունչ ձայնով աղջիկը, ինչ- որ ստահոդ պատճառաբանություն ներկայացնում և խնդրում կրկին ներկայանալ գրասենյակ վճարում կատարելու…
Հարցը բնավ էլ այդ մի քանի հազար դրամը չէ, այլ այն հույսերը, այն պլանները, այն երազանքները, որ կապում ես այդ գործակալության հետ: Սապսում ես, երզազելով սպասում բաղձալի օրվան, երբ քեզ գործ կառաջարկեն: Բայց քեզ չեն զանգում: Քեզ կոտրված ես զգում, զգում ես անպետք ու անարժան մեկը, քեզ խաբված ու անտեսված ես զգում: Իսկ մի քանի ամիս տևող ապրումներդ ընդամենը 4000 դրամ արժեն, որոնք երեկոյան ինչ-որ մեկի սրճարանի հաշիվն են փակելու:
Այդ պահին հասկանում ես, որ շուկայական տնտեսությունը, մրցակցայնի հարաբերույթւոնները, որ կարդացել ես տնտեսագիտության գրքերումդ կապ չունեն այս երկրի հետ: Սա ծանոթի երկիր է: Երկիր, որտեղ քո խելքն ու եռանդը առանց ծանոթի գրոշ անգամ չարժի: Երկիր, որտեղ անարժանը քեզ վերևից է նայում, երկիր, որտեղ երկիրդ քեզ վրա թքած ունի…

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել