Քաղաքական մեկնաբան

ԵԱՀԿ Մինսկի խմբի` դեռևս նոյեմբերի 5-ին տարածաշրջան կատարած այցի շրջանակներում, կողմերի հետ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ շփման գծում առավելագույնը զերծ մնալ ակտիվ գործողություններից` խստորեն պահպանելով հրադադարի ռեժիմը: Դրանից զատ, պայմանավորվածություն կար, երկուստեք պաշտոնական հայտարարություններում խուսափել այնպիսի արտահայտությունների գործածումից, ինչը կարող էր պրոցեսում լրացուցիչ լարվածություն մտցնել:

Այդ ընթացքում, ադրբեջանական կողմը, առաջնագծում կտրուկ փոփոխություն կատարեց մարտավարությունում: Բացի նրանից, որ վերջիններս առաջնագծում, հայկական դիրքերի ուղղությամբ անկանոն կրակ էին իրականացնում, ադրբեջանցի զինծառայողներն իրենց գործողություններով փորձում էին հունից հանել հայ դիրքապահներին:
Մասնավորապես, վերջիններս հայերեն լեզվով հայհոյանքներ են հնչեցնում զինծառայողների հասցեին, բարձրանում խրամուղու կամ գետնատնակի վրա` հնարավորինս տեսանելի լինելու հայ դիրքապահների համար, սակայն հատկապես համանախագահների հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, հայկական կողմը անում էր առավելագույնը` տեղի չտալու սադրանքներին:

Համանախագահների առաջնային նպատակը, երկարատև` մոտ 2 տարի տևած դադարից հետո, նախագահների միջև հանդիպման կազմակերպումն էր ու այնպիսի մթնոլորտի ստեղծումը, ինչը թույլ կտար առավել բարենպաստ մթնոլորտում, փոխվստահության պայմաններում շարունակել բանակցությունները:
Վիեննայում, նոյեմբերի 19-ին, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, իսկ ավելի ուշ` դեկտեմբերի 5-ին, ԱԳ նախարարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումներից հետո, երկու կողմերն էլ հանդիպման ու դրա արդյունքների վերաբերյալ դրական արձագանքներ հնչեցրեցին, ինչը համանախագահներին առիթ տվեց պնդելու, թե կողմերը պատրաստակամ են առավել հաճախակի հանդիպումների անցկացմանն ու առավել առարկայական խնդիրների քննարկմանը:

Ամեն դեպքում, Ադրբեջանից եկող արձագանքներից կարելի էր ենթադրել, որ ադրբեջանցի պաշտոնյաները, գոնե հրապարակային հայտարարություններում, փորձում էին ցույց տալ, թե կա գիտակցումն այն բանի, որ բանակցությունների շարունակումն անհրաժեշտություն է, իսկ դրա արդյունավետ ընթացքի կարևորագույն գործոնը` նվազագույնը, կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծումն էր:

Առաջնագծում ադրբեջանցի դիպուկահարների կամ դիվերսիոն խմբերի ակտիվ գործողությունները նոր երևույթ չեն, սակայն նոյեմբերի 14-ին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից, հայ դիրքապահին խոցելու փաստն առաջինն էր նախագահների` Վիեննայում կայացած հանդիպումից հետո: Ընդ որում` միջադեպը գրանցվեց համանախագահների` տարածաշրջան կատարելիք այցի նախօրյակին:

Ինչն է պատճառը, որ վերջին շրջանում, բանակցային գործընթացում նկատվող ակտիվացման ֆոնին, Ադրբեջանը կրկին սրում է իրավիճակը: Պատճառները կարող են տարբեր լինել, փորձենք թվարկել դրանցից մի քանիսը. առաջին, Ադրբեջանում կարծում են, որ հրադադրի ռեժիմի ամրապնդումն ու բանակցությունների` կառուցողական հարթությունում ընթանալը հակասում է իրենց շահերին ու այդ ճանապարհին փորձում են լրացուցիչ լարվածություն մտցնել պրոցեսում: Երկրորդ, բանակում անվերահսկելի իրավիճակ է, ինչը անկախ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կամքից, անկանխատեսելի միջադեպերի է հանգեցնում:

Ամեն դեպքում, անկախ այն հանգամանքից, թե ինչ պատճառով է այս միջադեպը գրանցվել, պետք է փաստել, որ այն հարված էր գործընթացին, ինչը լրացուցիչ լարվածության կհանգեցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել