Գալիս է մի պահ, երբ հայացք ես ձգում հետ, արժեվորում, գնահատում ու հաճախ նաև վերապրում ես այն ամենը, ինչն արդեն երբեք ետ չես բարի, բայց հիշողության մի անկյունում կշարունակես փայփայել այն ակնթարթները, որոնք միշտ կմնան հիշողության մեջ և ամեն անգամ դրանք վերհիշելիս կզգաս նույն սրտի թրթիռը: Թվում է` անցյալը չի եղել  և մեծ իմաստով այդպես է: Այս ակնթարթը  եթե դառնա անցյալ, ուրեմն այն արդեն չկա, կա միայն նրա «հոգին»` ակնթարթից մնացած հիշողությունը: Անցյալը սկսվում է կառուցվել այդ ակնթարթներից, և որքան ակնթարթը վառ է ու գունեղ, այնքան հիշողությունը վերապրելիս զգացողությունն ավելի ուժեղ է լինում: 
 Թանկ հիշողությունները, բնականաբար, կապված են առավել հարազատ մարդկանց հետ ու էլ ավելի թանկ են դառնում, երբ նրանք այլևս մեզ հետ չեն լինում:  Սակայն ամեն մի ակնթարթը գուցե չդառնա հիշողություն, առավել ևս թանկ, եթե մենք այդ չենք ցանկանում: Հաճախ ոչ թե չենք հասկանում, այլ չենք գիտակցում, որ ակնթարթը կավարտվի,  պահն անվերադարձ հեռու կգնա ու անցյալ դառնալով, իր հետ գուցե տանի նաև ակնթարթի «հոգին»` ոչ մի հուշ չթողնելով: Այդպես լինում է, երբ մենք կորցնում են ժամանակի արժեքն ու մոռանում, որ պետք է ապրել այս մեկ ակնթարթով, քանի որ անսահման ժամանակի մեջ միայն այս ակնթարթն է, որ կա քո ձեռքում, այն ակնթարթը, որ կդառանա անցյալ, բայց կծնի ապագա:
 Գնահատել անցյալի հուշերը՝ չի նշանակում ապրել անցյալով: Մարդու ամենամեծ կարողությունը անցյալից փորձ կուտակելն է, անցյալի զգացողություններն ու հույզերը հիշողության վերածելն ու այս ակնթարթի միջոցով ապագան կերտելն է:
 Տարին մոտենում է ավարտին, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր, կամա, թե ակամա, դարձել են իմ լավ հիշողությունների մի մասը: Ես շնորհակալ եմ ձեզ, որ  դուք կաք ու իմ կողքին եք: Առանց ձեզ որքա՜ն հույզեր «անհոգի» կմնային...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել